«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2012-12-06 | #219, 2012-12-07 | #220, 2012-12-08


Ի՞ՆՉ «ԿԱՄՔ ՈՒՆԻ» ԱԴՐԲԵՋԱՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ըստ երեւույթին, պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական «դոկտրինը», որ կառուցված է «սպառազինությունների մրցավազքի միջոցով Հայաստանին ծնկի բերելու, իսկ միջազգային իրավիճակի «բարենպաստ կոնյունկտուրայի» դեպքում նաեւ դիմելու «օկուպացված տարածքների ազատագրման» գործողությունների» մասին «կանխատեսումների» վրա, գոնե տեսանելի ապագայի կտրվածքում, այսպես ասած, «գործիքավորվելու» հեռանկար չունի: Պատճառների մանրամասնությանը չտրվենք: Բայց հիմնականը շրջանցել չենք կարող:

Նախագահական ընտրարշավի մեկնարկը Բաքվում տրվեց «Ենի Ազարբայջան»-ի հայտարարությամբ: Ու թեեւ որոշ մեկնաբաններ տարակուսանք հայտնեցին, թե ինչո՞ւ Իլհամ Ալիեւը կուսակցության 20-ամյակի հանդիսություններին չհստակեցրեց երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրությունը, գրեթե ակնհայտ է, որ 2013-ի հոկտեմբերին նա «կվերընտրվի»: Վստահաբար կարող ենք պնդել, որ ներկայիս Ադրբեջանը պարզապես այլ ընտրություն չունի, քան «միահամուռ քվեարկությամբ» լեգիտիմացնելու իշխող վարչախմբի` եւս մի քանի տասնամյակ հանրապետությունը «հաղթանակից` հաղթանակ տանելու պատմական առաքելությունը»:

Ալիեւյան կլանի վերարտադրությունը կարող է ձախողվել միայն երկու դեպքում` սոցիալական բունտի կամ պատերազմի: Առաջինը թերեւս պետք է բացառել: Նախ, Ադրբեջանում չկա ինստիտուցիոնալացած ընդդիմություն, որ զանգվածներին կարող է տանել «հեղափոխության», եւ իշխանությունները տոտալ վերահսկողության տակ են պահում հանրային կյանքը, երկրորդ` վարչախումբը նավթադոլարներից երբեմն բաժին է հանում նաեւ հպատակներին` աշխատավարձի, թոշակների, սոցիալական նպաստների բարձրացման կամ ենթակառուցվածքների նորացման տեսքով:

Այդուհանդերձ, ադրբեջանական հասարակությունը դեռեւս կոնսոլիդացված չէ այն աստիճան կամ ֆաշիստականացած չէ, որ վարչախումբը, ավելի ստույգ` Իլհամ Ալիեւը իրեն թույլ տա պատերազմով փորձարկել սեփական «անփոխարինելիությունը»: Կարծիքները, որ «Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե համոզված լինի, որ ուժեղ է», ճիշտ են, իհարկե, բայց չեն ընդգրկում ողջ ճշմարտությունը. Իլհամ Ալիեւը պատերազմից խուսափելու, այն «վերջին հնարավորություն սահմանելու» երկու հիմնավոր պատճառ ունի: Նախ, վստահ չէ, որ միջազգային ընկալումը «համարժեք կլինի», երկրորդ, որ թերեւս ամենակարեւորն է` զգուշանում է, որ «շշից բաց թողնված ջինը» զենքը կուղղի իր դեմ, կրկնվի այն, ինչ արդեն եղել է:

Վարչախմբի ջանքերը` առավելագույնս ֆաշիստականացնելու ադրբեջանական հասարակությունը, գերազանցապես ինքնապաշտպանական են: Այն է` մարդկանց բացասական էներգիան հասցեագրել Հայաստանին, հայկական Սփյուռքին, հայ ժողովրդին առհասարակ, ձեւավորել զոմբիացված մարդկային ամբոխներ, որոնց կթվա, թե «բոլոր հարցերը կլուծվեն, հենց որ հաղթենք հայերին»:

Կյանքը, սակայն, վերցնում է իրենը. Ադրբեջանում այդպես էլ չի ձեւավորվում «ազատագրական պատերազմ սկսելու» հանրային պահանջ: Իսկ դրա բացակայության դեպքում դիմել նախահարձակման` հավասարազոր է ինքնասպանության. չկա երաշխիք, որ բանակը կհնազանդվի գերագույն գլխավոր հրամանատարի կամքին եւ չի գնա իշխանափոխության: Երբ զինված ուժերը զորանոցում են կամ շփման գծի խրամատներում, որտեղ, չնայած ամենօրյա լարվածությանը, համենայն դեպս արկեր չեն պայթում, իշխանությունը վստահ է, որ զինվորականությունը լոյալ է: Մանավանդ որ գեներալներն առատորեն օգտվում են ռազմական աճող ծախսերի կերակրատաշտից:

Պատերազմը կարող է շատ կարճ ժամանակաընթացքում նրանց զրկել «հերոսանալու» եւ հարստանալու հնարավորությունից, բոլորին եւ յուրաքանչյուրին դնել իր տեղում: Եվ այդ դեպքում նրանք ստիպված կլինեն, հանուն ինքնափրկության, լուծել անձեռնհաս գերագույն գլխավոր հրամանատարի հարցը: Գուցե թե` նաեւ արտաքին օգնությամբ, քանի որ պատերազմը, որպես կանոն, նաեւ «բացում է երկրի փակ դռները»:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները մոտենում են: Իսկ փետրվարին լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը: Խորհրդանշական չէ՞: Իսկ ինչո՞ւ ոչ. քառորդ դար Արցախը դուրս է Ադրբեջանի «օրինական իրավազորությունից», իսկ այնտեղ «ընտրվում է» հանրապետության ինքնիշխանության եւ «տարածքային ամբողջականության» երաշխավոր: Որքան էլ բռնապետական` Ադրբեջանը պետք է գոնե տեսք անի, որ նախագահը ոչ թե ինքնավերարտադրվում, այլ «վերընտրվում է ամբողջ ժողովրդի կողմից»: Բայց մի իրավիճակում, երբ «ամբողջ ժողովրդին մտահոգող գլխավոր հարցը» դեռեւս լուծված չէ:

