Արդյոք անջատողական տրամադրությունները, որոնց ականատես ենք լինում այս օրերին եվրոպական մի շարք երկրներում, էլ ավելի չե՞ն ամրապնդի Եվրոմիությունը, թե՞ հակառակը, ամբողջովին կսասանեն նրա հիմերը: Տրամաբանորեն չկա տարբերությունՙ միացյալ ու աստիճանաբար բազմոլորտ ինտեգրացող Եվրոպայի մաս է միայն Իսպանիա՞ն, ասենք, թե՞ Իսպանիան եւ Կատալոնիան, Բասկերի երկիրը: Կամ մի՞թե տարբերություն կաՙ ԵՄ-ի մաս է միայն Միացյալ Թագավորությո՞ւնը, թե՞ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան` առանձին-առանձին: Ըստ էության այստեղ տարբերություն չկա, բոլոր պարագաներում Եվրոպան միացյալ քաղաքական միավոր դառնալու ճանապարհին է, ու ամենեւին նշանակություն չունիՙ այսօր առկա 27, թե շատ ավելի անդամ երկրներով: Ավելին, հարկ է նկատել, որ ԵՄ-ն այսօր որոշակիորեն «նպաստում է» անջատողականությանը: Մասնավորաբար անդամ երկրների շրջանները ԵՄ-ի կողմից լայն իրավասություններ են ստանում, օրինակ, շրջանցելով տվյալ երկրների կենտրոնական իշխանություններին, շրջանները կարող են դիմել ԵՄ իշխանություններին կամ դատի տալ սեփական կառավարությանը... ԵՄ անդամ երկրների շրջանները Բրյուսելում ունեն իրենց կառույցը` Տարածաշրջանների կոմիտեն, որն այսօր խորհրդակցական իրավասություններով է միայն օժտված, սակայն աստիճանաբար ընդլայնում է լիազորությունները` ձգտելով վերածվել Եվրոխորհրդարանի վերին պալատի: Այսօր շրջանառության մեջ է անգամ մի «նախագիծ», ինչը ենթադրում է եվրոպական պետությունների վախճանն ու եվրոպական միացյալ դաշնության կազմավորումը, հասկանալի է, տարածաշրջանների հաշվին, ինչն անգամ «աշխատանքային անուն» ունի` «Տարածաշրջանների Եվրոպա»:
Առաջին հայացքից եվրոպական այս հեռանկարը ուտոպիա է թվում, սակայն իրադարձությունները, որոնց ականատես ենք լինում այս օրերին Եվրոպայում, սկզբունքորեն հակառակն են ապացուցում:
Կատալոնական ընտրություններով հաղթանակ տոնեց երկրամասի վարչապետ Արթուր Մասայի ղեկավարած կուսակցությունը, որը երկրամասի` Իսպանիայից անկախանալու կողմնակիցն է: Բացի սրանից, անջատողական տրամադրություններն ակտիվացել են, օրինակ, Դանիայում, որի մաս կազմող աշխարհի ամենամեծ կղզին` Գրենլանդիան, եւս անկախության է ձգտում իր նավթա-գազային մեծ ռեսուրսներով: Նպանատիպ տրամադրություններ վաղուց արդեն նշվարվում են իտալական հյուսիսում: Հյուսիսի լիգան վաղուց արդեն ձգտում է Իտալիայի արդյունաբերական զարգացած հյուսիսային շրջանները առանձնացնել հարավի աղքատ շրջաններից: Ֆրանսիայից անկախության է ձգտում Կորսիկա կղզին, գերմանական որոշ «հողեր» եւս ցանկություն ունեն անջատվելու կենտրոնից: Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունը, որը, ըստ մի շարք փորձագետների, լուրջ ցնցումների առջեւ է կանգնած:
Ուելս` Շոտլանդիայի ճանապարհո՞վ
