Երեկ քիչ մնաց տապալվեր մեծամասնության նախաձեռնությամբ ԱԺ կանոնակարգ-օրենքի այն փոփոխությունը, որով փոխվում է էթիկայի հանձնաժողով կազմելու կարգը, քանի որ ընդդիմադիրները հայտարարել էին, որ չեն մասնակցում քվեարկությանը: Ամփոփիչ ելույթում նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը նշեց հանձնաժողովի նոր կազմության ձեւաչափը` 3+3+1 (իշխանության 3 տեղ, գումարած ընդդիմադիր խմբակցությունների մեկական տեղ եւ ԲՀԿ-ի 1 տեղ), ինչպես նաեւ նշեց, որ հանձնաժողովի անդամի կողմից վետո դնելու իրավունքը հանվել է: Նա նաեւ փոխանցեց, որ նախագծի մյուս հեղինակ Դավիթ Հարությունյանը պատրաստ է բանավիճել ում հետ եւ որտեղ ուզեն: Ավելի ուշՙ նետված ձեռնոցը վերցրեց Նիկոլ Փաշինյանը ` ասելով, որ պատրաստ է հեռուստատեսությամբ բանավիճել Դ. Հարությունյանի հետ: Ի դեպ, Ն. Փաշինյանն ասում էր, որ 90 տոկոսով նոր նախագիծ է քվեարկվում: ՀԱԿ-ի տեսակետն էլ ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը , որը դեմ էր մեծամասնության փորձերին` վերահսկողություն հաստատել էթիկայի հանձնաժողովի նկատմամբ, այնպես որ ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, իսկ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու հարցը կքննարկեն:
ՀՅԴ ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը , չնայած նշեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու` վետոյի իրավունքն էր հանվել, սակայն հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու են, քանի որ մի շարք ընդունելի փոփոխություններ են եղել առաջին ընթերցումից հետո: Ընդունելի դրույթների մասին նշեց նաեւ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը , այնպես որ հանձնաժողովում ԲՀԿ-ն եւս կշարունակի աշխատել, բայց եւ` քվեարկությանը նույնպես չմասնակցելու մասին հայտարարվեց: Ու երբ Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ «Ժառանգությունը» չի մասնակցի քվերակությանը, հասկանալի դարձավ, որ քվորումի խնդիր կարող էր առաջանալ: Դա տեղի ունեցավ ժամը 16-ի ընդմիջումից առաջ, ու ՀՀԿ խմբակցության հարեհաս ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այդ ընդմիջումն ավարտվեց ժամը 16-ի մոտակայքում, մեկ-երկու րոպե կար մինչեւ հիմնական ընդմիջում: Սակայն քվեարկությունը տեղի ունեցավ երկու միացված ընդմիջումներից հետո, երբ դահլիճ եկան մի շարք բացակա ՀՀԿ-ականներ: Փոփոխությունները 70 կողմ, 11 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեցին:
Անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս կաշխատի Էթիկայի հանձնաժողովը նոր կարգով եւ կմնա՞ արդյոք նրա նախագահ Ն. Փաշինյանը:
Մ. Խ.