Եթե ճիշտ է, որ ԼՂ-ից եւ «հարակից ադրբեջանական 7 շրջաններից բռնատեղահանվել է 1 մլն» մարդ, եթե ճիշտ է, որ 25 տարում Ադրբեջանի բնակչությունը «7 մլն-ից հասել է 9,6-ի», այսինքնՙ «աճել է 1,4 անգամ, ուրեմն «բռնատեղահանվածներն այսօր 1,4 մլն են»: Իսկ դա «զանգված է»` շուրջ 8-900 000 ընտրող, որ կարող է գերագույն գլխավոր հրամանատարին մի տարրական հարց ուղղել. «Ե՞րբ ենք վերադառնալու մեր տները»: Սա է տրամաբանականը, չէ՞:

Բայց Ադրբեջանում ոչինչ տրամաբանության չի տրվում: Քանի որ այնտեղ «տրամաբանական է» այն, ինչ պիտի ասի իշխանության միակ կրող,- հո իզու՞ր չեն սահմանադրությամբ ամրագրել, որ «գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին»,- Իլհամ Ալիեւը: Եվ, ուրեմն, ինչո՞ւ թույլ տալ, որ մարդիկ հարցնեն: Հարկ է նրանց անունից հնչեցնել ե՛ւ հարցը, ե՛ւ պատասխանը:

Ահա այս նպատակադրվածությամբ է, որ Ադրբեջանը 2013-ի համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել: Հայկական լրատվամիջոցներից մեկը Դուբլինում Էլմար Մամեդյարովի ելույթը որակել է «ոչ ռազմաշունչ»: Գրեթե համաժամանակյա` Բաքվի «Զերկալո»-ն Ադրբեջանի կեցվածքը բնութագրել է «խաղաղ հարձակում»: Դուբլինում, իհարկե, Մամեդյարովի խոսքը ադեկվատ էր լսարանի կարգավիճակին. հո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների ներկայությամբ չէր ասելու` «մենք մեր հողերը կազատագրենք` ինչ գնով էլ լինի»:

Ձեւակերպումները դիվանագիտորեն նրբամշակված էին, հարկ է արժանին մատուցել Ադրբեջանի ԱԳՆ «ոճաբաններին», բայց իմաստը նույնն էր: Դարձյալ անտեսվեց հիմնականը. Ադրբեջանը հոդաբաշխ ոչինչ չասաց, թե ինչպե՞ս է տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ ապագան: Հասկացվեց, որ «ԼՂ-ում խոշորածավալ ներդրումներ անելու պատրաստակամությունը» հենց «օկուպացված տարածքների, ներառյալ` ԼՂ ազատագրումն ու Ադրբեջանի իրավազորության վերահաստատումն է»:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը միջնորդներին կխնդրի, որ 2013-ին կարգավորման «բանակցային գործընթացն արագացվի»: Իլհամ Ալիեւի «վերընտրությունը», կարելի է ենթադրել, ձեռնտու է ե՛ւ ԱՄՆ-ին ու Եվրոմիությանը, ե՛ւ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին: Ճիշտ է, Իլհամ Ալիեւը Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովին ներկա չէր, բայց, ինչպես ռուսներն են ասում` «դեռ երեկո չէ», նա կհասցնի կարգավորել Մոսկվայի հետ խնդիրները: Քանի որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանն Ադրբեջանում «քիչ անելիք ունի»:

Եվ հավանաբար համանախագահ երկրները «կընդառաջեն» Իլհամ Ալիեւին: Դա է հուշում տրամաբանությունը, որով, ի տարբերություն Ադրբեջանի, առաջնորդվում են միջնորդները: Ինտրիգը այն է, որ մինչ Ադրբեջանը «դրսեւորում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ Հարավային Կովկասի տնտեսական զարգացումը խթանելու կամք», միջնորդ երկրներն իրենց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Դուբլինում հորդորեցին «կամք դրսեւորել` համաձայնեցնելու կարգավորման սկզբունքները»:

Պաշտոնական Բաքվի «բարի կամքն», այսպիսով, բախվեց միջնորդների «անընկալողունակությանը»: Նրանք Իլհամ Ալիեւին «բարեկամաբար» խորհուրդ տվեցին վերադառնալ 2012-ի տարեսկզբի` Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպման մթնոլորտին եւ հարգել իր իսկ խոսքը: Հասկանալի կդառնա՞ այդ հորդորը «նորին բռնապետական մեծությանը», թե՞ ոչ: Առաջին դեպքում նա պետք է հաշտվի ԼՂՀ անկախության իրողության հետ: Երկրորդ տարբերակը «պատերազմի ընտրությունն է», ինչին չգնալու հիմնավորագույն պատճառներ ունենալու մասին խոսվեց վերեւում:

Ստացվում է «փակ շրջան», որտեղից Իլհամ Ալիեւին դուրս բերելու ջանքեր անկասկած կգործադրվեն: Հատկապես` Թուրքիայի կողմից: Եթե, իհարկե, հիմնական «խաղացողներից» որեւէ մեկը չփորձի «պայթեցնել» իրավիճակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4