«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ԾԱՆՈԹԱՑԵՔ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Դժվար է ասել, թե ո՞ր երիտասարդներն են ավելի շահեկան վիճակում. նրանք, որոնց ամեն օրը մի նոր խենթությո՞ւն է, նրանք, ովքեր ամեն օր քայլո՞ւմ են քաղաքում` ոչինչ չանելով, նրանք, որոնք մեքենաներից դուրս են գալիս միայն, եթե որեւէ տե՞ղ են մտնում, գուցե նրա՞նք, ովքեր ամեն օր աշխատում ենՙ փորձելով որեւէ արդյունքի հասնել, թե՞ այն երիտասարդները, որ քաղաքականությամբ են զբաղվում տարբեր կուսակցությունների երիտասարդական թեւերում կամ համակարգչի առջեւ նստած:

«Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, թուրքագետ Վաչագան Հակոբյանը , չբավարարվելով զուտ հասարակական գործունեությամբ եւ իրեն «քաղաքականության մեջ տեսնելով»` հիմնել է «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցությունը, փոխնախագահը Վաչագանի համակուրսեցի Մխիթար Հայրապետյանն է, քաղխորհրդի անդամները` Վազգանուշ Սահակյանն ու Ազնիվ Շահազիզյանը: Երեկ նոր կուսակցության, որի ուշադրության կենտրոնում են լինելու «երիտասարդությանն ու կրթությանը վերաբերող հարցերը», անդրանիկ հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մեր հարցին, թե ի՞նչ երեք խնդիր կա, որ այսօր տեսնում եք Հայաստանում ու կցանկանայիք փոխել, կուսակցության հիմնադիր-նախագահը պատասխանեց. «Այս պահին դժվարանում եմ հենց երեք բան ասել, բայց երեքը չէ, շատ բան կա փոխելու»: Ընդ որում, նաեւ` ժողովրդավարության առումով, քանի որ երիտասարդները նշեցին, որ այսօրվա Հայաստանում դեռեւս ամբողջովին կայացած չեն ժողովրդավարական ինստիտուտները, դե իրենք էլ, «որպես հայրենիքի խնդիրները լուծելու պատասխանատվությամբ լցված երիտասարդներ», որոշել են գտնել այդ խնդիրների լուծումը ու հրավիրում են իրենց միանալու այլ երիտասարդների, որոնք եւս «հայրենիքի խնդիրները լուծելու պատասխանատվություն են զգում»: Այս պահին «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցությունն ունի 300 համակիրներ, որոնք կուսակցության` գալիք տարվա սկզբին կայանալիք համագումարից հետո կդառնան կուսակցության անդամներ: Ի դեպ, հենց այդ համագումարից հետո կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում. ես չեմ բացառում, որ մենք սատարենք թեկնածուներից որեւէ մեկին», ասաց կուսակցության հիմնադիր նախագահ Վաչագան Հակոբյանը` նշելով նաեւ, որ իրենք իրենց հնարավորությունները ռեալ են գնահատում, հենց ինչի պատճառով էլ, լինելով նոր կազմավորվող ուժ, չեն մասնակցելու նախագահական ընտրություններին: Ի դեպ, 2017-ի նախագահական ընտրություններին, ըստ ամենայնի, երիտասարդները եւս չեն մասնակցի` գոնե առանձին թեկնածուով, քանի որ կուսակցության հիմնադիր-նախագահ Վաչագան Հակոբյանը 2017-ի ընտրությունների ժամանակ բոլորած չի լինի իր 35-ամյակը, ինչը նախագահի թեկնածուիՙ սահմանադրությամբ սահմանված տարիքային շեմն է:

«Ժողովրդավարական Հայաստանը» գործելու է «բացառապես պետանականամետ դաշտում» ու նույն դաշտում է գտնվելու նաեւ արտաքին քաղաքական առաջանահերթություններ ընտրելիս: Իսկ եթե չհիմնեին իրենց կուսակցությունը, ապա արդեն իսկ գործող ու իրենց հզոր երիտասարդական թեւերով հայտնի քաղաքական ոչ մի կուսակցության երիտասարդները չէին հարի: Ավելին, նորկուսակցականներին որեւէ մեկի օգնությունը պետք չէ, համագործակցությունն էլ իրենք հնարավոր են համարում միմիայն իրավահավասարության սկզբունքով: Կուսակցության ֆինանսական միջոցներն առաջանում են բացառապես անդամավճարներից, անգամ կուսակցության շենքի վարձավճարը երիտասարդները տալիս են իրենց միջոցներով: Ի դեպ, երբ առաջին համագումարից հետո կուսակցությունը գրանցվելու համար դիմի արդարադատության նախարարություն, երիտասարդ կուսակցականները փաստորեն ստիպված կլինեն ավելի շատ սեփական միջոցներ ծախսել կուսակցական կարիքների համար, քանի որ, ըստ գործող օրենքի, կուսակցությունների անվանման մեջ «Հայաստան» անվանման օգտագործումն արժե 100 հազար դրամ տարեկան: «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցությունը նախագահական գալիք ընտրությունների նախաշեմին հայտնեց իր հիմնադրման մասին «զուտ զուգադիպորեն». «Մտահղացումը, գաղափարը` կուսակցություն ստեղծելու, վաղուց կար, պարզապես ստեղծումը հասունացավ հենց այս պահին, ու որ մեր ստեղծումը համընկավ այս օրերին, զուտ զուգադիպություն կարելի է նայել»...

Հաջողություն մաղթենք երիտասարդներին եւ անկեղծորեն ցանկանանք, որ նրանք այս կամ գալիք շատ ու շատ նախագահական ընտրություններից հետո գտնեն ու լուծեն մեր երկրում առաջացած ոչ միայն երեք, այլեւ շատ ու շատ խնդիրներ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4