«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2012-12-07 | #220, 2012-12-08 | #221, 2012-12-11


ՄԱՅՐԸ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձում նշել էր. «Կանայք քվեարկելու իրավունք ունեն, սակայն գրեթե ամենուր թերներկայացված ենՙ խորհրդարաններում, խաղաղության հաստատման գործընթացներում, կառավարման բարձր պաշտոններում եւ որոշումներ կայացնող այլ պաշտոններում...»: Կարելի է ենթադրել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձի այս հատվածում մի պահ «մոռացել է» Հարավային Ամերիկան, որտեղ, ըստ ստեղծված պատկերի, ամենաիսկական «մայրիշխանություն» է առաջացել ու ինչը դեռ ամրապնդվում է:

Մասնավորաբար լատինամերիկյան մի շարք երկրներում կանայք զբաղեցնում են պետական ամենաբարձր` նախագահի պաշտոնը: Օրինակՙ Միշել Բաչելետը Չիլիում, որը, ընդգծենք, Հարավային Ամերիկայում առաջին կին նախագահն է: Արգենտինայի նախագահն է Քրիստինա Քիրշները, Բրազիլիան ղեկավարում է Դիլմա Ռուսեֆը, Պերուում նախագահի թեկնածու Կեյկո Ֆուհիմորիին շատ քիչ էր մնում նախագահ ընտրվելու համար, իսկ այժմ երկրի առաջին տիկին Նադին Էրեդիան ունի լրջագույն հնարավորություններՙ հաջորդելու ամուսնուն նախագահի պաշտոնում: Շարքը կարելի է շարունակել Հոնդուրասով, որտեղ նախագահի ամենաիրական թեկնածու որպես ուրվագծվում է Քսեմորիա Կաստրոն, իսկ Նիկարագուայում Ռոսարիո Մուրիլյոն գործում է ինչպես նախագահ, վերջինիս բոլոր պաշտոնական լիազորություններն օգտագործելով: Եվ վերջապես Կոստա-Ռիկան, որտեղ նախագահը եւս կին է` Լաուրա Չինչիլյան... Իհարկե, կարելի է պնդել, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աշխարհի այս մասը մոռացել է հիշյալ արտահայտությունն անելիս, սակայն, իրականում այդքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ Հարավային Ամերիկայում խոսք անգամ չի կարող լինել «մայրիշխանության» մասին, բացի ազգային`«այրական» մենթալիտետից, այստեղ այլ գաղտնիք կա: Տեսեք, հայտնի է, որ Արգենտինայի գործող նախագահ Քրիստինա Քիրշները զբաղեցրած պաշտոնում հաջորդում է ամուսնուն` Նեստոր Քիրշներին, Հոնդուրասում նախագահ դարձող Քսեմորիա Կաստրոն նախկին նախագահ Մանուել Սելայիի կինն է: Չիլիի նախագահ Միշել Բաչելետը, բացի նրանից, որ Պինոչետի օրոք սպանված գեներալ Բաչելետի դուստրն է, Պերուի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսի իրավահաջորդն է, ավելին, վերջինս անձամբ հայտարարել էր, որ Բաչելետն իր հոգեզավակն է: Բրազիլիայում գործող նախագահ Դիլմա Ռուսեֆին իշխանությունը փոխանցեց նախկին նախագահ Լուլան, եւ այժմ տիկին նախագահը նախորդի գործի շարունակողն է` վարած քաղաքականության առումով, ոչ միայն պաշտոնի: Նիկարագուայում Ռոսարիո Մուրիլյոյին «երկրի մայր» կոչումը շնորհել է անձամբ Դանիել Օրտեգան: Այս համապատկերում ամենեւին էլ զարմանալի չէ, որ Պերուում առաջին տիկնոջ` Նադին Էրեդիայի քաղաքական կարիերայի զարգացմանը նպաստում է Պերուի գործող նախագահ Ումալան: Ընդ որում, Պերուում շարքային քաղաքացիների համոզմամբ` «Նադինն ավելի խելացի է, քան ամուսինը»...

Ի՞նչ է, ուրեմն, ստացվում. Լատինական Ամերիկայում կին բարձրաստիճան պաշտոնյաները կամ այդ պաշտոններին ձգտողները պարտադիր կերպով որեւէ այլ տղամարդու, հայտնի գործչի իրավահաջորդն են, ոչ թե ինքնառաջադրված կին գործիչներ: Պատկերավոր ասած, Հարավային Ամերիկայում քաղաքական Եվան դուրս է եկել քաղաքական Ադամի կողից, ընդ որումՙ հիշյալ բարձրաստիճան կանանցից ոչ ոք այս հանգամանքը չի թաքցնում, ավելին` օգտագործում են որպես սեփական առավելություն: Ստացվում է, որ Լատինական Ամերիկայում կին ղեկավարները շարունակում են հայտնի տղամարդկանց գործը, ոչինչ ավելի, ու իշխանության են եկել իրենց հայրերի (նաեւ քաղաքական հայրերի), ամուսինների գործունեության շնորհիվ: Հետեւաբար լատինո կին ղեկավարները ոչ միայն գործում են «Հոր» անունից, այլեւ` հանուն «Հոր», եւ սա շատ կարեւոր է:

Ուրեմն խոսք լինել անգամ չի կարող Հարավային Ամերիկայում «մայրիշխանության» մասին, քանի որ այդպիսի բան ուղղակի գոյություն չունի: Հարավային Ամերիկայում, ինչպես եղել է «հայրիշխանություն», այնպես էլ շարունակվում է, չնայած դա երբեմն արտացոլվում է «կանացի երեսով»: Իշխանության իրական գործադրումն ու իշխանության խորհրդանշային կերպը ամենեւին էլ նույն բաները չեն: Ու սա շատ կարեւոր եզրահանգում է, մանավանդ հաշվի առնելով, որ քաղաքականությունն առաջին հերթին հիմնավորված է խորհրդանիշների վրա:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4