Հայ տպագրության 500-ամյակի հոբելյանին եւ այս համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք հռչակելու իրադարձություններին է նվիրված «Օրերի» այս տարվա բացառիկ համարը, որի անդրադարձները հայ տպագիր մշակույթի սկզբնավորմանն ու պատմությանը եւ ներկային են վերաբերում: Նյութը ներկայացված է հիմնականում Հայաստանի պետական համապատասխան կառույցների պատասխանատուների հետ Հակոբ Ասատրյանի հարցազրույցների միջոցով: Ինչպես խմբագրականում է գրված, «հայ գրատպության 500-ամյակը ոչ միայն տոնելու առիթ է, այլեւ խորհելու ու դասեր քաղելու պահ», ուստի պետք է օգտագործել պահըՙ եւս մեկ անգամ վերանայելու գրի ու գրականության ժամանակակից պահանջն ու դրա հանդեպ իրական վերաբերմունքը:
Տոնակատարությունները կարող են, իհարկե, արժեւորել երեւույթը, բայց ժամանակավորապես միայն, կարեւորը, սակայն, գրական մշակույթը զարգացնելու եւ հասարակության հայացքը դրան ուղղելու շարունակական եւ լուրջ ծրագրային քաղաքականության մշակումն է: Այս ընդհանուր համատեքստում հարցազրույցներն ընթանում են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի, «Գիրք եւ հրատարակչական գործի կենտրոն» կազմակերպության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, նույն հաստատության ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանի, «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանի, «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի, ամերիկահայ գրաքննադատ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի, արվեստագետ-երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի, գեղանկարիչ Արարատ Սարգսյանի եւ այլոց հետ:
Հայ գրատպության 500-ամյակի հիմնական տոնակատարությունները սկիզբ առան Մատենադարանից: Հայաստանում եւ միջազգային երկու խոշոր ցուցահանդեսներում (Վենետիկ եւ Ամստերդամ) Մատենադարանը ներկայացել է լավագույն ձեռագրերով: Այս մասին, նաեւ Մատենադարանի նոր շենքի բացման, հնի վերանորոգման ու նոր վերադասավորումների, ձեռագրերի ու հնատիպ գրքի ցուցադրությունների նոր հնարավորությունների շուրջն է Հրաչյա Թամրազյանի հետ զրույցը:
Վարդան Դեւրիկյանի «Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում» եռահատորյակի առաջին հատորի լույս ընծայման առիթով հեղինակն անդրադառնում է աշխատության բովանդակությանը եւ կառուցվածքին: Ըստ նրա, մինչեւ հիմա հայ տպագրության վերաբերյալ ուսումնասիրությունները եղել են պատմամշակութային (Լեո), գրքարվեստի (Գարեգին Լեւոնյան), տպագրական-գրքագիտական (Ռաֆայել Իշխանյան) համատեքստումՙ ունենալով կարեւոր մի բացթողումՙ գրքի բովանդակությունը: Ինքը փորձել է պատասխանել, թե «հայ գիրքը ինչ բովանդակություն է ունեցել իր սկզբնավորման պահից, ինչ մոտիվներ են գերիշխել, ինչ ժողովածուներ են տպագրվել եւ ինչպես է տեղի ունեցել անցումը ձեռագիր գրքից տպագիր գրքին»: Փորձել է ցույց տալ, թե տեխնիկապես ինչպես է դա արտահայտվելՙ թե՛ գրային, թե՛ զարդագրային, թե՛ իմաստաբովանդակային առումներով:
Հետաքրքրական է հանդիպումը Ալբերտ Իսոյանի հետ. «Գրքերի աշխարհ»-ի տասը տարվա խմբագիրն (1981-91) իր թերթը համարում է զարմանալի, որովհետեւ առաջին էջից մինչեւ վերջին էջը միայն գրքի մասին է եղել եւ ոչ մի անդրադարձՙ կուսակցական որոշում-համագումարներին, որի համար էլ, ըստ նրա, ժողովուրդը սիրել է այդ թերթը. ասվածի հաստատումը մինչեւ 300 հազարի հասնող տպաքանակն էր:
Անդրադառնալով նախկին եւ ներկա հասարակարգերի քաղաքատնտեսական փոփոխություններով պայմանավորված արժեքային-բարոյական նորագոյացումներին. նա այսօրը համարում է մշակույթի համար խիստ անբարենպաստ, որովհետեւ կենսական առաջնայնության խնդիրները ժողովրդի գիտակցության մեջ մթագնել են գիր, գիտություն, մշակույթ հասկացությունները. «Հիմա մենք ագահության շրջանում ենք, երբ ագահության ալիքն անցնի, երբ ստեղծվի ներդաշնակ մի հասարակարգ, այդ ժամանակ կտրուկ շրջադարձ կլինի դեպի գիրքն ու ընթերցանությունը»:
Իր ղեկավարած «Հայագիտակ» ընկերության կողմից այս տարիներին տպագրվել է արժեքավոր գրականություն, որոնցից մոտ 30-ը քարե կազմով գրքերՙ Չարենց, Տերյան, Թումանյան, Պուշկին, «Ամենայն հայոց կաթողիկոսներ», Կարեն Դեմիրճյան, դրանց մեջ կան նաեւ ոսկե հարթաքանդակված կազմով 3 գիրք: Դասական գրականության «Գիր» մեծածավալ մատենաշարի առաջին գիրքը «Գանձարան հայ հին բանաստեղծության» ժողովածուն է: Իսկ վերջերս տպագրված «Սեւ գիրք»-ն ընդգրկում է «Հայագիտակ»-ի «Օտար նշանավոր մարդիկ Հայաստանի մասին» 4 հազար անուն ընդգրկումով քարտարանից ընտրված Հայոց ցեղասպանության մասին օտարազգի շուրջ 140 հեղինակի ժամանակին գրած հոդվածներն ու ելույթները: Այժմ պատրաստվում է գրքի թուրքերեն թարգմանությունը, նաեւ անգլերեն հրատարակությունը:
Վահան Թեքեյանի բանաստեղծությունների «Հատընտիր» նորընծա ժողովածուի առիթով հարցազրույցը գրքի կազմող եւ խմբագիր Երվանդ Ազատյանի հետ արժեքավոր ընդհանրացումներ է պարունակում Թեքեյանի պոեզիայի եւ նրա անհատականության մասին, գնահատական-վերաբերմունքՙ սփյուռքի եւ հայաստանյան ներկա գրական ընթացքին ու գրականությանը, նկատելով, որ սփյուռքում հայ գրողի, հայ գրքի վիճակը անմխիթար է, սակայն հայ գրքի սակավությունը հատուցվում է անգլիատառ գրողների արժեքավոր գրականությամբ, որոնք լույս են տեսնում ոչ միայն հայկական հրատարակություններով, նաեւՙ ամերիկյան: Միանգամայն անկեղծ է Ազատյանը իր գնահատումներում ժամանակակից հայաստանյան գրականության հանդեպ:
«Դեռ ժամանակը չի եկել, որ երգիծանկարչությունը Հայաստանում զարգանա: Երբ ամբիցիաները կսառչեն եւ կհասկանան, թե ինչ են կորցրել, այն ժամանակ կսկսեն մտածել այս ուղղությամբ», այսպես է կարծում երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը : Նրա կարծիքով, երկրում տիրող դեմոկրատիայի կամ ազատության մասին կարելի է դատել, ելնելով այն բանից, թե երգիծանկարչությունը որքան է զարգացած այնտեղ: Իսկ երբ երգիծանկարիչները տարին մեկ անգամ են ցուցադրվում, այն էլՙ ապրիլի 1-ին, սա արդեն անառողջ վիճակի նշան է: Ս. Թորոսյանի հետ զրույցի առիթը հայոց այբուբենին նվիրված նկարաշարն է, որի ցուցադրությունը սեպտեմբերին կայացավ Նկարիչների միության սրահում, որից հետո այն տեղափոխվեց Շուշիի պատկերասրահ: Նրա հետ զրույցը ընթանում է արվեստագետի ստեղծագործական, բեմական, նաեւ ընտանեկան կյանքի շուրջը, անդրադառնում իր վերաբերմունքին ժամանակակից հայ արվեստին, մասնավորապես պարարվեստի աղավաղումներին:
Գրատպության մշակույթի, սեփական գիրք-նախագծերի, միջազգային ցուցահանդեսներում հայ գրքերի հաջողությունների, ժամանակակից կերպարվեստի մասին է Արարատ Սարգսյանի խոսքը: Ըստ նրա, «Ժամանակակից արվեստը կարող է մարդկայն մեծ մասի համար ընկալելի չլինել, բայց զարգացնում է էսթետիկական միտքը»:
Գրատպության 500-ամյակին նվիրված հետաքրքրական հոդվածներ ու տեղեկություններ է պարունակում հանդեսը, ինչպեսՙ Արամայիս Միրզախանյանի «Հայ տպագրության 500-ամյակը եւ Նոր Ջուղայի հայկական տպարանի դերը», Արծվի Բախչինյանի «Աշխարհի հայազգի տպագրիչները», Հովսեփ Նալբանդյանի «140.000 անուն հայ գիրքՙ հայ գրատպութեան 500-ամեակին» եւ այլն: Հայ գրավոր մշակույթին իր խոնարհումն է բերում լեզվաբան-գրաբարագետ Հայկուհի Հովհաննիսյանը ՙ «Տաճար քերթության» չափածով ստեղծագործությամբ:
Հայ գիր ու գրականության ներկայացմանը եւ դրա պահպանմանն ուղղված հոդվածների, հարցազրույցների «Օրերի» այս թողարկումը նաեւ մեր ժամանակակցի վերաբերմունքն է ազգային կարեւորագույն արժեքներին: Եվ վերջապես, գրատպության 500-ամյակը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, լավագույն առիթն է, որ «գրքի մշակույթի վերաիմաստավորման միջոցով մենք իմաստավորենք նաեւ մեր տեղը համաշխարհային մշակույթի մեջ: Այդ նպատակին հասնելու համար պետք է փորձենք մեր մշակույթն այլ մշակույթների մեջ»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