«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2012-12-20 | #229, 2012-12-21 | #230, 2012-12-22


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ

Չնայած երիտասարդ տարիքին, լուսանկարիչ-դիզայներ Տաթեւիկ Մնացականյանը հասցրել է ստեղծագործական տպավորիչ կենսագրություն ձեւավորվել, այդ էջերին թողնելով մրցույթների ու ցուցահանդեսներիՙ հատկապես միջազգային, մասնակցություն եւ հաջողություններ: Վերջինը Տաշքենդի միջազգային ֆոտոբիենալեում ստացած Ոսկե մեդալն էր եւ այդ առիթով ԱԺ-ում կազմակերպված իր մեծածավալ ծրագրի մեկ մասը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը, որի նպատակն է արժեւորել հայրենի մշակույթում ավանդ ունեցող արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնց մի մասը, ցավալիորեն, մոռացության է մատնված, սակայն այդ հետքը նրանց կա, մնացել է մեր արվեստի պատմության մեջ: Սակայն ինչպես սովորաբար է լինում, այն գտնում եւ արժեւորում են հաճախ իրենց կյանքից հեռանալուց հետո միայն: Այսպիսի վերաբերմունքը, մտայնությունները, հայկական ներկա իրականության արվեստի տարբեր միջավայրերի տպավորությունները, զգացողությունները ծնունդ տվեցին «Մշակութային երկխոսություն» ծրագրին, որը բացի ստեղծագործական հետաքրքրական մտահղացում լինելուց, կրում է ժամանակի նկարագիր, պատմություն, խորքումՙ բարոյականություն:

- Սովորաբար հայտնի մարդկանց պորտրետների շարքը միշտ կայանում է նրանց մահից հետո: Երբ արվեստագետը, ստեղծագործողը մեր կողքին է, հիմա ապրում է, մենք նրան չենք տեսնում, երբ հեռանում է, նոր ենք փորձում ճանաչել: Ծրագրի բուն նպատակը յուրաքանչյուրի բնութագրական, հատկանշական, հարազատ միջավայրում իր պորտրետի ստեղծումն է, եւ ցուցադրության ժամանակ այդ լուսանկարների կողքին նրանց ներկայությունը:

- Այս պարագայում «Մշակութային երկխոսություն» խորագիրն ինչպե՞ս է մեկնաբանվում:

- Ուզեցի միջազգայնացնել ծրագիրը, այն ներկայացնել նաեւ Հայաստանից դուրս, ընդգրկելով այլ երկրներում ապրող ինչպես հայ, նաեւ օտարազգի արվեստագետների, դա անել միաժամանակ եւ համատեղ: Նախածրագրված է ընդգրկել Արեւմտյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի այն երկրները, որտեղ հայահոծ համայնքներ կան, ինչպես նաեւ Մ. Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն, որտեղ հայերը լուրջ ներդրում ունեն այդ երկրների տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում:

- Ինչպե՞ս ես պատկերացնում նման մեծածավալ ծրագրի իրականացումը:

- Ծրագրի այս նախնական մտահղացումը շատ տարածուն էր եւ դժվար է իրականացնել, ուստի փորձ եմ անում հանգրվան առ հանգրվան ամբողջացնել այն:

- Եվ ո՞րն է առաջին հանգրվանը:

- Եգիպտոսը: Նախ հայ-եգիպտական հարաբերությունները հին պատմություն ունեն, հայերը այս երկրում հաջողությամբ դրսեւորվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բայց նաեւ պատահականությունը դեր ունեցավ: Մեծ Բրիտանիայի թագուհուՙ Ելիզավետա 2-րդի հոբելյանական 80-ամյակի եւ թագադրության 60-րդ տարվա առիթով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը անգլիական զուսպ ներկայացումների ժամանակ ես միջամտեցի արվեստային գեղեցիկ ժեստովՙ իրեն նվիրված թագը պատրաստեցի: Այդ առիթով ծանոթանա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ եւ զրույցի ընթացքում նաեւ ծրագիրս ներկայացրի, որը հետաքրքրություն առաջացրեց, 6-ամսյա բանակցություններից հետո իրականացավ իմ այցելությունը Եգիպտոս: Ցավոք, հայկական կողմը ոչնչով չկարողացավ օգտակար լինել, միակ աջակցությունը եղավ Եգիպտոսի դեսպանատնից: Գնահատելի աջակցություն էր Հակոբ Ավետիքյանի միջոցով ծանոթությունը տեղի հայ համայնքի ղեկավար անձերից Պերճ Թերզյանի հետ: Չնայած իր բազմազբաղությանը, նա եգիպտահայ արվեստագետների, մտավորականների հետ Կահիրեի Հայկական կենտրոնում կազմակերպեց ներկայանալի հանդիպում: Ծանոթացա քանդակագործ Հրանտ Քեշիշյանի, ճարտարապետուհի Նաիրի Համբիկյանի, նկարչուհի Ալին Ջիզմեջյանի, երաժիշտ Միհրան Ղազելյանի եւ ուրիշների հետ, ներկայացրի ծրագիրը, որը բավական հետաքրքրություն, անգամ զարմանք առաջացրեց: Սփյուռքի մեր արվեստագետները ապրում են հայրենիքից դուրս, յուրաքանչյուրը մի երկրում, իր արվեստի մեջ ներփակված, երկխոսություն չկա, չնայած ինտերնետը կա, սակայն բավարար շփումներ չկան, լուրջ մտահոգություն չկա այդ արվեստը ներկայացնելու, տարածելու: Իմ ծրագիրը ոգեւորեց նրանց. Հրանտ Քեշիշյանը ասում էր. «Դու այսքան երիտասարդ աղջիկ եւ այսպես բա՞ն ես մտածել»:

