Արձանագրում է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը
2012 թվականի ընթացքում արձանագրվել է տաքսու վարորդների կողմից վարչական խախտման շուրջ 26 հազար դեպք, որոնք կազմում են ընդհանուր խախտումների գրեթե 7 տոկոսը: Այս մասին երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը : Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը չի կարող վերահսկել բոլոր տաքսիներին, դրանց տեխնիկական վիճակը, հետեւել վարորդների կողմից ճանապարհային կանոնների կատարմանը: Հայկ Սարգսյանը հայտնեց, որ պաշտոնապես գրանցված է շուրջ 7,5 հազար մեքենա, իսկ շատերն էլ աշխատում են ստվերում:
Ըստ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի, հաճախ տաքսու ղեկին նստում են մարդիկ, որոնք նույնիսկ չունեն վարորդական վկայական: Նրա կարծիքով, պետք է պատասխանատվության ենթարկել նաեւ տաքսի սերվիսներին, որպեսզի նրանք ավելի զգոն լինեն եւ թույլ չտան մեքենա վարել ոչ սթափ վիճակում գտնվողներին կամ երթուղի դուրս չբերեն տեխնիկական անսարքություններ ունեցող մեքենաների: Այդուհանդերձ, ոստիկանության գնդապետը նշեց, որ տաքսու վարորդների զգոնության հարցում բավականին մեծ առաջընթաց են արձանագրել տեսանկարահանող արագաչափ սարքերը:
Ձմեռային վթարների մասին Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանց ճնշող մասը տեղի է ունենում ամառային անվադողերի պատճառով: «Ճանապարհային ոստիկանությունը չի կարող հսկել, որ բոլորն անպայման անիվները փոխեն», նշեց նա:
Այն հարցին, թե որքանո՞վ են արդյունավետ հասարակական տրանսպորտի կանգառներում տաքսիների կայանման դեմ միջոցները, Հայկ Սարգսյանը նշեց, որ որոշակի դրական առաջընթաց կա, քանի որ վարորդները չեն ցանկանում 10 հազար դրամով տուգանվել: Սակայն, մյուս կողմից, նրանց հաջողվում է խուսափել պատասխանատվությունից, քանի որ որոշ փողոցներում հստակեցված չեն հասարակական տրանսպորտի կանգառների սահմանագծերը:
Ա. Մ.