Գիտենք, որ 2014-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Ընդ որումՙ հիշյալ տարին ամենեւին էլ պատահական չի ընտրվել, քանի որ 2014-ին Շոտլանդիայում կանցկացվեն նաեւ Բրիտանական համագործակցության սպորտային խաղերն ու գոլֆի Ryder Cup մրցաշարը, հետեւաբար մամուլի կողմից ուշադրության պակաս Շոտլանդիան ողջ տարվա ընթացքում չի զգա: Չնայած վերջերս YouGov կազմակերպության անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ շոտլանդացիների 61 տոկոսը անկախություն չի ցանկանում, որի կողմնակիցները միայն 31 տոկոսն են կազմում, Թագավորության մաս կազմող երկրամասի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը վճռական է տրամադրված հանրաքվեն անցկացնելու կապակցությամբ: Սալմոնդին լավատեսություն է ներշնչում շոտլանդական խորհրդարանի այսօրվա կազմը, որտեղ մեծամասնություն է կազմում իր գլխավորությամբ գործող եւ անկախության կողմնակից Շոտլանդիայի Ազգայնական կուսակցությունը: Բրիտանական թագավորության կործանումը, սակայն, միայն հյուսիսից չի սպառնում. Ուելսում եւս կան անջատողական տրամադրություններ:
13-րդ դարի վերջին անգլիական թագավոր Էդուարդ Առաջինը Ուելսը ենթարկեցնելու համար մարտնչում էր ուելսցի իշխան Լլիվելին ապ Գրիֆիդի դեմ, որին պարտության մատնեց: Այնուհետեւ Էդուարդը Ուելսում սեփական իշխանությունը պահպանելու համար սկսեց մեծաթիվ ամրոցներ կառուցել, ընդ որում` պետական բյուջեի հաշվին, եւ մեծ պարտքերի առջեւ կանգնեց: Հենց այդ պարտքերը մարելով ծանրաբեռնված Էդուարդը չկարողացավ նմանատիպ հարձակում գործել Շոտլանդիայի վրա, վերջինս պահպանեց իր անկախությունը: Այժմ կարծես թե Շոտլանդիան «վերադարձնում է պարտքը Ուելսին»:
Շոտլանդական հնարավոր անկախությունից խրախուսված Ուելսում էլ սկսել են մտածել Թագավորությունից անջատվելու մասին: Սակայն եթե Շոտլանդիայում անկախության կողմնակիցները ընդհանուր բնակչության շուրջ 30 տոկոսն են կազմում (ըստ հարցումների), ապա Ուելսում անկախանալ ցանկանում է բնակչության միայն 10 տոկոսը: Այդուհանդերձ Ուելսը Բրիտանիայում հայտնի է որպես սեփական ազգային ինքնությունը սկզբունքորեն պահպանող ժողովուրդ. երկրամասում շարունակում են խոսել մայրենի լեզվով: Ուելսում անջատման, ավելի ճիշտ` ինքնուրույնության գործընթացն արդեն իսկ արդյունքներ տալիս է: Օրինակ, ի տարբերություն Անգլիայի, այստեղ բյուջետային հատուկ հատկացումներ են անում կրթության, առողջապահության ոլորտներին, որոնք տեղացիների համար անվճար են: Այժմ ուելսցիները մտածում են ինքնուրույն հարկային քաղաքականություն վարելու մասին: Այդուհանդերձ, ի տարբերություն Շոտլանդիայի, Ուելսը չի կարելի ասել, թե պատրաստ է անկախության: Տեղի խորհրդարանում անկախության կողմնակիցները ընդհանուր 60 պատգամավորից միայն 11-ն են: Ընդ որում, կրկին ի տարբերություն Շոտլանդիայի, ուելսցիները, որպես կանոն, չեն հետեւում տեղական խորհրդարանի գործունեությանը եւ հատուկ չեն կարեւորում: Մյուս կողմիցՙ Ուելսի առաջին նախարար Քարուին Ջոնսը կարծիք է հայտնել, որ «Ուելսը կարող է ինքնուրույն ապահովել սեփական եկամուտներն ու ծախսերը»: Իր հերթին, սակայն, Կարդիֆիի (Ուելսի վարչական կենտրոնն է) համալսարանի փորձագետ Քեւին Մորգանը կարծում է, որ Ուելսը չի կարող դիտարկվել որպես տնտեսական առանձին միավոր. «Մեծ թվով ուելսցիները ամեն օր աշխատանքի են գնում Անգլիայի խորքերը եւ երեկոյան վերադառնում», ասել է փորձագետը:
Գլուխկոտրուկ` ԵՄ-ի համար
Ուշագրավ է, որ եթե «ակամա» ԵՄ-ն նպաստում է անջատողականությանը աշխարհամասում, ապա կոնկրետ շոտլանդական հնարավոր անկախության հռչակումից հետո, կարող է կանգնել իրավական ու քաղաքական լուրջ գլուխկոտրուկի առջեւ: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հայտարարել է, թե անջատվելով Բրիտանիայից Շոտլանդիան կշարունակի մնալ ԵՄ-ի անդամ երկիր, քանի որ Մեծ Բրիտանիան, որից դուրս է գալիս Շոտլանդիան, ԵՄ-ի անդամ է: Սակայն դա աննախադեպ կլինի ԵՄ-ի պատմության մեջ, երբ նրա անդամ երկրից անջատվում է առանձին երկրամաս, հետեւաբար ԵՄ-ն, կարելի է ասել, չունի այս գործընթացը կարգավորող հստակ օրենսդրություն: Այս առումով Տնտեսագիտության լոնդոնյան դպրոցի փորձագետ, միջազգային իրավունքի մասնագետ Ջո Մերկենսը հայտարարել է. «Եթե Շոտլանդիան անկախանա, ապա Անգլիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան կշարունակեն մնալ Միացյալ Թագավորության մաս: Վերջինս իր նոր կազմով հենց ԵՄ-ին այսօր անդամ Միացյան Թագավորության իրավահաջորդը կլինի, իսկ Շոտլանդիան կհամարվի նոր պետություն, եւ ինչպես բոլոր նոր պետություններըՙ պետք է ԵՄ-ին միանալու համապատասխան ընթացակարգ անցնի»: Եթե փորձագետ Մերկենսը իրավամբ է մեջբերում միջազգային իրավունքի համապատասխան նորմը, ապա Շոտլանդիան ԵՄ-ի անդամ դառնալուց լրջագույն խոչընդոտների կարող է հանդիպել, քանի որ վերջինիս կանոնադրության համաձայն նոր պետությունը ընդունվում է ԵՄ անդամ պետությունների բացարձակ կոնսենսուսով: Շոտլանդական հայցը հազիվ թե հավանության արժանացնի, ասենք, Իսպանիան, որտեղ եւս անջատողական տրամադրված մի քանի ժողովուրդներ են ապրում: Մյուս կողմից, սակայն, 2011-ին ԵՄ-ում ընդունված «Արտաքին ընդարձակման մասին» բրոշյուրի համաձայն, եթե ԵՄ-ն մերժի Շոտլանդիայի հայցը, ապա դրանով կխախտի եվրոպական արժեհամակարգը: Բրյոշուրը մասնավորաբար նշում է, որ Շոտլանդիային ԵՄ-ի շարքերը ընդունելու համար (հետեւաբար առաձին Շոտլանդիան ԵՄ-ի մաս չէ) անհրաժեշտ է, որ ԵՄ-ն տեղեկանա Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատվելու մասին, այնուհետեւ ճանաչի Շոտլանդիայի անկախությունը, եւ վերջում որոշակի փոփոխությունների ենթարկելով կանոնակարգըՙ ընդունի նրան իր շարքերը...
Մի խոսքովՙ ժամանակակից աշխարհը կանգնած է լուրջ քարտեզային փոփոխությունների շեմին, եւ աշխարհում ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի հաղթարշավի համապատկերումՙ էլ ավելի կշատանան նոր տեսակի բռնապետները: «Ազգը» կշարունակի հետեւել` «նոր աշխարհի» կերտման այս գործընթացին...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