- Եվ ինչպիսի՞ աշխատանքներ կատարեցիր:

- Այդ ընթացքում ստեղծեցի հայ եւ եգիպտացի շուրջ 20 արվեստագետի պերսոնաժներ: Կահիրեում Արտատելյե կոչվող մի վայր կա, որտեղ հավաքվում են քաղաքի ամենահայտնի արվեստագետները: Այստեղ հանդիպեցի հետաքրքրական անձանց, նկարեցի ճանաչված արաբ նկարիչ Էսմաթ Դավեստաշիին:

- Ի՞նչ չափսի են լինելու նկարները:

- Նման տեսակի նախագծի համար մեծ չափսի ֆոտոներն են ճիշտ ընթեռնելի, ընտրեցի 1,20x80 չափսը, որը նույնպես ազդեցության առումով կարեւոր գործոն է:

- Իսկ ինչպիսի՞ն էր հայ համայնքի վերաբերմունքը:

- Արդեն շատ գնահատելի է Պերճ Թերզյանի ուշադրությունը, որի հետ ընդամենը հեռախոսով էի խոսել, բայց կազմակերպեց այդպիսի լուրջ հանդիպում: Երբ ուզեցի իրեն նույնպես ընդգրկել այս ծրագրում, համեստաբար հրաժարվեցՙ ասելով, որ ավելի կարեւոր անձեր կան: Իր միջնորդությամբ հանդիպումներ ունեցա Ալեքսանդրիայի հայկական եկեղեցու հովվատանը եւ մի քանի մտավորականների` լրագրող Հասմիկ Փամփուքչյանի, քանդակագործ Սարգիս Թոսունյանի հետ: Այցելեցի տեղի հայկական դպրոց: Շատ հուզիչ է փոքրիկ այդ հատվածի գոյությունը, որտեղ կարողանում են հայեցի դաստիարակությունը պահպանել, չնայած որ դասարանում երեք աշակերտ են: Ցավալի է, երբեմնի 300 հոգանոց դպրոցն այժմ 30 աշակերտ ունի ընդամենը: Բայց զարմանալի բան է կատարվումՙ դու քեզ հետ Հայաստանից մի հատված ես տանում եւ դա խառնվում է իրենց հետ. հուզիչ, թանկ զգացողություններ ես ապրում: Չէի կարող իհարկե չայցելել Ալեքսանդրիայի գրադարան, որտեղ ծանոթացա Եգիպտոսի հասարակական-քաղաքական կյանքում մեծ դեր ունեցած երկու նշանավոր հայերիՙ Նուբար փաշայի եւ Պողոս Բեյի արխիվներին:

Շնորհակալ եմ եգիպտական կողմին բարեհաճության եւ աջակցության համար, Եգիպտոսի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների առաջին քարտուղար Քամելիա Սոբհիին, նա այդ ողջ ընթացքում ուղեկցեց ինձ: Հանդիպեցի նաեւ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, որը շատ պատրաստակամ ինձ ընդունեց եւ ծրագիրը գնահատեց երկկողմանիորեն օգտակար:

Առաջին ցուցահանդեսը նախատեսված է բացել Եգիպտոսում, որից հետո այն կտեղափոխվի Հայաստան: Սակայն դա իրականացնելու համար ամենակարեւորըՙ ֆինանսական աջակցությունը առայժմ բացակայում է: Բուն ցուցահանդեսներից բացի ծրագրի մեջ նկատի են առնված նաեւ ասուլիսներ, այցելություններ արվեստանոցներ, հանդիպումներ, կատալոգի պատրաստում եւ այլն:

Հատկապես Ալեքսանդրիայում շատերն են սպասում ցուցահանդեսին եւ պատրաստ են Հայաստան գալ: Սա չի լինելու իմ կատարած աշխատանքների ցուցադրություն զուտ: Իմ միջոցով, լուսանկարների միջոցով պետք է ստեղծվի իրենց միջավայրը, իրենք պետք է ի հայտ գան, որովհետեւ այս գաղափարն է ընկած ծրագրի հիմքում:

Հայ-եգիպտական երկխոսության այս փորձը ծրագրի առաջին փուլն է: Տաթեւ Մնացականյանը հավատում է իր ներքին ուժերին: Որովհետեւ նվիրումն ու սերը, էնտուզիազմն են նրան առաջ մղողը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4