«Արփա» միջազգային կինոփառատոնի 15-րդ տարեկան գալա-մրցանակաբաշխությունը, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, տեղի է ունեցել Յունիվերսըլ Սիթիի (Լոս Անջելես) «Շերատոն Յունիվերսալ» հյուրանոցի դահլիճում, դեկտեմբերի 2-ին: Մինչ այդՙ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը, երեսունից ավելի ֆիլմեր էին ցուցադրվել Հոլիվուդի «Եգիպտական թատրոնում»:
Գալա-մրցանակաբաշխության հանդիսավարն է եղել դերասանուհի Մարլա Մեյփըլզը: Մրցանակներ շնորհվել են դերասանուհի Ֆրենսիս Ֆիշերին, «Շոա հիմնադրամային հաստատությանը», թուրքագետ, պատմաբան Լուսինե Սահակյանին եւ դերասան Հրաչ Թիթիզյանին:
Ֆրենսիս Ֆիշերին («Աններելին», «Տիտանիկ», «Ավազե եւ մշուշե տունը») շնորհվել է «Կարիերայի նվաճման» մրցանակը փառատոնին բերած իր երկարամյա աջակցության եւ տարիների իր լայնածավալ գործունեության համար: Նա հանդես է եկել փառատոնում ներկայացված Սեբաստիան Սիգելի «Զարթնող աշխարհ» վավերագրական ֆիլմում:
Տեսողական պատմության եւ ուսուցման ինստիտուտի «Շոա հիմնադրամային հաստատությունը» ստացել է փառատոնի «Հիմնադրման մրցանակը»: «Շոա հաստատությունը» 1994-ին հիմնել եւ մտահղացել է Սթիվն Սփիլբերգըՙ ներշնչված իր «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հաջողությունից: Հաստատությունը Հոլոքոսթը վերապրողներից վկայություններ է հավաքում եւ թվայնացնում: Ներկայումս դրա արխիվային ֆոնդը ներառում է 56 երկրներում եւ 32 լեզուներով կատարված մոտ 52 հազար տեսագրված վկայություն:
Բանասիրական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հայ-օսմանյան հարաբերությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանին շնորհվել է Արմին Վեգների մրցանակը «Ճշմարտությունը ըմբռնելու տեսլականի եւ այդ մասին բարձրաձայնելու խիզախության համար»: Մրցանակը շնորհվել է դոկտ. Սահակյանի պատրաստած մեկժամանոց վավերագրական ֆիլմի համար, որը կրում է «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներում» խորագիրը, նկարահանվել է Հայաստանում, Թուրքիայում եւ պատմում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացած համշենցիների մասին, որոնք ներկայումս ապրում են գլխավորապես Ռիզե եւ Արտվին նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում: Ֆիլմը եզակի դրվագներ է պարունակում այդ հզոր իշխանության երբեմնի պատմությունից եւ մշակույթից, ավանդույթից ու կենցաղից: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինքը Լուսինե Սահակյանն է, որը երկու տարի շարունակ աշխատել է ֆիլմի պատրաստման վրա: Նա մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում նաեւ 2011 թվականին Մոնրեալում վերահրատարակված «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» երեք լեզվով (անգլերեն, հայերեն, ռուսերեն) գրված ուսումնասիրությունը: Գիրքն առաջին անգամ տպագրվել էր Հայաստանում 2010 թվականին:
Արմին Վեգների մրցանակը, որն ստեղծվել է 2002-ին, առաջին անգամն է շնորհվում հայաստանցու: Նախորդ մրցանակակիրների մեջ են եղել Բրայան Սինգլը («Պատերազմի երեխաները» ֆիլմի համար), Թեդ Բրոնը («Դարֆուրն այժմ») եւ Կառլա Կարապետյանը («Ճչացողները»):
Չորրորդ մրցանակը շնորհվել է կինոդերասան Հրաչ Թիթիզյանին, որը 2008-ից մինչ օրս մեծ նվաճումների է հասել իր բեմական, հեռուստատեսային եւ կինոֆիլմերի դերասանական ասպարեզում: Նա ծանոթ է «Մարդը, որ այծերին է նայում», «Հայրենիք» եւ «24» ֆիլմերով:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