Նախագահ Օբաման հանգստյան օրերին ներկայացրեց ԱՄՆ պետքարտուղարի նոր թեկնածուին. Ջոն Քերրին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակն էր, որտեղ, հիշեցնենք, ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող ամերիկյան օրինագիծը: Ինքը` Մասաչուսեթսի նահանգից ընտրված 68-ամյա սենատոր Քերրին հայամետ գործչի անուն ունի, ճիշտ է, սենատոր Հիլարի Քլինթոնն էլ, մինչ պետքարտուղար դառնալը, հայկական շրջանակների հետ բոլորովին այլ բառապաշարով էր խոսում Ցեղասպանության մասին:
Ուշագրավ է, որ Քերրիի փոխարեն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է գլխավորել մեկ այլ հայամետ սենատորՙ Մենենդեսը, որը եւս իր մասնակցությունն է ունեցել Ցեղասպանության բանաձեւը կազմելու, դրա ընդունման աշխատանքներին, բացի դրանիցՙ Արցախին ամերիկյան օգնության չափի բարձրացման կողմնակիցներից է:
Ամերիկյան արտաքին քաղաքականությունն իրականացնող այս պաշտոնյաների փոխարինման գործընթացից անմասն չի մնացել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, Մինսկի խմբում իր դիվանագիտական ծառայությունն ավարտում է դեսպան Ռոբերտ Բրադկեն, իսկ նրան ժամանակավորապես, մինչ պաշտոնական հաստատումը, կփոխարինի Յան Քելլին: Վերջինս 2010-ից ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն է, 2007-09 թթ. ղեկավարել է պետքարտուղարության Ռուսաստանի բաժինը, իսկ ավելի վաղ 4 տարի աշխատել է Թուրքիայում ամերիկյան դեսպանատանը` որպես մամլո քարտուղար:
Հ. ԱՖՅԱՆ