ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրեց ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հաղորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ընդգծելով. «Ուզբեկստանն այլեւս հնարավորություն չի ունենա վերականգնելու անդամակցությունը կազմակերպությանը»: Հիշեցնենք, որ ուզբեկները դեռ այս տարվա ամռանը հայտարարել էին ՀԱՊԿ-ից դուրս գալու իրենց ցանկության մասին, իսկ Լուկաշենկոյի` Տաշքենդին էլ երբեք հետ չվերցնելու հայտարարությունը հիմանավորված է այն հանգամանքով, որ Ուզբեկստանը անցյալում` 1999-ին մեկ անգամ եւս դուրս էր եկել ՀԱՊԿ-ից, սակայն 2006-ին վերականգնել էր իր անդամակցությունը:
Փաստորեն այս պահին ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, հենց այս երկրների նախագահներն ու արտաքին, ինչպես նաեւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ԱԱԾ քարտուղարները այս օրերին հավաքվել են Մոսկվայում` ՀԱՊԿ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովին, Մոսկվայում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հարավային Կովկասում անվտանգության լրջագույն սպառնալիքը Ադրբեջանի դիրքորոշումն է»
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում, ընդգծելով, թե «քսան տարի առաջ մեր երկրների ռազմավարական ընտրությունը ճիշտ էր եւ արդարացված», նկատի ունենալով ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` 2012-ին ՀԱՊԿ-ում Ղազախստանի արդյունավետ նախագահության համար, ու կազմակերպությունում եկող տարվանից նախագահությունը ստանձնող Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին հաջողություններ մաղթելով, ասել է. «Հարավային Կովկասում անվտանգության լրջագույն սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի ունեցած դիրքորոշումը»: Հայաստանի նախագահը շեշտել է, որ Բաքվի հետ անգամ ձեռքբերված պայմանավորվածությունները` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն ու դիպուկահարների դւորսբերումը, պաշտոնական Ադրբեջանի կողմից տորպեդահարվում են»: Նախագահն անդրադարձել է նաեւ ադրբեջանական քարոզչությանը, երբ «մի ամբողջ սերունդ դաստիարակվում է այլատյացության ու անհանդուրժողականության մթնոլորտում». «Ադրբեջանում հայի սպանությունը հանցագործություն չի համարվում, եւ սա 21-րդ դարում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրում», ընդգծել է ՀՀ նախագահը` գործընկերներին հիշեցնելով «փոքրոգի մարդասպան» Ռամիլ Սաֆարովի հերոսի կերպարի կերտումը: «Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երեւանը, որը շուտով իր հիմնադրման 2800-րդ ամյակն է տոնելու, հնագույն ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, թե զինադադարի ռեժիմի խախտումը վարքի նորմ է, քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ` մոռանալով, թե ով էր խնդրում ու առաջինը ստորագրեց այդ զինադադարը», մասնավորաբար ասել է ՀՀ նախագահը` ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին: Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է դաշնակիցներին` վերջիններիս պարտականությունների մասին հիշեցում անելը: Հայաստանի նախագահը, ուշադրություն հրավիրելով, որ եկող տարի ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ թուրքախոս երկրների միությունում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանը, ասել է. «Այս առումով պետք է նշեմ, որ ցանկացած հայ դիվանագետ, առանց մայրաքաղաքի հետ համաձայնեցնելու գիտի, որ չպետք է աջակցի որեւէ նախաձեռնության, որը շոշափում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների շահերը»: Նախագահը հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ մեր երեք դաշնակից պետությունները Հայաստանին չաջակցեցին անգամ այն հարցում, երբ այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը փորձում էր խոչընդոտել Հայաստանի մասնակցությանը` ՄԱԿ-ի տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու կոմիտեին: «Ուզում եմ շեշտել, որ մեր կազմակերպությունը արդյունավետ եւ ամբողջական գործունեություն կծավալի այն դեպքում, երբ հավատարիմ մնա Մինսկում ընդունված հայտարարությանը, որտեղ ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայնՙ ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ կապերի համեմատ ունի գերակա բնույթ: Ըստ որում, ես ցանկանում եմ ընդգծել, որ ղարաբաղյան կարգավորման հարցերում Հայաստանը միշտ դիմել է գործընկերներին միայն մեկ խնդրանքով` պահպանել չեզոքություն, աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, իսկ ընդունվող փաստաթղթերում ու հայտարարություններում կիրառել ԵԱՀԿ համատեղ հայտարարություններում առկա ձեւաչափերը», ասել է ՀՀ նախագահը:
ՀԱՊԿ-ն սկսել է նախապատրաստվել խաղաղապահ գործողությունների
Այս մասին իր հերթին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, թե «սուվերեն պետությունների ներքին գործերին միջամտելն անթույլատրելի է, քանի որ դա կարող է հանգեցնել ամենալուրջ հետեւանքների. դրամատիկ զարգացումները` Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում այս ամենի ամենաակնհայտ ապացույցներն են»:
Երեկ երեկոյան նախատեսվում էր նաեւ Պուտին-Սարգսյան հանդիպումը, որին, ինչպես նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովի այլ մանրամասներին դեռ կանդրադառնանք: Վերջում նշենք միայն, որ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է հայտարարություն, որտեղ, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, մասնավորաբար ասվում է. «Առանց այլ երկրների շահերը հաշվի առնելու եւ վերջիններիս` իրավական տեսանկյունից պարտավորեցնող երաշխիքներ տրամադրելու, մենք պետության կամ մի քանի պետությունների կողմից հայտարարում ենք, որ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի տեղակայումը կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանը, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային ռազմավարական կայունությանը», սա ակնհայտորեն` Թուրքիայում ՆԱՏՕ-ական «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի դեմ: