Ադրբեջանում ամերիկյան նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանի բնության, հատկապես շրջանների բնության մեծ սիրահար, բայց այդպես էլ Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն չայցելած Մեթյու Բրայզան Վաշինգտոնում մասնակցել է «Ադրբեջանը եւ նրա տարածաշրջանային, եվրոպական ու անդրատլանտյան գործընկերները» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել մի շարք ուշագրավ արտահայտություններով: Դրանցից, սակայն, առանձնացնենք երկուսը: Նախ Բրայզան հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել հակամարտության կարգավորմանը, սակայն, միեւնույն ժամանակ, բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ դրական փորձ է»: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել անցնող հակամարտության կարգավորմանը, հետեւաբար այդ նպաստը չի ունեցել իր գոյության հենց առաջին տարուց: Մինչդեռ, երբ անձամբ Մեթյու Բրայզան է սա խոստովանում, ուրեմն Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահն ինքն է ընդունում իր իսկ աշխատանքի անարդյունավետ լինելը: Մյուս կողմից, Բրայզան, որպես, եթե չասենք փորձառու, ապա կոնկրետ ղարաբաղյան հակամարտության որոշ նրբություններին, Մինսկի խմբին տրված մանդատին քաջատեղյակ մեկը, պետք է իմանար, որ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հասնել բացառապես հակամարտ կողմերին մոտեցնելով: Հետեւաբար Բրազյան փաստորեն ասում է, որ «իրենց» չի հաջողվել մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Պատասխանն ինքը` Բրայզան է տվել, իր հաջորդ ուշագրավ արտահայտությամբ: Այսպես, Բաքվում ամերիկյան դեսպանի աթոռը որոշ ժամանակով զբաղեցրած դիվանագետը Վաշինգտոնում հանդես է եկել եւս մեկ խոստովանությամբ. «Ադրբեջանում իշխանական կառույցները կենտրոնացած են մեկ խմբավորման ձեռքում, եւ երիտասարդ սերունդը չի ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ»:
Հիմա, քանի որ ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկում իշխանությունը կենտրոնացած է «մեկ խմբավորման» ձեռքում, չի՞ նշանակում արդյոք, որ այդ «մեկ խմբավորումը» որեւէ զիջման չի գնա ոչ իր երկրի ներսում` իշխանութունից մեկ թիզ անգամ զիջելու համար, ոչ էլ արտաքին քաղաքական առումով, կոնկրետ ղարաբաղյան բանակցություններում: Հետեւաբար, զիջումների չգնալու նպատակասլացությամբ ադրբեջանական «մեկ խմբավորումը» ինքն է մեղավոր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել հակամարտության կարգավորմանը», քանի որ վերջինս մեկ անգամ չի շեշտել, որ հակամարտության կարգավորմանը պետք է գան կողմերն իրենք ու բացառապես խաղաղ բանակցային, փոխզիջումային տրամադրություններով: Ստացվում է, որ Մեթյու Բրաjզան, կամա թե ակամա, մեղադրում է ադրբեջանական «մեկ խմբավորմանը» ոչ միայն իշխանությունը պահելու, այլեւ հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու համար: Բայց ավելի կարեւոր մի եզրահանգման կարելի է գալ. մասնավորապես, որ եթե հարեւան երկրում իշխանությունը դադարի գտնվել «մեկ խմբավորման ձեռքերում», ապա երիտասարդությունն էլ հանգիստ կապրի եւ...հակամարտությունն էլ արագորեն լուծում կստանա:
Հ. ԱՖՅԱՆ