«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2012-12-12 | #223, 2012-12-13 | #224, 2012-12-14


«ԳՆԱՑԵՔ ՀԵՌՈՒ, ԵՍ ՉԿԱՄ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու». ժողովրդական այս խոսքը այս անգամ մեր առօրյա վերադարձավ Ծառուկյանի պահով: Լրատվական եւ քաղաքական փոխմիացած դաշտերը այժմ էլ նույն ուժգնությամբ հիմնական թեմա են դարձրել Ծառուկյանի չառաջադրումը ու բոլորը վրա ընկած` իմաստնանում են, թե իրենք էս էին ասել կամ գրել, էն էին ասել կամ գրել, ու իրենց ասածով կամ գրածով էլ ամեն ինչ եղավ: Օդը լցված է տարբեր ասեկոսեներով, սեփական աղբյուրների ջրով: Մենք էլ վայրկյանի մի հարյուրերոդ մասով դառնանք սեփական աղբյուրներին դիմող մեր անզուգական լրատվամիջոցների կերպով ու նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ էլ Ծառուկյանի չառաջադրման փոխարեն (ինչպես արդեն գրել ենք), նրա չառաջադրվելու որոշումը փոխհատուցվելու է, եւ, իբր, ըստ մեր ամենասեփական աղբյուրների, նախագահաան ընտրություններից հետո վարչապետ է նշանակվելու Հովիկ Աբրահամյանը: Բա:

Իսկ այլ լրատվամիջոցների սեփական աղբյուրները ամենատարբեր բաներ են ասում. որ Ծառուկյանի որոշումը հզոր տերությունները Հայաստանից մի երեք օր առաջ են իմացել, կամ` նախագահական ընտրություններից հետո հնարավոր է նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի, շատ ավելի ընդլայնված մասնակիցներով, եւ իհարկե, այնտեղ լինելու է նաեւ ԲՀԿ-ն: «Է, քուրս, դրանք բոլորն էլ նույն խմորից են ու ոչ մի կապ չունեն ժողովրդի խմորի հետ», քաղաքական թեմայով իր դատողություններն այսպես ավարտեց ինձ տեղ հասցրած տաքսու վարորդը` ամփոփելով իր այն խոսքը, թե ինչ կատարվում է վերեւներում, ներքեւինների հետ ոչ մի կապ չունի, ներքեւինները կքած են իրենց սարի չափ հոգսին, ու էդ թագավորական խոսակցությունները մենակ վերեւներն ու նրանց ձեռքի ջնջոց լրատվամիջոցներն են տանում ամեն օր:

Ասեկոսեները` ասեկոսեներ, բայց որ ողջ քաղաքական դաշտն ասես կորցրած լինի հենման կետը, սա` հաստատ, քանի որ նախագահական ընտրությունները քթի տակ, մարդիկ չգիտեն ինչ որոշեն, ում կողմը նայեն, ԲՀԿ որոշումից հետո փորձում էին ինքնուրույն առանցքավորել իրենց քաղաքական առօրյան: Այժմ բոլորը խոսում են այն մասին, թե ով ինչպես պետք է աշխատի, որ իր կողմը գրավի ծառուկյանական կես միլիոնանոց էլեկտորատը` ասել է թե բաժանում են անտեր մնացած ժառանգությունը: Ասում են այն մասին, թե պետք է վերստին իմաստավորել քաղաքական դաշտը, զրոյից կայացնել, ապաօլիգարխացնել, նորոգել եւ այլն:

Օրինակՙ ՀԴԿ-ից Արամ Սարգսյանը երեկ կայքերից մեկին ասել էր, թե ամենակարեւորն այն է, ինչ հաջորդելու է ընտրություններին. «Դա նախագահի երկրորդ ժամկետի սկիզբն է, այսպիսով, անհրաժեշտ է լրջորեն պատրաստվել հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին»: Ընդհանուր առմամբ` քաղաքականները փորձում են հարմարվել նոր իրավիճակին:

Ընդհանրացնենք մեր ասելիքը` երեկվա մի քաղաքական բանավեճի ընդհանուր տրամադրությունը փոխանցելով: Երեկ մի ասուլիսատեղում (քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում) եղանք, որտեղ բանավեճի էին մի խումբ քաղաքական գործիչներ եւ հասկացանք, որ, այո, մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները փորձում են գոյացած ծանծաղուտից դուրս լողալ: «ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը պատկերավոր նկարագրում էր տեղի ունեցածը, թե ամիսներ ՀՀԿ-ն ընկել էր ԲՀԿ-ի հետեւից` իրեն սատարելու պահանջով, նույն բանն անում էր ՀԱԿ-ը, եւ Ռոբերտ Քոչարյանը, ու Ծառուկյանի արածն այն էր, որ ասաց. «Գնացեք, ես չկամ»: Նա աննախադեպ անվանեց ԲՀԿ-ի որոշումը ոչ մեկին չսատարելու մասին, սա վատ նշան համարելով առհասարակ մեր քաղաքական իրականության համար, քանի որ կես միլիոն մարդու այդպիսով կոչ է արվում մնալ տանը եւ չգնալ ընտրությունների:

ՀՅԴ-ից Արսեն Համբարձումյանը նշելով, որ հարգում են ԲՀԿ-ի կայացրած որոշումը` կրկին խոսեց միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելուց, իսկ բուն թեկնածուի մասին, ըստ նրա, խոսք կգնա երկրորդ փուլում, ու միայն միասնական թեկնածուի պարագայում է մրցակցային ընտրություններ ապահովել: Ե՞րբ է այդ երկրորդ փուլը, չհամբերեցինք անհամբերներս. սահմանված կարգով նախընտարական շտաբեր կձեւավորվեն, պաշտոնական առաջադրումները կսկսվեն` այն ժամանակ: Քիչ մնաց, հա: Ա. Համբարձումյանը անհամբեր ճշտողների համար պարզաբանեց. «Ընտրությունն օլիմպիադա չէ, մենք մեր օրակարգն ենք ուզում իրականացնել նախագահական ընտրությունների միջոցով», հավելելով, թե օրակարգի իրականացմանը հետամուտ են լինելու անկախ նրանից` իշխանությո՞ւն են լինելու, թե ընդդիմություն: Նա քաղաքական դաշտը չկայացած համարեց` անձնակենտրոն ուժեր են գործում քաղաքական դաշտում, միանձնյա որոշումներ են կայացվում, այս բոլորը պետք է փոխվի:

«Ոչ մեկի հետեւից Հանրապետականը չի ընկել, գուցե «Ժառանգությունն» է ընկած «Ազատ դեմոկրատների» հետեւից», ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի ` ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը ` նկատի ունենալով այն, որ «Ժառանգության» լիդերը խնդիր ունի իր կողմից խորհրդարան բերած ուժի պաշտպանությանը նախագահական ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ի հիմնական նպատակ նշեց նորմալ ընտրությունների անցկացումը: Եվ մի քաղաքական ուժի չմասնակցության պարագայում` մյուս քաղաքական ուժերի հիմնական անելիք որպես տեսավ այն ջանքերը, որոնք պետք է գործադրել ազատ մնացած ԲՀԿ-ի էլեկտորատն իրենց կողմը գրավելու համար:

Ահա այս էր ընդհանուր պատկերը երեկվա քաղաքական բանավեճի երեւի բոլոր հնարավոր կարծիքարտահայտման վայրերում:

Պակասում էր Վարդան Օսկանյանի տեսակետը, դա էլ եղավ ֆեյսբուքում, ուր Օսկանյանը գրել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանՙ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:

Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուովՙ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաեւ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:

ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները եւ Գագիկ Ծառուկյանի` իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով եւ չսատարել որեւէ այլ թեկնածուի:

Չնայած ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»: Սակայն Օսկանյանը չի ասել, թե ինչպես է արտահայտվելու այդ հարգանքը, ինչ գործողությամբ:

Քաղաքական դաշտի իրադարձություններին ակնդետ հետեւող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը եւս երկրորդ նախագահի էջում հանգստացրել է Քոչարյանի ուրվականից վախեցողներին, թե չի կարծում, որ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին, քանի որ երբեք նրանից չի լսել առաջադրվելու ցանկության մասին: Բայց եւ`«անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ». ապագայում նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին եւ հարցազրույց տալ: Պուտինի հետ էլ հանդիպում ծրագրված չէ, թեեւ լրատվամիջոցները գրել են այդ մասին (Քոչարյանն այժմ Մոսկվայում է ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով միայն):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4