«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


«ՈՉ, ԱԽՊԵՐ ՋԱՆ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր աչքի դեմ ժամանակաշրջան է փոխվում, ՀՀՇ-ի ժամանակները վերջնականապես ավարտվեցին փաստորեն (խոսքը կառույցի մասին չէ ֆորմալ առումով): Եվ ոչ միայն: Մյուս քաղաքական ուժերն էլ վերադասավորում են ուժերը, փորձելով նոր դիմագիծ ձեռք բերել եւ հասկանալով, որ նախագահական ընտրություններից հետո ոտք են դնելու դեպի ապագա միտող նոր ժամանակաշրջանի մեջ:

ՀՀՇ 17-րդ համագումարին նախկինում բազմաթիվ բարեկամ քաղաքական ուժեր եւ անձինք ներկա չէին: ՀՀՇ համագումարից եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից սպասում էին առաջադրման կամ չառաջադրման որոշում, բայց նա այդ որոշումը հետաձգելով այսօր-վաղվա, որոշեց խոսել ազգը ռուսամետների եւ արեւմտամետների բաժանող «որոշ անպատասխանատու մարդկանց մասին» ու Հայաստանի, հայ ժողովրդին երկու մասի բաժանելը Սահմանադրությանը դավաճանություն եւ խառնակչությամբ զբաղվել որակելով: Այսինքն ըստ էության խոսելու փոխարեն` նա խոսքը գցեց կտուրը, քանի որ ով-ով, նա ամենից լավ է հասկանում, որ ընդդիմության դիմագիծն ու կազմությունը փոխվում են, եւ իշխանությունն էլ, Սերժ Սարգյանի առաջադրումով եւ հաղթանակով վերջին անգամ է այս տեսքով գեներացվելու (սա բացահայտ նշել էր Արամ Զ.Սարգսյանը. նա վախենալու բան չուներ):

Մինչդեռ Տեր-Պետրոսյանն այդպիսի բան խոստովանելով` ստիպված էր խոստովանել արմատական ընդդիմության վերջնական ֆիասկոն (խորհրդարանական ներկայությունն է միայն սրտի մխիթարանք մնում) եւ այն, որ նա առաջարկում է փաստորեն առաջիկա երկար տարիների պայքարի համար դիրքավորվել, քանի որ այս նախագահական ընտրություններից սպասելիք չկա: Ու, բնական է, որ նա խոսում էր ազգը ռուսամետների եւ արեւմտամետների բաժանող ինչ-որ վիրտուալ, ամբիցիաներով տառապող մարդկանց արկածախնդրական գործունեության մոտիվացիայի մասին, դա ավելի շատ գործակալական կողմնորոշում անվանելով, քան թե քաղաքական կամ արժեքային: Նույն կերպ անվանեց եւ արեւմտամետություն, եւ ռուսամետություն քարոզողներին. «Մենք ոչ արեւմտամետ պիտի լինենք, ոչ ռուսամետ, միակողմանի կոմնորոշումը որեւէ ազգի դեռ բարիք չի բերել, որովհետեւ ստեղծել է որոշ բարեկամներ, բայց ստեղծել է նաեւ բազմաթիվ թշնամիներ...Հայաստանը պետք է ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկյան կամ հակառուսական»:

Հետաքրքական է, թե հատկապես ո՞ւմ են ուղղված այս խոսքերը, երբ իշխանությունն էլ համարյա նույնն է ասում եւ ճղվում է, որ սա իրականացնի: Ճղվում է, որովհետեւ վերջին շրջանում մի կողմից եՄ-ն է խոսք հասկացնում, մյուս կողմից ռուսներն են Մաքսային միությունը աչք խոթում. «Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր եւ նրան դարձնել նախագահ... Զրոյից որեւէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել: Այստեղ էլ կան ինչ-որ ուժեր, որոնց թվում է, թե եթե լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ այստեղ լիդեր դարձի, հետո արտաքին ուժերի հետ լեզու գտիր»: Ուրեմն` Րաֆֆուն, Բագրատյանին (այս երկուսը արեւմտյան կողմնորոշման լիդեր են համարվում), ու ԲՀԿ-ին (որն ավանդաբար ռուսական կողմնորոշման ուժ է ըստ որոշ վերլուծաբանների եւ Տեր-Պետրոսյանի այս ելույթից երեւում է, ուրեմն, որ ԲՀԿ-ն դեռ անսպասելիության ռեսուրս ունի իր մեջ, ռուսամետ թեկնածուի հարցը դեռ բաց է):

