21 ընկերություններ տուգանվեցին սպառողներին մոլորեցնելու համար
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում երշիկեղեն արտադրող հայկական 21 ընկերություններ տուգանվեցին իրենց հասույթի 1 տոկոսի չափով, ինչը առավելագույն պատիժն էր սպառողներին մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության համար: Այդ ընկերություններն են` «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», «Նեպ ուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ: Խախտումները բացահայտվել են երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տեւած ուսումնասիրության ընթացքում:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների եւ դիրքորոշման մասին խոսելով, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ուսումնասիրությունների ժամանակ տնտեսվարողներից պահանջվել են փաստաթղթերը, մինչդեռ նրանք մսի ձեռքբերման վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրել, ասելով, որ ձեռք են բերել շուկայից: Սակայն, ըստ Արտակ Շաբոյանի, երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Նկատի ունենալով, որ, հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում եւ տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ տեղեկատվությանը, այն ենթադրությանն է եկել, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Երշիկների որոշ տեսակների մեջ գոմեշի մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16-18 տոկոս: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է, որ դրանք պատրաստված են տեղական խոզի կամ տավարի մսից, այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է:
Արտակ Շաբոյանը հայտնեց, որ երշիկի արտադրության մեջ օգտագործվում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ, հավի միս, ճարպ, ինչի մասին սպառողները տեղյակ չեն, քանի որ այդ բաղադրիչների մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Վերոնշյալ նյութերից շատերն արտադրության ժամանակ օգտագործվում են քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով: Նման դեպքեր բացահայտվել են նաեւ մանկական եւ դիետիկ անվանումներով երշիկների պարագայում:
Վերոնշյալ խախտումները, փաստորեն, մոլորեցնում են հասարակությանը, հետեւաբար համարվում են անբարեխիղճ մրցակցության գործողություն: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ մոլորեցում է համարվում նաեւ որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչն այս դեպքում առկա է:
Տուգանքների չափերը հաշվարկելիս, հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսեւորած վարքագիծը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրանց նկատմամբ կիրառվի օրենքով սահմանված առավելագույն պատժաչափըՙ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը:
Արտակ Շաբոյանը նաեւ հայտնեց, որ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, իսկ հանձնաժողովը կներկայացնի առաջարկություններՙ մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգում լրամշակումներ անելու վերաբերյալ, քանի որ մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի երշիկեղենի մեջ միսը կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի: Նշվեց, որ երշիկի բաղադրության մասին կանոնակարգեր կան այլ երկրներում, այդ թվում Ռուսաստանում:
Ի դեպ, հանձնաժողովի նիստին մասնակցում էր երշիկեղենի արտադրության ընկերություններից միայն մեկի ներկայացուցիչը, որը խախտումների հիմնական պատճառ համարեց օրենքի չիմացությունը: Հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայացմամբՙ մյուս տնտեսվարողները նույնպես այդ հանգամանքն են նշել որպես հիմնական պատճառ:
Իսկ, ի վերջո, որքա՞ն պետք է կազմի մսի չափաբաժինը երշիկի մեջ: Մեր այս հարցին հանձնաժողովի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ, օրինակ` Ռուսաստանում «երշիկեղեն» հասկացության մեջ գոյություն ունեն «մսային» եւ «մսային պարունակությամբ» երշիկներ եւ առաջինի մեջ մսի չափաբաժինը պետք է կազմի առնվազն 60 տոկոս, իսկ երկրորդի մեջ` ավելի քիչ: