«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԼԻՆԻ 7,1 ՏՈԿՈՍ»

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նաեւ քիչ հավանական է համարում տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական (համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ) աճը 2012-ին կլինի 7,1 տոկոս: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը : Այս առումով նա տարին հաջողված համարեց, նկատի ունենալով տարածաշրջանային ավելի ցածր` 4-4,5 տոկոս տնտեսական աճը, գնաճի ցածր մակարդակը, ներմուծման նկատմամբ արտահանման ավելի բարձր աճի դինամիկան: Խոսելով 2012-ին սպասվող տարեկան ցուցանիշների մասին, ֆինանսների նախարարը մատնանշեց նաեւ տնտեսության բոլոր ճյուղերի (բացառությամբ շինարարության) եւ հատկապես արդյունաբերության աճը, ցածր գնաճը եւ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ:

Ինչ վերաբերում է բյուջեով նախատեսված ցուցանիշներին, ապա տեղեկացվեց, որ այս տարվա հունվար-նոյեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներըՙ 792 մլրդ դրամ, ապահովելով տարեկան ծրագրի ավելի քան 90 տոկոսը: Պետական պարտքը տարեվերջին կլինի 4,3 մլրդ դոլար, կազմելով ՀՆԱ 31,1 տոկոսը: Վաչե Գաբրիելյանի հավաստմամբ, ՀՆԱ-ի մեջ այս ցուցանիշը 2013-ին չի ավելանա: Նա նաեւ տեղեկացրեց որ 2013-ին էապես կփոխվի միջնաժամկետ ծախսային ծրագիրը` կապված կառավարության եւ հեռանկարային զարգացման ծրագրերի հետ:

Գնումների համակարգը անցնող տարում անցում է կատարել էլեկտրոնային եղանակի, իսկ 2013-ին էլեկտրոնային կդառնան նաեւ շրջանակային համաձայնագրերը, դրանով իսկ համակարգն ամբողջապես կդառնա էլեկտրոնային: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է այս ոլորտում չարաշահումները վերացնելու համար: Հաջորդը ներքին աուդիտի համակարգի ներդրման մասին էր: Վաչե Գաբրեիլյանը հայտնեց, որ 2012-ին այն ներդրվել է 52 պետական կառավարման մարմինններում եւ Երեւանի քաղաքապետարանում, իսկ 2013-ին կներդրվի նաեւ այլ քաղաքային համայնքներում:

Օրենսդրական փոփոխություններից առանձնացվեց արտոնագրային վճարների ներդրումը, որն, ըստ ֆինանսների նախարարի, պարզեցրեց եւ բարելավեց գործարար միջավայրը եւ շրջանառության հարկի ներդրումը փոքր ծավալներ ունեցող տնտեսվարողների համար, որը նախատեսված է 2013-ին եւ որը նույնպես փոքր բիզնեսի օգտին կատարված քայլ է:

Նախարարության միջազգային ֆինանսական համագործակցությունից Վաչե Գաբրիելյանն ընդգծեց հայ-ամերիկյան եւ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը: Առաջինի դեպքում նա կարեւորեց էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման վերաբերյալ համաձայնությունները, իսկ երկրորդի դեպքում` գերմանական կողմի ֆինանսական աջակցության մի շարք ծրագրերին: Մասնավորապես, գերմանական կողմը 75 մլն եվրո է տրամադրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գծի ենթակայանների կառուցմանը, 40 մլն եվրո` վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երկորդ փուլին, 18,5 մլն եվրո` Ախուրյան գետի ջրային ռեսուրսների կառավարմանը եւ այլն:

Այս տարվա ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումների արդյունքում վերակագնվել եւ վերաձեւակերպվել է 1 մլրդ 77 մլն դրամ, որից 605 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե: Նախարարի տեղեկացմամբ, տույժեր ու տուգանքներ են կիրառվել շահումով խաղերի եւ խաղատների մոտ լիցենզավորման պայմանների եւ պահանջների խախտման համար:

«Ազգի» հարցը ֆինանսների նախարարին առնչվում էր այս տարվա արդյունքում սպասվող հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը եւ եկամուտների անհավասարությունը բնորոշող Ջինի գործակցին, որի բարձր լինելը նշանակում է եկամուտների ավելի բարձր անհավասարությունը: Վաչե Գաբրիելյանը նախ խոսեց աղքատության ցուցանիշի մասին, ասելով, որ տարեկան արդյունքներով ակնկալվում է, որ 35 տոկոս աղքատությունը կնվազի 2-3 տոկոսով, իսկ Ջինի գործակցի վերաբերյալ հույս հայտնեց, որ այն կնվազի: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն էլ այս տարի պետք է նախորդ տարվա համեմատ ավելանա 0,6 տոկոսով եւ գերազանցի 20 տոկոսը:

Շարունակելով եկամուտների բեւեռացման թեման, նախարարը նշեց, որ նման օրինաչափություն է նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվումՙ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Ճգնաժամի հետեւանքով ներկայումս նկատվում է տնտեսական աճ` առանց աշխատատեղերի ստեղծման: Հայաստանի կառավարությունը ձգտում է խրախուսել աշխատատեղերի ստեղծմամբ տնտեսական աճը: Այդ նպատակով հարկային արտոնություններ են նախատեսվելու այն գործատուների համար, որոնք նոր աշխատատեղեր են ստեղծելու:

Վաչե Գաբրիելյանի կարծիքով, տնտեսական ճգնաժամը Հայաստանը հաղթահարել է, բայց չի հաղթահարել ճգնաժամի հետեւանքները: Տնտեսական կայուն աճը վկայում է, որ ճգնաժամը հաղթահարվել է, սակայն տնտեսությունն ամբողջությամբ չի վերակողմնորոշվել եւ այժմ այդ գործընթացի մեջ է: «Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին», ավելացրեց նախարարը:

«Կլինի՞ ճգնաժամի 2-րդ ալիք»ՙ ֆինանսների նախարարն ասաց, որ խոսակցություններն այդ մասին կապված են եվրոգոտու պարտքային ճգնաժամի հետ, բայց հնարավոր են նաեւ գլոբալ այլ զարգացումներ: «Հավանականությունը կա, բայց մեծ չէ: Այդուհանդերձ, ամենայն հավականությամբ, ճգնաժամ չի լինի, բայց երբեք պետք չէ դա բացառել», եզրափակեց նախարարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4