Ովքե՞ր են գործակալները, գուցե սա էլ անվանապես ասեր ու չտանջեր:

Ու այստեղ հասկանալի է դառնում, թե ինչու են ասվել ելույթի սկզբնամասի այն խոսքերը, երբ որոշելով պարզություն մտցնել` Տեր-Պետրոսյանն ասում էր. «Երբ պետք է` իրար կոկորդ խեղդող, տասնամյակ ներհոշոտող ուժերը կարող էին միավորվել երրորդ` ավելի ուժեղ ուժի մեջ, ինչպես եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»: Հավանաբար ԲՀԿ-ի հետ գործակցության ցանկությունն էր արդարացնում` հավելելով. «Այստեղ ոչ մի կապ չունեն ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները, քանի որ քաղաքական դաշինքները եւ համագործակցությունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով»:

Սակայն Տեր -Պետրոսյանը չի կոնկրետացրել, թե ո՞նց վարվենք եվրասիական, Եվրոմիության երկուստեք պահանջների հետ` ընդդիմության ղեկավար լինելուն հավակնողը նախ այս իրավիճակում դիրքորոշո՛ւմ պետք է առաջարկի, ոչ թե գործակալների մասին խոսի:

Իսկ մտադրություն չհայտնելով` մեծ խաղի մի մասնիկն է դառնում, ըստ որի ամեն ինչ Նոր տարու մեջ լուծվելու եւ մոռացվելու է, իր չառաջադրումը եւս, եւ առաջադրման ու գրանցման ժամկետի համընկնումն էլ տոներին հատուկ բստրվել է երեւի, որ կազուսները ժողովուրդը հեշտ տանի` զբաղված լինելով բդով եւ խմիչքով:

Իսկ իր առաջադրման հետ կապված սարկազմն էլ գուցե, այնուամենայնիվ, ճշմարտության ինչ-որ պստիկ դոզա ունի իր մեջ` «դաբրո չստացածի». «Ես հուսախաբ եմ անելու, ես չեմ ասելու ձեզ: Ես սպասում եմ, դիմել եմ գերտերություններին, մինչեւ պատասխան չստանամ, չեմ դնելու: Ուրեմն մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները խոստացել են երկու օրից պատասխանել, դուք էլ երկու օրից կստանաք»:

ՀՀՇ համագումարին ներկա էին ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու Արսեն Համբարձումյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ից ոչ ոք չէր եկել: Բագրատյանը շատ շուտ գնաց, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չկար: Տեր-Պետրոսյանի առաջադրումը առայժմ մնաց ՀՀՇ վարչության նախագահ ընտրված Արամ Մանուկյանի ցանկությունների ծիրում:

Նույնպես շաբաթ օրը տեղի ունեցած «ժառանգություն» կուսակցության համագումարին Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվեց` ունենալով նաեւ «Ժառանգության» աջակցությունը. «Ձեզ հետ միասին մաս եմ կազմում այն հավաքական թեկնածության, որի միս ու արյունը դեռ առջեւում է: Այդ թեկնածությանը պետք է լրացնեն մեր քաղաքացիները: Մենք միասին պետք է դառնանք ավելի շատ քաղաքացի, քան քաղացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական եւ ավելի հանրապետություն, քան հանրապետական»: Ծրագրային նոտեցումներ էլ նշեց, օրինակ` Ռուսաստանի հետ անցյալի ուղղահայաց հարաբերությունները պետք է վերանայել եւ կառուցել փոխադարձ շահի վրա հիմնված իրական հարաբերություններ: Ու սփյուռքն էլ, ըստ Հովհաննիսյանի, պետք է իրավունք ունենա մասնակցելու Հայաստանի ներքին գործերին եւ ապագայի կառուցմանը: Նրա կարծիքով Հայաստանի քաղաքացին օտարվել է երկրից, որոշում կայացնելուց, մեծ վիհ կա քաղաքական դաշտի եւ հասարակության միջեւ, սա պետք է հաղթահարել: Բիզնեսի` ստվերում եղած մասը պետք է դուրս բերել ստվերից, որ կոռուպցիան հաղթահարվի, խորհրդարանական համակարգի պետք է անցնել, նոր Սահմանադրություն ընդունել, հայ-թուրքական արձանագրութուններից հրաժարվել:

