Երեկ տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության համագումարը, որտեղ պարզ դարձավ, որ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու չի առաջադրվում: «Հուսով եմ, չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի, ներողություն եմ խնդրում այն կուսակիցներից եւ համակիրներից, ովքեր համոզում էին ինձ առաջադրվել,- ասաց նա` հավելելով նաեւ, որ որեւէ մեկին սատարելու որոշում էլ չունի: Համագումարին ներկա այլ կուսակցությունների ներկայացուցիչների ցանկն ինքնին խոսուն է` Դավիթ Շահնազարյան, Արարատ Զուրաբյան, Հրանտ Բագրատյան, Պետրոս Մակեյան, Արամ Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Ալիկ Արզումանյան, Աշոտ Մանուչարյան, Գրիգոր Հարությունյան (ՀԺԿ), Սասուն Միքայելյան, որոնց մեջ, ինչպես տեսաքՙ կան ՀԱԿ-ից եւ ՀՀՇ-ից հեռացածներ եւ մարդիկ, որոնք տարբեր առիթներով քննադատել են ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը:
Ընդհանրապես հեռագնա ենթադրությունների համար շատ նյութ տվեց Արամ Սարգսյանի ելույթը, որտեղ հատուկ անդրադարձ եղավ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին` նշելով, որ Այվազյանն ինքն է որոշում` մասնակցի՞ համագումարին, թե՞ ոչ (լրագրողները նրան չտեսան): Սա հետաքրքրական է այն ֆոնին, որ վերջին շրջանում մամուլում խոսք կար Այվազյանի եւ «Հանրապետության» ջրերը մի առվով չգնալու մասին: Մեկ օր առաջ էլ Սմբատ Այվազյանը հայտարարություն էր տարածել, եւ անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ ստեղծված վիճակին` նշել էր, որ իշխանությունը հերթական անգամ իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին խաբեց` իշխանության պահպանման համար ԲՀԿ-ն դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք: Այվազյանը ակտիվության կոչ էր արել մարդկանց ազատվել անտարբերության թմբիրից, քանի որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության:
Վերադառնալով Արամ Սարգսյանի ելույթին` նշենք, որ նա համոզված էր` «Այս իշխանությունը կկազմակերպի իր վերջին ընտրությունը` փակելով հին էպոխան: Իսկ հաջրդ օրը նոր էպոխայի սկիզբն է լինելու: 21-րդ դարը մերն է լինելու»: Ինքն իրեն հարցնելով, թե ինչ ունենք անկախության հաստատումից 21 տարի անց` Ա. Սարգսյանը նշեց. «Առանց չափազանցության` նույն վիճակը, բայց մի ճշտումով, որ արդեն չենք հավատում պայծառ հեռանկարներին»: Դրա համար նա մեղադրեց քաղաքական դաշտին. «Քաղաքական դաշտի դեգրադացիան ակնհայտ է` հակառակ այն իրողության, որ քաղաքական օրակարգի ոչ մի խնդիր լուծված չէ եւ անելիքներից ոչ մեկն էլ արվածների սյունակում չես գրանցի: Քաղաքական դաշտի դեգրադացիան հետեւանք է ոչ թե գաղափարների ու գործողությունների պակասի, այլ` գաղափարների արժեզրկման ու գործողությունների իմաստազրկման»:
Եվ դասդասեց մեղավորներին` իշխանության մեղքերի թվում թվելով էլ առանց ՀԱՊԿ թույլտվության այլ ուժերի ներկայության պայմանագրի ստորագրումը, էլ 49 տարով երկարաձգված ռուսական ռազմաբազաների ներկայության պայմանագիրը, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, այլեւայլ մեղքեր. «Հայաստանի ապագան տեսնելով եվրոինտեգրման մեջ` հարազատ կուսակցությամբ մասնակցում է ԵվրԱզեսի եւ ընդհանուր մաքսային միության ծրագրերի քննարկմանը եւ վախենում դրանց արժանապատվորեն «Ոչ» ասել: Խոսում է օլիգոպոլիաների ու մոնոպոլիաների անթույլատրելիությունից, բայց սրտանց մասնակցում է եւ ուրախանում դրանց ընտանիքների հարսանիքներին ու խրախճանքներին: Եվ այդտեղ է, որ իրեն երջանիկ, հոգեհարազատ եւ ձուկը ջրում է զգում»: Իշխանության այլ մեղքեր եւս նշվեցին` ամփոփելով. «Մի խոսքով` այս իշխանությունները ապացուցել են, որ իրենք հանուն իշխանության պահպանության ընդունակ են ամեն ինչի, իրենց համար տաբուներ չկան ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ մարդկային, ոչ բարոյական կատեգորիաներում»:
Բաժին հասավ նաեւ վիճակի պատասխանատու երկրորդ մեղավորին` ընդդիմությանը, ով «երբեմն նաեւ իրենից անկախ, ներքաշվում է իշխանությունների կողմից կազմակերպված ինտրիգների դաշտ` մոռանում ժողովրդին ու խնդրի լուծումը տեսնում ներիշխանական կոնֆլիկտների եւ իշխանությունից մաս պոկելու մեջ: Արդյունքում` հասարակական լայն զանգվածների աջակցությունն ունեցող միակ ընդդիմադիր, լուրջ քաղաքական պոտենցիալ եւ անհատականություններ ունեցող քաղաքական ուժը մի ամբողջ տարի քարոզում է օլիգարխիկ կառույցի նյութական եւ հասարակական հնարավորությունները օգտագործելու միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունը` իբրեւ միակ ճանապարհ: Հանրապետություն» կուսակցությունը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնել է այդ մոտեցմանը: Մենք ներկա իրավիճակի պատասխանատու ենք համարել ու համարում բոլոր այն ուժերին, ովքեր հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո համախմբվեցին եւ կոալիցիա կազմեցին` գոյություն ունեցող իրավիճակը արդարացնելով եւ համարելով օրինաչափ: ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից, բայց շահե՞ց արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը: Անկասկած` ոչ: Ավելի դեգրադացվեց` ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության եւ իշխանության հասնելու ճանապարհին մեծ հաշվով տաբուներ չունի»:
Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին` Ա. Սարգսյանն ասաց, թե իշխանության համար այս ընտրությունները խրախճանք են, նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ չեն էլ նկատում վերահաս ժանտախտը. «Տիտղոսային ընդդիմության համար այս ընտրությունը Հայաստանի վերջն է, մինչդեռ Հայաստանը ու հայրենիքը հավերժ են: Մեզ համար այս ընտրությունը ո՛չ խրախճանք է, ո՛չ անորոշ լաբիրինթոս, ո՛չ կենաց-մահու Ավարայր: Այս ընտրությունները ընդամենը հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործություններով բնութագրվող, դրանց մեղսակից եւ անմեղսակից, բայց անկարող քաղաքական սուբյեկտներից բաղկացած քաղաքական համակարգի ավարտական հանգրվանն են: Այդ համակարգի խորհրդանշական վախճանի մեկնարկը», ասաց Արամ Սարգսյանը, ով հավակնում է, փաստորեն, նոր քաղաքական բեւեռի ձեւավորման առանցքային դեմքերից մեկը դառնալ մոտ ապագայում:
Մ. Խ.