«Օրինաց երկիր» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, եւ պատրաստ է ակտիվորեն ներգրավվել Սերժ Սարգսյանի նախընտրական աշխատանքներում: Վաղուց արդեն պարզ այս իրողությունը ՕԵԿ-ը հաստատեց շաբաթ օրը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2242 պատվիրակների ներկայությամբ տեղի ունեցած ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարում, որին այլ կուսակցություններից ներկա էին գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանըՙ բոլորն էլ միայն ՀՀԿ-ից:
«Հաշվի առնելով 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը ՀՀ ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական եւ իրավական պետության կայացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանըՙ պատրաստակամություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու եւ ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում», մասնավորաբար ասված է ՕԵԿ համագումարում ընդունված կուսակցության հայտարարության մեջ:
Նախագահական ընտրությունների հետ կապված այս որոշումը հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը : ՕԵԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, թե. «Ինչո՞ւ պետք է չսատարենք Սերժ Սարգսյանին, երբ երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի առջեւ, իսկ արտաքին թշնամին պատրաստ էր ամեն հարմար պահի մեջքից հարվածելու»: Որպես գործող նախագահին սատարելու հիմք Բաղդասարյանը նշեց նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարում «այսօր որեւէ պաշտոնյա 100 դոլար կաշառք անգամ վախենում է վերցնել», ու առհասարակ` «Գործող նախագահի ղեկավարման տարիներին երկիրը կարողացավ առանց լուրջ ցնցումների դուրս գալ ֆինանսատնտեսական ճգնաժամից»: ՕԵԿ-ի այլ ներկայացուցիչներ, մասնավորաբար կուսակցության կանանց եւ երիտասարդական միությունների ղեկավարներն իրենց հերթին ընդգծեցին, որ «ամբողջովին վստահում են կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որոշմանը` սատարելու գործող նախագահին», իսկ ՕԵԿ երիտասարդական միության ղեկավար Առաքել Առաքելյանը ՀՀ նախագահին ասաց. «Պարոն նախագահ, Դուք բոլորի մեջ մեկը չեք, Դուք մեկն եք բոլորից»:
Բացի նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման արտահայտումից, ՕԵԿ համագումարն ուշագրավ էր նաեւ այն առումով, թե ի՞նչ ընթացք ունի կուսակցության «թարմացման» գործընթացը, ի՞նչ արդյունքներ են արձանագրված: Հիշեցնենք, որ այս տարի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ-ը նախաձեռնեց կուսակցության վերակազմավորման գործընթաց, եւ այժմ, մի քանի ամիս անց արդեն, Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարի ամբիոնից հայտարարեց. «Այսօր արդեն մեր կուսակցությունում պատահական մարդիկ չկան»: Ըստ ՕԵԿ-ին անդամակցելու նոր կանոններիՙ ցանկացողը պետք է որոշ ժամանակ փորձաշրջան անցնի, նոր միայն, կուսակցությանը համապատասխանելու պարագայում, ընդգրկվի ՕԵԿ-ում: Կուսակցության քարտուղար Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ, ՕԵԿ-ի անդամ են ՀՀ 71 հազար 318 քաղաքացի, որոնցից 62,3 տոկոսը կանայք են, 57 տոկոսը` բարձրագույն կրթություն ունեցող:
Ուրեմն հենց այս` 71 հազար 318 անդամ ունեցող կուսակցությունն էլ պատրաստ է, ինչպես կուսակցության առաջնորդն ասաց. «Ասել ենք սատարում ենք, ուրեմն սատարում ենք` մեկ մարդու պես, չխնայելով մեր էներգիան. ժողովրդի ասած` մենք «տակից խաղեր տվող չենք»:
Հ. Ա.