«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2012-12-12 | #223, 2012-12-13 | #224, 2012-12-14


ՆՈՐ ԽՈՍՔ ՆՈՐ ԱՄՍԱԳՐՈՎ

Լույս է տեսել գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական «Անդին» ամսագրի նախահամարը, որտեղ համառոտ ամփոփված է ամսագրի առաջիկա երեք համարների բովանդակությունը, իսկ «Անդինի» առաջին համարը լույս կտեսնի 2013-ի հունվարին:

Նախահամարի հրատարակման առիթով երեկ լրագրողների հետ հանդիպեց ամսագրի գլխավոր խմբագիրն ու խմբագրական խորհրդի նախագահը` գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը :

Գլխավոր խմբագիրը վստահ է, որ ամսագիրը հետաքրքրություն կառաջացնի նաեւ երիտասարդության շրջանում: Մերուժան Տեր-Գուլանյանը համաձայն չէ այն կարծիքին, թե նոր սերունդը կամ, ինչպես ինքն է ասում, անկախության սերունդը, կարդալ չի սիրում եւ չի էլ կարդում: Ըստ նրա` երիտասարդությանը պարզապես պետք է մատուցել հետաքրքրական նյութեր, իսկ «Անդին» ամսագրում զետեղված նյութերի մեջ, Մերուժան Տեր-Գուլանյանի փոխանցմամբ, երիտասարդները հաստատ կգտնեն իրենց հետաքրքրող հոդվածներ:

Թե ինչու՞ է կոչվում անդինՙ պատասխանը Մերուժան Տեր-Գուլանյանը կապում է Ե. Չարենցի «Կարմիր գծից անդին» արտահայտության հետ եւ հավելում. որ իր անկախությամբ Հայաստանը կարմիր գծի սահմանը տարիներ առաջ է անցել եւ վաղուց ժամանակն է վերաիմաստավորելու ժողովրդի ստեղծած արժեքները նոր սերնդի համար, հետեւաբար իր հրապարակումներով «Անդին» ամսագիրը ծառայելու է նաեւ այդ նպատակին:

Մերուժան Տեր-Գուլանյանը տեղեկացնում է, որ ամսագրի դռները բաց են բոլոր հեղինակների առաջ` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից. ամսագրի համար կարեւոր է, որ հոդվածը լինի օգտավետ ու հետաքրքրական:

«Անդինը» լույս կտեսնի ամեն ամիս` տարեկան 12 համար, որոնք գրախանութներում ու կրպակներում չեն վաճառվելու, այլ վաճառվելու են միայն բաժանորդագրությամբ: Դպրոցների ու բանակի համար բաժանորդագրման գինը տարեկան 12 հազար դրամ է, իսկ մյուս բոլորի համար` 24 հազար դրամ: Ամսագիրն ունենալու է 5000 տպաքանակ, իսկ թեմաները լինելու են բազմազան, ամսագիրը չի սահմանափակվելու միայն հայաստանյան թեմաների լուսաբանմամբ, այլեւ ընդգրկելու է անդրադարձներ ամբողջ աշխարհից:

«Անդինի» խմբագրական խորհրդում ընդգրկված են Աշոտ Մելքոնյանը, Լեւոն Սարգսյանը, Հարություն Հարությունյանը, Սեյրան Օհանյանը եւ ուրիշներ: Ի դեպ, պաշտպանության նախարարիՙ խմբագրական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ Մերուժան Տեր-Գուլանյանը նշում է, որ դրանով պայմանավորված ամսագիրն անընդհատ անդրադառնալու է նաեւ հայկական բանակին:

Գլխավոր խմբագիրը հավաստիացնում է ընթերցողներին, որ ամսագրերի այսօրվա բազմազանության մեջ «Անդինը» կտարբերվի մյուսներից:

Հուսով ենք, որ նորաստեղծ ամսագիրն իր անաչառությամբ ու նոր խոսքով իսկապես կդառնա նորույթ մեր ամսագրային մամուլում եւ կունենա երկար կյանք ի տարբերություն մեր օրերում արագ բացվող ու արագ էլ փակվող ամսագրերի: «Անդինին» մաղթում ենք բարի երթ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4