«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2012-12-07 | #220, 2012-12-08 | #221, 2012-12-11


«ԼԵՓՍԻՈՒՍՀԱՈՒՍԸ» ՄԵԾԱՐԵԼ Է ԱՆՎԱՆԻ ՄԱՐԴԱՍԵՐԻՆ

Պոտսդամից (Գերմանիա) Մուրիել Միրաք-Վայսբախը հատուկ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի համար գրված իր հոդվածում անդրադարձել է Բեռլինից ոչ հեռու գտնվող այդ քաղաքում գեղեցիկ վերանորոգումից հետո որպես թանգարան եւ հետազոտությունների կենտրոն 2011 թվի մայիսին բացված «Լեփսիուսհաուսին», որն արդեն 1915 թվի Հայոց ցեղասպանությանն առնչվող ցուցահանդեսների, դասախոսությունների եւ գիտաժողովների հայտնի կենտրոն է դարձել:

Թանգարանը գերմանացի հոգեւորական, հասարակական գործիչ եւ արեւելագետ դոկտ, Յոհաննես Լեփսիուսի (1858-1926 թթ.) ընտանիքի տունն է եղել, որտեղ նա ապրել եւ աշխատել է 1908-ից մինչեւ իր կյանքի վերջը:

Ըստ վերոնշյալ շաբաթաթերթի նոյեմբերի 10-ի համարում տպագրված հոդվածիՙ սեպտեմբերին այդ թանգարանում կայացել է միջազգային կոնֆերանսՙ նվիրված «տան տիրոջը»ՙ Լեփսիուսին: Դրան մասնակցել են մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Մ. Նահանգներից եւ Հայաստանից:

Լեփսիուսը, ինչպես գիտենք, Ուրֆա (Թուրքիա) է մեկնել 1896-ինՙ օգնելու համիդյան կոտորածներից տուժած հայերին: 1915-ին նա դարձյալ Թուրքիա է մեկնել եւ հանդիպել Էնվեր փաշայի հետ, որն արգելել է նրան որեւէ միջամտություն ունենալ հայերի հետ կատարվող իրադարձություններում: Միակ բանը, որ նա կարողացել է անել, ականատեսների վկայություններ հավաքելն է եղել եւ հետագայում մի զեկուցագիր պատրաստելը, որը ցնցելու էր Գերմանիան եւ ամբողջ աշխարհը:

Իր խոսքում «Լեփսիուսհաուսի» տնօրեն, դոկտ. Ռոլֆ Հոսֆելդն ասել է, որ «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» վերնագրված այդ զեկույցը, որը գաղտնի հրատարակվել էր Պոտսդամում 1916-ին եւ 20 հազար օրինակով ուղարկվել բողոքական եկեղեցու պաշտոնատար անձնավորություններին եւ հայտնի լրատվամիջոցներին, շուտով արգելվել է երկրում, քանի որ Գերմանիան դաշնակցում էր Թուրքիայի հետ: Լեփսիուսը ստիպված Հոլանդիա է փախել, որտեղ շարունակել է հանրությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Նրա զեկույցը տպագրվել է «Նյու Յորք տրիբյուն» պարբերականի 1919 թվի հուլիսյան համարում, զարմացնելով ամերիկացիներին, որ նման ծրագրված ոճրագործության մասին մեղադրական հոդվածով հանդես է գալիս մի գերմանացի:

Այս փաստն էլ հենց, ըստ Հոսֆելդի, նպաստել է, որ Լեփսիուսին նվիրված կոնֆերանսը վերնագրվի «Բացառիկ գերմանացին» բնութագրմամբ: Լեփսիուսը կտրականապես մերժել է այն տեսակետը, թե կատարվածը Թուրքիայի պաշտպանության հետ է կապված: Նա համարել է, որ դա «բացահայտորեն քաղաքական» բնույթ է կրում, եւ դրա համար էլ պատժվել է բողոքական եկեղեցու իր վերակացուների կողմից:

«Նա սովորական հերոս չէր, բայց ժամանակի ծնունդն էր», եզրակացրել է Հոսֆելդը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4