Դե իսկ ՕԵԿ-ը, իր 11-րդ արտահերթ համագումարում, ինչպես եւ սպասվում էր, հայտարարել է, որ սատարելու է իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Սերժ Սարգսյանին, շարունակելու է ՀՀԿ-ի հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը եւ ծրագրերի համադրությամբ արդյունավետ միասնական քաղաքականություն:

ՌԱԿ-ը շաբաթ օրը իր հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշել է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նախապես ապահովելով ՌԱԿ սփյուռքի կառույցների համախոհություն այս հարցում:

Երեկ էլ տեղի ունեցած «Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարը նախագահի թեկնածու առաջադրեց այդ կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Թեկնածուն նշեց, որ Տեր-Պետրոսյանի հետ լավ հարաբերությունների մեջ է, եւ իրար հետ ճանապարհ խաչաձեւելու խնդիր չի լինելու. «Բայց մյուս կողմից կյանքն առաջ է գնում եւ նոր իրողություններ կան», ասաց` հավելելով, որ իր առաջադրման նպատակն է ի մի բերել ազատական գաղափարախոսությամբ մարդկանց, լիբերալ արժեքների կորիզ ձեւավորել` չնայած իշխանության չի ձգտում, ամբիցիաներ էլ չունի, առաջադրվելու դեպքում էլ ահագին տոկոս կհավաքի: Ահա հենց սա հայտ է` ուղղված ապագային: Բագրատյանը դա անում է` առաջադրվելով, իսկ Արամ Զ. Սարգսյանը` չառաջադրվելով: Իսկ ընդհանուր առմամբ` իշխանական հայտնի թեկնածուին առայժմ լուրջ հակակշիռ չի առաջարկվում...

Այսօր նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը կորոշի ՀՅԴ-ն եւ հավանաբար կառաջադրի Արմեն Ռոստոմյանի թեկնածությունը, «Ազատ դեմոկրատները»` առաջիկա երեք օրը, քանի որ Անուշ Սեդրակյանը վերջին օրերին հրաժարվել է առաջադրվելու մտադրությունից, այստեղ ինտրիգ կա: Այսօրվանից թեկնածուները պետք է փաստաթղթեր ներկայացնեն ԿԸՀ, սակայն դեռ մի քանի ուժ փաստորեն չեն կողմնորոշվել: Արդյո՞ք անակնկալներ լինելու են:

«Աստված Ձեր մեկի դիմաց Ձեզ հազարը տա»

Հետաքրքրական հայտարարություն է տարածել Պարույր Հայրիկյանը: Նշելով, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում` դրա համար անհրաժեշտ նյութական միջոցների համար դիմում է Հայաստանի քաղաքացիներին` աջակցելու իրեն, որպես նվազագույն անհրաժեշտ սատարում այս պահին. «Ձեր կատարած նույնիսկ փոքր դրամական ներդրումը մեր հաջողությունը նախապատրաստող շոշափելի բարոյական եւ նյութական աջակցություն կլինի ինձ համար` մեզ օրինավոր հայրենիք ունենալու մեծ գործի համար», ասել է նա ` մաղթելով. «Աստված Ձեր մեկի դիմաց Ձեզ հազարը տա»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4