Ղարաբաղյան բանակցությունների շուրջ 20-ամյա պատմությունն ու դրանից քաղած փորձը թվում է, պետք է որ բավական լինեին հասկանալու. միջազգային իրավունքն ամենեւին էլ «դեմ» չէ Արցախի Հանրապետության հռչակմանը, ինչը տեղի է ունեցել ԽՍՀՄ նորացված սահմանադրությանը համապատասխան: Սակայն աշխարհում ոչ մի երկիր, եւ Հայաստանը, չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ուրեմն ո՞րն է խնդիրը:
Հայաստանի պարագայում, իհարկե, հարցը ճիշտ չէ, քանի որ Հայաստանը Արցախի անկախությունը չի ճանաչել հայտարարության տեսքով միայն: Ոչ մի պաշտոնյա, այդ թվումՙ նախագահը, լրատվամիջոց Արցախի մասին չէր խոսում, գրում որպես ինքնուրույնության ձգտող միավորի, այլ Արցախը հիշատակվում է որպես վաղուց արդեն անկախ գոյություն ունեցող հանրապետություն: Եթե ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն է հրապարակում «ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հանդիպման մասին», ապա ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչում: Օրինակ, պատկերացնենք նախագահ Օլանդը Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպում է Բակո Սահակյանին, իսկ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածում` «երկու նախագահների քննարկած հարցերի մասին». չե՞նք նշի արդյոք, որ Փարիզը ճանաչեց Ստեփանակերտի անկախությունը, քանի որ ճանաչեց նրա նախագահին, ու երբ գրենք, իրավացի չե՞նք լինի:
Ինչ վերաբերում է պաշտոնական ճանաչմանը, ապա այս կապակցությամբ բազմիցս ենք նշել, այո՛, ճանաչել, բայց ի՞նչ սահմաններով: Որոնք գծված են այսօ՞ր, բայց չէ՞ որ Արցախի Հանրապետության տարածքի զգալի մի հատված այսօր շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ: Իհարկե, Երեւանը կարող է պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն այդ մասին ազդարարող հայտարարության մեջ գրել` «...ԼՂՀ տարածքի մի հատվածը շարունակում է մնալ Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»: Սակայն աշխարհում ոչ մի երկիր դեռեւս հաջողություն չի արձանագրել ուրիշ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու սեփական ցանկության բավարարման ճանապարհին: Ասենք, պաղեստինցիները շարունակում են պահանջել իրենց հողերը, որոնք գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ, նույնը բանը կրկնում են արաբական մի շարք երկրներ, նաեւ Իրանը: Սակայն, եթե պաղեստինցիներն իրենք այդ մասին չբարձրաձայնեին, այլ միայն արաբական երկրներին ու Իրանին հետաքրքրեր պաղեստինյան հողերի ազատագրումը, ապա այս հարցը լայն հնչեղություն չէր ունենա միջազգային ասպարեզում:
Ուրեմն հետեւություն, հաջողության է հասնում անկախության, սեփական տարածքային ամբողջականության վերականգնմանը ձգտող այն տարածքը, որի ժողովուրդն ինքն է հետեւողականորեն պայքարում ու այդ մասին միջազգային հանրույթին բարձրաձայնում: Պաղեստինցիները, օրինակ, սա անում են, ղարաբաղցիները` ոչ:
Թերեւս նաեւ այս պատճառով աշխարհում ոչ մի երկիր դեռեւս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, որը, ինչպես վերը նշեցինք, ամենեւին չի հերքվում միջազգային իրավական տեսանկյունից:
Եվրոպական` անկախության ձգտող առանձին տարածաշրջաններին «Ազգը» բազմիցս է անդրադարձել: Որպես կանոն Եվրոպայում առանձին միավորներ անկախության են ձգտում առավելաբար տնտեսական շարժառիթներից ելնելով, հետեւաբար միջազգային իրավունքը նաեւ այս շարժառիթն է ընդունում որպես անկախության հասնելու հիմնավոր պատճառ: Սա նշանակում է, որ որպես այդպիսի պատճառ չի կարող մերժվել, ստորադասվել ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգը, ինչը կանխելու համար էլ ԼՂՀ-ն այսօր անկախ պետություն է: Մինչդեռ այս ճշմարտությունը, որքան էլ ամոթալի լինի սա խոստովանել շուրջ 20 տարի անց, միջազգային հանրությունը չգիտի, սա հայկական հոծ սփյուռք ունենալու պարագայում առնվազն տարօրինակ է թվում: Ընդ որում, հայկական սփյուռքին վերջին տարիներին գումարվել է, առանձնացնելու համար թող ներվի, ղարաբաղյան սփյուռքը, որը հենց անմիջականորեն շահագրգիռ պետք է լինի` ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում: Այս օրերին Արցախում մի շարք ղարաբաղյան սփյուռքի ներկայացուցիչներ իրականացնում են լայնամասշտաբ ծրագիր, ինչը ենթադրում է Արցախում բազմապիսի ենթակառուցվածքների կառուցում ու առհասարակ լայնածավալ շինարարություն: Իհարկե ողջունելի նախաձեռնություն է, սակայն մի՞թե հնարավոր չէ որոշակի միջոցներ տրամադրել նաեւ Ղարաբաղի վերաբերյալ միջազգային դրական վերաբերմունք ձեւավորելու գործին: Միջոցները, փաստորեն, կան, չենք ցանկանում արձանագրել, որ ուրեմն ցանկություն չկա: Սա շատ կարեւոր է, քանի որ, օրինակ, Արեւելյան Թիմորի` Ինդոնեզիայից անկախության ճանապարհին լրջագույն օգնություն ցուցաբերեցին հենց այն թիմորցիները, որոնք ապրում են, սովորում են, աշխատում են արտերկրում: Նրանք իրենց բնակության վայրերում պարբերական ցույցեր էին անում, ծանոթություններ հաստատում, հայտարարություններ էին տարածում, գրքեր հրատարակում...
Միջազգային հանրությունը չի կարող ուղղակի մի օր որոշել ու ճանաչել ԼՂՀ անկախությունը, դրան հասնել է պետք, եթե ավելի դիպուկ ասենք` դա ստիպել է պետք, իսկ ստիպել կարողանում են նրանք, ովքեր նախ եւ առաջ ճանաչելի են: Մի՞թե Արցախում չկա մի բան, ինչը կա միայն Արցախում, կամ ինչ ամենալավը լինում է հենց Արցախում: Որքան որ զավեշտալի հնչի, բայց, օրինակ, Կատալոնիայում այդ բանը «Բարսելոն» ֆուտբոլային ակումբն է, Շոտլանդիայում` վիսկին, Ուելսում` ռեգբին, Իտալիայի հյուսիսում, Ճենովա քաղաքին մոտ գտնվող փոքրիկ Սեբորգա երկրում` շնորհվող ասպետական կոչումը, շարքը կարելի է շարունակել: Մինչդեռ աշխարհն այսօր չգիտի, թե` «ի՞նչ» է Ղարաբաղը, ինչո՞վ է նա ինքնատիպ, առանձին... Լոնդոնում կամ Փարիզում, Միլանում կամ Վարշավայում ապրող մարդը անկախությունը ճանաչում է հենց այս սկզբունքով:
Ի տարբերություն, օրինակ, Պաղեստինի, Արցախի Հանրապետությունն այսօր ամբողջովին վերահսկում է սեփական տարածքը (եթե չհաշվենք ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող ղարաբաղյան հողերը), սա խիստ կարեւոր նախապայման է, որպեսզի տարածքային միավորին շնորհվի պետության կարգավիճակ: Մինչդեռ սեփական տարածքը ոչ լիարժեքորեն վերահսկող Պաղեստինն այսօր ՄԱԿ-ի դիտորդ անդամ է, իսկ ԼՂՀ-ն` ոչ. ինչո՞ւ, գուցե նաեւ այն պատճառով, որ աշխարհում այսօր ավելի շատ ճանաչում են «կրակների երկիրը», քան կրակների միջից դուրս եկած Արցախն ու իր ժողովրդին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հ. Գ.- Ի դեպ, Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը նոր տեսք ունի: Իսպանական ամենահայտնի ակումբներից մեկի ֆուտբոլիստների մարզաշապիկներին գրված է` «Ադրբեջան. կրակների երկիր»...Ոչ պաշտոնական տվյալներովՙ «Ատլետիկոն» միայն Մադրիդում ունի շուրջ կես միլիոն երկրպագու: