ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվեց իր տարեվերջյան մեծ ասուլիսը, որին «Ազգը» երեկվա համարում անդրադարձել է: Ուղիղ եթերում եւ 4,5 ժամ տեւած ասուլիսը բավական ուշագրավ ավարտ է ունեցել: Այսպես, երբ նախագահ Պուտինը, դիմելով ներկաներին, ասել է. «Եկեք ավարտենք, այլապես մինչեւ առավոտ կստենք», ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան բաժնի լրագրողը հանկարծ հիշել է, որ ինքը հարց ունի եւ ցանկացել է հնչեցնել: Պուտինը, սակայն, տեսնելով ադրբեջանցի լրագրողին եւ առանց լսելու նրան, ասել է. «Դուք երեւի Ղարաբաղի մասին եք հարցնելու, բայց մի վայրկյան, խոսափողն արդեն մեկ ուրիշի ձեռքին է, նա հարց կտա, հետո Դուք, լա՞վ»:
Այդ «մեկ ուրիշ լրագրողի» հարցը վերջինն է եղել ՌԴ նախագահի մեծ ասուլիսում հնչած հարցերից, քանի որ ադրբեջանցի լրագրողն էլ իր հարցը չի տվել. Պուտինն ավարտել է մամուլի ասուլիսը:
Ի դեպ, այս ամենից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները, կոնկրետ նույն ԱՊԱ-ն ու 1news.az-ը, ռեպլիկներ հրապարակեցին, ասելով. «Ռուսաստանի նախագահը թույլ չտվեց ադրբեջանցի լրագրողին` իրեն հարց տալ»: Իսկ գուցե Ռուսաստանի նախագահը, ի թիվս աշխարհում շատ շատերի, պարզապես հոգնե՞լ է Ղարաբաղի մասին ադրբեջանական բազմաթիվ, առիթ-անառիթ ռեպլիկներից ու հարցերից... Գուցե, հավանաբար...
Հ. ԱՖՅԱՆ