«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2012-12-15 | #226, 2012-12-18 | #227, 2012-12-19


ԱԼԵՆ ԴԵԼՈՆ. «ՉԳԻՏԵԻ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՆՁ ԱՅՍՔԱՆ ՍԻՐՈՒՄ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Շատ դժվար է լինել Ալեն Դելոն: Հատկապես դժվար է լինել Ալեն Դելոն ամեն օր, ողջ կյանքի ընթացքում: Դա հասկանալու համար գոնե մեկ օր պետք է ապրել իմ կյանքով, բայց պետք է խոստովանեմ, որ այդ կյանքը միաժամանակ հրաշալի է: Ես ուշադրություն եմ դարձնում միայն այն նախագծերին, որոնք ինձ կարող են թույլ տալ հասնել բարձունքների: Ես նրանցից չեմ, որ պարտվում են», մի առիթով ասել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը :

Աշխարհի ամենահամակրելի ու գեղեցիկ տղամարդկանցից մեկը, որ մի քանի սերունդների կուռքն է, հանդիսատեսին ներկայացել է տասնյակ ֆիլմերում, ամենատարբեր դերերովՙ մարտնչող Զորրոյից մինչեւ սրտակեր ֆրանսիացի, նախկին բանտարկյալ Ջինոյից մինչեւ Հուլիոս Կեսար:

Իր արտաքինի մասին Դելոնը հաճախ չի խոսել, նախընտրել է, որ իրեն գնահատեն իր վարպետության, այլ ոչ թե հմայիչ աչքերի համար:

Ժամանակի ընթացքում կինոքննադատները հասկացանՙ Դելոնը նույնքան տաղանդավոր է, որքան հմայիչ: 1973-ին էկրան բարձրացած «Երկուսը քաղաքում» ֆիլմում Ջինո Սթաբլիջի կերտած կերպարով նա ապացուցեց, որ դարաշրջանը լիովին կարող է համարվել դելոնական:

Նրան սիրահարված էին գրեթե բոլորը, սակայն նա խոստովանում է, որ այդպես էլ չի գտել իր կյանքի կեսին, այն երկրորդինՙ ում համար սիրտն ավելի արագ կբաբախեր, ում համար կցանկանար ապրել ու ստեղծագործել: Ֆրանսիայում ասում ենՙ աստվածները կիսատ չեն լինում, նրանք ամբողջական են եւ լրացման կարիք չեն զգում: Հենց այսպես են ֆրանսիացիները բացատրում Դելոնի այն արտահայտությունը, թե այդպես էլ չգտավ իր կյանքի երկրորդ կեսին ու միշտ սիրո կարիք է զգում:

«Ես համակերպվեցի իմ արտաքինի հետ միայն այն ժամանակ, երբ էկրան բարձրացավ իմ ամենահայտնի ֆիլմերից «Լողավազանը»: Այդ ժամանակ ես երեսուներեք տարեկան էի ու հանկարծ հասկացաՙ Քրիստոսի տարիքը, սամուրայի հոգին, սիրեկան հերոսի արտաքինը, այս ամենը հակազդում են միմյանց եւ միաժամանակ դրանք իմ դերասանական հաղթաթուղթն են», մի առիթով նշել է դերասանըՙ հավելելով, որ իր անունը ոսկե տառերով է գրված կինոյի պատմության մեջ:

«Կան 5-6 ֆիլմեր, որոնք համաշխարհային ճանաչում ունեն: Հենց դա է պատճառը, որ ես հիմա վախենում եմ իմ արվեստի նկատմամբ վերաբերմունքն ու կարծիքը փոխել ինչ-որ անհաջող դերով»:

Մինչ որեւէ ֆիլմի անցնելը Դելոնը մանրամասն ուսումնասիրում է այն, համեմատական անցկացնում իր կերպարի հետ եւ միայն համոզվելով, որ ինքն անհրաժեշտ է այդ ֆիլմին, իսկ դերնՙ իրեն, համաձայնում է խաղալ:

Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է Դելոնը, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կատակերգությունն է, որը բաղկացած է 5 առանձին նովելներից, եւ դրանցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Ֆիլմը, որի բյուջեն կազմում է վեց միլիոն դոլար, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27-ից:

Առավոտյան ժամը վեցին Ալեն Դելոնն արդեն Երեւանում էր: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այցելել Ծիծեռնակաբերդ:

Ծափահարություններով ու ողջույններով սկսվեց նրա եւ ռուս դերասաններ Իրինա Ռոզանովայի, Կոնստանտին Կրյուկովի, պրոդյուսերներ Վալերի Սահարյանի եւ Ղեւոնդ Սնդրեասյանի մամուլի ասուլիսը «Երեւան» հյուրանոցում:

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում Դելոնը համաձայնել է խաղալ անվճար: «Ֆիլմն ինձ հոգեհարազատ է, նվիրված է մայրերին, իսկ մոր թեման ինձ համար շատ անձնական ու շատ նվիրական է: Մորս կորցրել եմ 16 տարի առաջ, եթե հիմա հնարավորություն ունենայի իրեն տեսնելու, ապա ոչինչ չէի անի, ուղղակի ամբողջ ժամանակս կանցկացնեի իր հետ, կպարուրեի նրան այն մեծ սիրով, որին նա արժանի է: Այն, ինչին հասել եմ, հասել եմ մորս շնորհիվ, իմ արտաքինն ու իմ ձեռքբերումները նրա շնորհիվ են: Մայրս չկա, բայց ես միշտ ինձ մոտ պահում եմ այն իրը, որ նա նվիրեց ինձ, դա փոքրիկ խաչն է», ասում է Դելոնը:

Ֆիլմի սյուժեն հոգերահազարտ է նաեւ ֆիլմի պրոդյուսերներից Վալերի Սահարյանի համար: Մայրն արդեն մեկ տարի Երեւանում է բնակվում ու ինքը երջանիկ է, որ ֆիլմի պրեմիերան Երեւանում է եւ սա գեղեցիկ նվեր է իր եւ բոլոր մայրերին:

Ալեն Դելոնին հարց տալու հնարավորություն ընձեռվեց նաեւ «Ազգին»:

Թե ինչ է տանում Հայաստանից եւ Երեւանն ինչպիսին կմնա իր հիշողություններումՙ Դելոնն ասում է. «Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ առավոտյան ժամը վեցին, անկեղծ եմ ասում, ես չգիտեի, որ ինձ Երեւանում այսքան սիրում ու գնահատում են: Թեեւ Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, ես չէի կարող ենթադրել, որ ինձ այստեղ ճանաչում ու գնահատում են: Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլը պարզապես վախեցել է, որ ես երես կառնեմ, եթե իմանամ, թե որքան են ինձ սիրում ձեր երկրում»:

Երեւանը սիրել, ցուրտ եղանակին մարդկանց ջերմությամբ ոգեւորվել ու զարմացել է նաե Կոնստանտին Կրյուկովը: Նրա գնահատմամբՙ ֆիլմը շատ բարի է ստացվել, իսկ նկարահանումներն անցել են ջերմ մթնոլորտում:

Դերասանուհի Իրինա Ռոզանովան հիշում է, որ նկարահանման հրապարակում Ալեն Դելոնին առաջարկել են գրիմ անել, որպեսզի ծածկեն կնճիռները, սակայն դա վրդովեցրել է դերասանին:

«33 տարեկանում ես եղել եմ տիեզերքի ամենագեղեցիկ տղամարդը, իսկ հիմա, երբ արդեն մեծացել եմ, այդ կնճիռները, որպես իմաստության նշաններ, կլինեն լավագույն գրիմը», ասել է դերասանը:

Վերջին շրջանում Ալեն Դելոնն առավել հազվադեպ է խաղում ֆիլմերում:

«Իմ կարիերան բարձունքի վրա է, եւ ես մտածում եմ կինոյից հեռանալու մասին, սակայն մինչ այդ ունեմ եւս մեկ բաղձալի երազանք: Կինոյից հետո ցանկանում եմ ինձ զգալ նաեւ բեմում: Դա կլինի ստեղծագործական կյանքի իմ վերջին ակորդը: Բեմում կխաղամ իմ 22-ամյա դուստր Անուշկայի հետ», ասել է դերասանը:

Այսօր առավոտյան Դելոնն արդեն կմեկնի Մոսկվա: Երեկոյան կկայանա ֆիլմի պրեմիերան արդեն ռուս հանդիսատեսի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4