«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2012-12-07 | #220, 2012-12-08 | #221, 2012-12-11


ՓԱՄՈՒԿԻ «ԼՈՒՌ ՏՈՒՆԸ»ՙ ԱՅԺՄ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկի 1983-ին հրատարակված (թուրքերեն) «Silent House» (Լուռ տունը) վեպը այժմ Ռոբերտ Ֆինի թարգմանությամբ լույս է ընծայվել նաեւ անգլերենով: Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Դեֆնի Աբիլի գրախոսականի, վեպի քաղաքական եւ պատմական ֆոնը նախապատրաստությունն է 1982-ին երկրում կայացած զինվորական հեղաշրջման:

Վեպի գործողությունները իրենց 80-ամյա տատիկին (որն ապրում է Մարմարայի ափերին գտնվող կիսաքանդ մի առանձնատանը) այցելության եկած երեք թոռներիՙ Ֆարուքի, Մետինի եւ նրանց քրոջ Նիլգյունի շուրջ են պտտվում:

Տատիկըՙ Ֆաթման, ապրում է իր վախճանված ամուսնուՙ Սալահեդդինի երկու ապօրինի որդիներից մեկիՙ Քաճաճ Ռեջեփի հետ: Մյուսըՙ Իսմաիլը ապրում է կողքի տանը: Վերջինիս որդու քաղաքական կապերն են, որ ընտանիքին ներքաշելու են ազգայնականների պայքարի մեջՙ հանուն Թուրքիայի ապագայի:

«Փամուկի երկերի սիրահարները այս գիրքն այնքան էլ գրավիչ կարող են չհամարել, սակայն դրանում նախանշվում են իր հետագա մտասեւեռումները, դրանցից մեկըՙ առարկաներ հավաքելու «հոբբին» հետագայում մղելու էր նրան գրելու իր «Անմեղության թանգարանը» (2009-ին հրատարակվել է անգլերեն տարբերակը) եւ գործնականորեն նաեւ կառուցելու Ստամբուլում այդպիսի մի թանգարան», եզրակացում է գրախոսականի հեղինակը, առանձնացնելով տատիկիՙ Ֆաթմայի մտորումները գրքի վերջում: «Կյանքում դու չես կարող ամեն ինչ զրոյից սկսել: Դա կառքով կատարված մի ճանապարհորդություն է, որ մարդուն մի անգամ է հնարավորություն տրված կատարել: Բայց գիրքը, ինչքան էլ քրքրված լինի, կարող ես դարձյալ թերթել, վերընթերցելՙ կյանքն ավելի լավ հասկանալու համար»: Սա է երեւի Փամուկի հավատամքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4