Խրիստենկոն էլ` Կալինինգրադի մարզը
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները երեկ Մոսկվայում ավարտված գագաթաժողովում հավանաբար որոշել էին աննախադեպ անկեղծություն ցուցաբերել: Նախագահ Սարգսյանի ելույթից հետո, որտեղ, ինչպես երեկվա համարում ենք նշել, Հայաստանի նախագահը հիշեցրեց գործընկերներին Մինսկում իրենց իսկ ընդունած հայտարարությունը, թե «ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ կապերի համեմատ ունի գերակա բնույթ», Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ելույթում ընդգծեց. «Կոլեկտիվ համագործակցության ոլորտում մինչեւ այժմ ստորագրված համաձայնագրերից, ծրագրերից եւ այլ փաստաթղթերից գրեթե ոչ մի կիրառական ազդակ չի ստացվել»: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կոչ արեցին լիարժեք ու ամուր համագործակցության, ինչը, փաստորեն, մինչ այժմ այդքան էլ այդպես չէր, իսկ Ռահմոնը փաստացի նշեց, թե ՀԱՊԿ-ն մինչեւ օրս արդյունավետ չի աշխատել: Հնարավոր է, որ, շարունակելով հարեւան Ուզբեկստանի ուղին, տաջիկները եւս առայժմ ոչ բարձրաձայն, բայց ցանկություն ունեն լքելու կազմակերպության շարքերը, ժամանակը ցույց կտա...
ՀԱՊԿ-ի առաջնահերթ ուղղություն
Այդուհանդերձ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդունել են ընդհանուր առմամբ 18 որոշում, լրացումներ ու փոփոխություններ են կատարել որոշ համաձայնագրերում, ստորագրել են նորերը եւ վերջում ընդունել են հայտարարություն: Համաձայնագրերից մեկն, օրինակ, հստակեցնում է կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցությունը գալիք տարիներին եւ կոչվում է. «Մինչեւ 2020-ը ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների մասին»: Կողմերը փոփոխություններ եւ լրացումներ են կատարել «ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորամիավորումների կազմի արձանագրության» մեջ, իսկ ընդունած համատատեղ հայտարարությամբ (որի մի մասին «Ազգը» երեկ անդրադարձավ) շեշտել են. «Ռազմական համագործակցության ոլորտում նախատեսվում է առաջնահերթ ուղղություն դարձնել անդամ երկրների դեմ ագրեսիայի եւ որեւէ այլ ուժային գործողության կիրառմանը ակտիվորեն հակադարձելու համար ներուժի ստեղծումը»: Համատեղ հայտարարության այս, փաստորեն, ՀԱՊԿ գործունեության առաջնահերթության նշման մեջ խիստ ուշագրավ են ձեւակերպումների տարբերակումն ու տեքստում երկու ձեւակերպումների էլ ներառումը: Այսպես, ՀԱՊԿ անդամ երկրները ներուժ կստեղծեն` ակտիվորեն հակադարձելու ոչ միայն անդամ երկրներից որեւէ մեկի դեմ «ագրեսիայի» կիրառման պարագայում, այլ նաեւ այն «որեւէ այլ ուժային գործողության»: Սա շատ կարեւոր ընդգծում է, քանի որ իրադարձության ժամանակ բավական ժամանակատար է որոշելըՙ գործողությունն ագրեսիա՞ է, թե՞ ոչ, մինչդեռ այն ամեն մի իրավիճակում ուժային գործողություն է:
Այս ներուժի ստեղծման նպատակով կազմակերպության անդամ երկրները, ինչպես նշված է համատեղ հայտարարության տեքստում. «Ջանքեր կգործադրեն կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների հետագա զարգացման, ռազմա-տեխնիկական եւ ռազմա-տնտեսական համագործակցության ուղղությամբ»: Պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հատուկ շեշտել են. «Դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը կծառայի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների` անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ստորագրած ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում ռազմական ենթակառուցվածքների տեղադրման մասին արձանագրությունը»: Հիշեցնենք, նաեւ նախագահ Սարգսյանի ստորագրած հիշյալ արձանագրությունը մեր ԱԺ-ում բավական լուրջ քննարկումներից ու քննադատությունից հետո միայն խորհրդարանական մեծամասնության կողմից հաստատվեց:
Էքսկլավն ու մայր պետությունը «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» չունեն
Ինչպես նշել ենք երեկվա համարում, երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ Պուտին-Սարգսյան հանդիպումը, որի վերաբերյալ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք. «Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվումՙ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր»: Նախագահ Պուտինի պաշտոնական կայքը եւս այս հանդիպման առումով խիստ ժլատ է տեղեկատվություն տրամադրելիս ու մնում է ենթադրել, թե այդ ի՞նչ հարցեր կարող են այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի համար լինել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող», այն էլ` «մի շարք ոլորտներում»: Միանշանակ դրանցից մեկը Պուտինի իսկ նախաձեռնած Եվրասիական միությունն է, ու որպես դրա հենասյուներից մեկը` Մաքսային միությունը, որի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ են այսօր, ինչպես գիտենք, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Նկատենք, որ ե՛ւ Ղազախստանը ե՛ւ Բելառուսը Ռուսաստանի անմիջական հարեւաններ են, հետեւաբար կոնկրետ ռուսների հետ մաքսային միություն կազմելով հիշյալ երկրները դժվարություններ չունեն` գոնե սահմանային: Սակայն նախօրեին Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին, որտեղ Հայաստանն անվանելով «եվրասիական երկիր», մասնավորաբար ասել է. «Որ Հայաստանը մեզ հետ ընդհանուր սահման չունի, շատերին անհաղթահարելի խոչընդոտ է թվում` այդ երկրիՙ Մաքսային միությանը միանալու տեսանկյունից: Սակայն, իմ կարծիքով, այդպես չէ: Ռուսաստանի կազմում էքսկլավ կա` Կալինինգրադի մարզը: Մաքսային միությունն էլ այսօրվա հաղորդակցության զարգացման մակարդակով կարող է էքսկլավ ունենալ: Իհարկե, չպետք է մոռանանք, որ Հայաստանն ունի ենթակառուցվածքային շատ զգայուն սահմանափակումներ, այդ երկիրն ունի մեկ տրանսպորտային միջանցք դեպի Մաքսային միություն, եւ դա անցնում է Վրաստանի տարածքով»: Խրիստենկոն ընդգծել է նաեւ, որ «ամեն դեպքում կյանքը փոխվում է, եւ մեր զինանոցում կարող են հայտնվել փոխգործակցության մոդելներ, որոնք առաջ չեն եղել»:
Իհարկե, հարգարժան Խրիստենկոյին կարելի է եւ հիշեցնել, որ ի տարբերություն Ռուսաստանի համար էքսկլավ Կալինինգրադի մարզի, Հայաստանն անկախ պետություն է, որի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հավանաբար նաեւ այս հարցերը քննարկելով, վերադարձավ Երեւան: