«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2012-12-08 | #221, 2012-12-11 | #222, 2012-12-12


ՌԱՆԶԱՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «ԱԼՄԱ»-ՅՈՒՄ

«ԱԼՄԱ»-յումՙ Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում (Ուոթերթաուն) վերջերս բացումն է կատարվել 20-րդ դարի կեսերին գործող պատշաճորեն չգնահատված մի նկարիչ-արվեստագետիՙ Ռանզարի (Ֆրեդ Ռանդոլֆ Էլեզարյան) ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսի, որը շարունակվելու է մինչեւ 2013-ի հունվարի 31-ը:

Ռանդոլֆը ծնվել էր Սպահանում (Իրան) 1920-ին եւ Մ. Նահանգներ տեղափոխվել մոր հետ տասնչորս տարեկանում: Հաճախել էր Քեմբրիջի «Ռինջ» տեխնիկական վարժարանը, միաժամանակ նկարչության մասնավոր դասեր վերցնելով: Ծառայել էր Կենտրոնական Եվրոպայում Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ որպես շարային հետեւակ եւ «Սթարզ ընդ Սթրայփս» զինվորական պարբերականի նկարիչ-դիզայներ: 1956-ին տեղափոխվել էր Նյու Ջերսի, որտեղ մինչեւ թոշակի անցնելը աշխատել է որպես ֆոտոփորագրող: Նրա նկարներում միաձուլվել են Մերձավոր Արեւելքի ավանդական ու Ամերիկայի ժողովրդական արվեստները, ոչ մի կողմին առավելություն չտալով: Նա նկարել է հիմնականում Իրանում անցկացրած իր կյանքի վաղ շրջանի հիշողությունների հիման վրա: Նրա կտավները 1960-ականներին ցուցադրվել են Նյու Յորքում: Ներկայումս դրանցից մի քանիսը կարելի է տեսնել Ուոթերթաունի Սբ Ստեփանոս եւ Ռիջֆիլդ պարկի (Նյու Ջերսի) Սբ Վարդանանց հայկական եկեղեցիների խորաններին, ինչպես նաեւ Ամերիկայի հյուսիսարեւելյան շրջանների այլ եկեղեցիներում:

Նկարիչը ամուսնացած էր Ուոթերթաունից Սիմա Նաջարյանի հետ, որը որպես բնորդուհի հանդես է եկել նրա շատ նկարների համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4