«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2012-12-15 | #226, 2012-12-18 | #227, 2012-12-19


ՈՐՏԵ՞Ղ ԹԱՔՑՆԵԼ «30 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐԻՆ»

Հայ հասարակությունը «նոր էր համակերպվել» ադրբեջանական մեդիամեքենայի այն տեղեկությունների «ճշմարտացիությանը», թե Ադրբեջանում այսօր ապրում են 30 հազար հայեր, երբ նույն այդ մեքենան թարմացրեց տեղեկությունը: Պարզվում է, որ 30 հազար հայեր ապրում են ոչ թե Ադրբեջանի տարածքում, այլ միայն Բաքվում: Ընդ որումՙ նրանք դիմում են համապատասխան վարչությանը` տրամադրելու իրենց Ադրբեջանի քաղաքացիություն:

Բայց ամեն ինչ փոքր-ինչ մանրամասնենք: Ադրբեջանական Vesti.az-ը օրերս տեղեկացրեց, թե «Բաքվում ապրող 30 հազար հայերից 30 հոգի դիմել են Ադրբեջանի միգրացիոն ծառայությանը` խնդրելով աջակցելՙ ստանալու անձը հաստատող փաստաթուղթ»: Իհարկե Vesti.az-ը չի պարզաբանում, թե ինչո՞ւ Բաքվում «այսօր ապրող 30 հազար հայերից» միայն 30 հոգին են անձը հաստատելու փաստաթուղթ խնդրում Ադրբեջանի միգրացիոն վարչությունից, թերեւս այս հարցն այնքան էլ չկարեւորելով: Շարունակելովՙ ադրբեջանական կայքը մեջբերում է հարեւան երկրի ՆԳՆ անձնագրային վարչության ներկայացուցչի հայտարարությունը. «Ազգությամբ հայ քաղաքացիներին արդեն վաղուց անձը հաստատող փաստաթղթեր են տալիս, եւ սա նորություն չէ: Նրանք Ադրբեջանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես մնացածը, եւ նրանց մերժելու հիմքեր այժմ մենք չունենք»: Փաստորեն, եթե Ադրբեջանի ՆԳՆ անձնագրային վարչությունն «այժմ ազգությամբ հայ քաղաքացիներին» մերժելու հիմքեր չունի, ստացվում է, որ դրանք ունեցել է ավելի վաղ (եթե, իհարկե, ընդունենք, հարեւան երկրում ազգությամբ հայերի գոյության փաստը - Հ. Ա.), իսկ եթե ավելի վաղ հայերի խնդրանքը մերժվել է, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ, եւ, որն ավելի կարեւոր է` ի՞նչն է այսօր փոխվել, որ «այժմ նրանց մերժելու հիմքեր մենք չունենք»:

Այնուհետեւ սկսվում է ամենաուշագրավը: Համապատասխան պաշտոնյան ադրբեջանական կայքին հավաստիացրել է. «Ազգությամբ հայերը անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար ցանկանում են, որ իրենց ազգանունների «յան» վերջավորությունը փոխվի` «ով»-ի, կամ «ովա»-ի. «Դա տրամաբանական է: Կողմերը գտնվում են պատերազմական դրության մեջ, ու թեեւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմամբ, անկախ ազգությունից, բոլորը հավասար են օրենքի առջեւ, որոշ մանր պաշտոնյաներ փորձում են երբեմն խնդիրներ ստեղծել: Դա ընդամենը բյուրոկրատական քաշքշուկ է, երբ տեղեկանք չեն տալիս եւ այլն», պարզաբանել է Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը:

Լավ, եթե իրոք հարեւան երկրում հայեր են ապրում` «յան» վերջավորությամբ ազգանուններով, ու, ինչպես պաշտոնական Բաքուն է պնդում, պաշտպանված են հանդուրժող ադրբեջանցի հասարակությունում, ապա ինչո՞ւ են նրանք ցանկանում իրենց ազգանունների «յան» վերջավորությունը փոխարինել «ով»-ով կամ «ովա»-ով: Հետեւաբար, կամ հայերն Ադրբեջանում պաշտպանված չեն ու վտանգի մեջ են` զուտ եւ միայն իրենց ազգության համար, կամ հարեւան երկրում ընթանում է հայերին ադրբեջանցի սարքելու քաղաքականություն, կամ էլ, ինչն ամենահավանականն է թվում, Ադրբեջանում հայեր ուղղակի չկան, այն էլ` 30 հազար: Թերեւս այս առումով տեղին է հիշել Ադրբեջանում լայն ժողովրդականություն վայելող Ռամիլ Սաֆարովի փաստաբանի խոսքերը բուդապեշտյան դատարանում. «Ադրբեջանում հայ սպանելը չի համարվում հանցագործություն»: Գուցե «30 հազարից 30 հայերը» հենց այս սարսափից են ցանկություն հայտնել դառնալ Ադրբեջանի քաղաքացի եւ փոխարինել իրենց ազգանունների «յան» վերջավորությունը...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4