«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2012-12-15 | #226, 2012-12-18 | #227, 2012-12-19


ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԱՆՑԱՎ

Երեկ Ազգային ժողովը 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգի այն փոփոխությունները, որով մեծամասնության նախաձեռնությամբ փոխվում է Էթիկայի հանձնաժողով կազմելու եղանակը, հնարավորություն տալով մեծամասնությունից եւս երկու անդամի ընդգրկել այդ հանձնաժողովում, հավասարկշիռ կազմելու հիմնավորմամբ: ԲՀԿ-ի ոչ իշխանական դառնալը հանձնաժողովի անդամների կազմը դարձրել էր ընդդիմադիրների գերակշռությամբ (3-3 վիճակը փոխվել էր 4-2-ի), որը հավանաբար վախեցնում է մեծամասնությանը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է քվեարկում, սակայն Ազգային ժողովի նախագահի մոտ քննարկումներ էին եղել երեկ մինչեւ նիստը, ու ըստ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի` համաձայնության եզրեր ուրվագծվում էին: Եթե այդ համաձայնությունը կայանա, երկրորդ ընթերցման ժամանակ ԲՀԿ-ն կփոխի դիրքորոշումը:

ՀՅԴ-ն դեմ է փոփոխությանը` համարելով, որ այդպես հանձնաժողովը հեղինակազրկվում է: Չնայած` ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ասում էր (լրագրողների հետ զրույցում), որ հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նախորդ, դեկտեմբերի 7-ին հանձնաժողովի նիստին հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանին նիստից դուրս հրավիրելու իրավունք չուներ, չնայած վերջինս արհեստական սկանդալով փորձել է խանգարել հանձնաժղովի նիստը: Երկուսով էլ սխալ են եղել մի խսքով` ըստ Ռուստամյանի. այդ օրը քննարկվում էր ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը մեծամասնության կողմից տապալելու հարցի էթիկական կողմը: ՀՅԴ-ն առաջարկում է ապաքաղաքականացնել հանձնաժողովի ձեւավորման գործընթացը` հանելով կազմավորման ելակետ «ընդդիմություն եւ ոչ ընդդիմություն» բառերը եւ ներմուծելով «ԱԺ-ում ներկայացված ուժերից մեկական ներկայացուցիչ» ելակետը:

Երեկ մինչեւ նիստը Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ինչ-որ համաձայնության եզրեր են ուրվագծվել, որոնց մասին պարզ կլինի հատուկ ընթացակարգով քննարկվող օրինագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, որն ի դեպ երեկ սկսվեց ու այսօր կշարունակվի:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե եթե այս տեսքով նախագիծն ընդունվի եւ օրենք դառնա, ինքը կհրաժարվի էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Աղվան Վարդանյան էլ ասում էր, որ այս տեսքով էթիկայի հանձնաժողովը քառակուսի անիվ է լինելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում դիմեց ընդդիմությանը, թե` «Պետք չի «հաթաթա տալ», թե չենք մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, մտքներիցդ հանեք նման բանը», ասաց` հավելելով, թե ի՞նչ է նշանակում 70 պատգամավորի խայտառակ անել, թե էթիկայի կանոն են խախտել:

Այսօր քննարկումը կշարունակվի Գ. Սահակյանի ընդհատված ելույթով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4