Արտերկրում գտնվող հայկական մշակութային-կրթական յուրաքանչյուր հաստատություն որպես համասփյուռքյան օրգանիզմի անբաժանելի մաս, իր դերն ու նշանակությունը եւ ազդեցությունը ունի ամբողջ կառույցի վրա: Եվ, բնականաբար, դրանց հետ կապված որեւէ փոփոխություն, աշխատանքների դադարեցում, փակում եւ այլն ակնհայտորեն թուլացնում են հայկական ինքնության պատնեշները, հուսահատական տրամադրություններ առաջացնում հայության մեջ: Նման ցավալի իրողություն ապրեց սփյուռքահայությունը վերջերս Կիպրոսի Մելգոնյան վարժարանի փակման հետ կապված:
Այսպիսի մի ճակատագիր, կարծես, սպասվում է Ֆրանսիայի Հայկական թանգարանին: 1949 թ. Նուրհան Ֆրենկյանի կողմից հիմնադրված թանգարանը գտնվում է Փարիզի լավագույն հատվածներիցՙ 16-րդ թաղամասում, զբաղեցնելով XIX դարի պատմական, գեղեցիկ մի շինությանՙ երեք հարկանի առանձնատան առաջին հարկը: Չնայած մասնավոր թանգարանային կարգավիճակինՙ հավաքածուն պատկանում է Ֆրանսիայի պետությանը: Շուրջ հազար միավոր իրերից բաղկացած թանգարանային հավաքածոյի մեջ հատկապես արժեքավոր են հին ձեռագրերն ու հնատիպ գրքերը, նախաուրարտական եւ ուրարտական շրջանին պատկանող հնարժեք իրեր, եկեղեցական սպասք եւ ծիսական իրեր, Քյոթահիայի խեցեգործության ընտիր նմուշներ, XIX-XX դարերի հայ գեղանկարիչների արժեքավոր գործեր եւ այլն: Թանգարանը իր տեսակով Ֆրանսիայում միակն է եւ շատ կարեւորՙ հայության համար, քանի որ հայ մշակույթի պատմության անձնագիր է ասես, եւ այդ պատմության բոլոր փուլերի բազմաշերտության ու բազմազանության ներկայությունն է ապահովում եվրոպական կարեւորագույն երկրներից մեկում:
Թանգարանային շենքը հնացածության, համապատասխան պայմանների, միջավայրիՙ միջազգային ժամանակակից նորմերին չհամապատասխանելու պատճառով 1993-ականներից փակված է: Փակվել է նաեւ նույն շենքի 2-րդ հարկում գտնվող Էնրիի թանգարանը, որը Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքի արվեստի «Գիյմե» թանգարանին պատկանող, բայց առանձին պահպանվող հավաքածո էՙ XIX դարի ֆրանսիացի դիվանագետ եւ հավաքածոյի հեղինակ Էնրիի անվան թանգարանում: 2011 թ. վերանորոգչական աշխատանքներ ձեռնարկած Էնրիի թանգարանը Հայկական թանգարանին խնդրեց ազատել զբաղեցրած տարածքըՙ իր իսկ անվտանգության շահերից ելնելով: Միաժամանակ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից թանգարանի տնօրեն, հիմնադրի որդի Ֆրեդերիկ Ֆրենկյանին վերանորոգման աշխատանքներն ավարտվելուց հետո վերադառնալու եւ իր սրահները հետ ստանալու փաստաթուղթ տրվեց: Ըստ այդու, թանգարանային հավաքածոն փաթեթավորվեց եւ պահեստավորվեց: Ցուցանմուշների մեկ մաս մասնակցեց 2012 թ. փետրվարի 1-ից Արվանշում բացված «Հայկական ներկայությունը Ֆրանսիայում» ցուցահանդեսին: Երբ Արվանշի ցուցահանդեսը մայիսին փակվեց, եւ Էնրիի թանգարանի վերանորոգման աշխատանքները ապրիլից արդեն ավարտվել էին, որոշվեց Հայկական թանգարանային հավաքածոն նույնությամբ տեղափոխել նախկին սրահները: Չնայած աշխատանքներն ավարտված էին, սակայն Հայկական թանգարանի սրահները զբաղեցված էին ռեստավրացիայի ենթակա Էնրիի թանգարանի իրերով, ինչն անիրականանալի է դարձնում Հայկականի մուտքը արդեն յոթ ամիս: Ֆրեդերիկ Ֆրենկյանի բազմաթիվ դիմումները մշակույթի նախարարություն, առայժմ անարդյունավետ են. չնայած առկա փաստաթղթին, նա չի կարողանում հետ ստանալ իր տարածքըՙ յուրաքանչյուր անգամ տարբեր պատճառաբանություններովՙ սպասելու, հետաձգելու եւ այլն խնդրանքով: Երբեմն նամակները մնում են անպատասխան:
Թանգարանի աշխատանքներըՙ հավաքածոյի գիտական կատալոգի պատրաստման, հրատարակության եւ այլ, փաստորեն կաթվածահար են: Այսպիսի վիճակը եւ նման վերաբերմունքը մռայլ կանխատեսումների է մղում: Ֆրանսիայի Հայկական թանգարանի ճակատագիրը անհանգստություն է պատճառում նաեւ Հայաստանի մտավորական շրջանակներին: Այս մտահոգությամբ էր «Ազգի» խմբագրություն անցելել թանգարանի հետ երկար տարիներ աշխատանքային համագործակցության մեջ գտնվող, նույն թանգարանի կատալոգի հեղինակ, արվեստաբան-ձեռագրագետ, Երեւանի Մատենադարանի ավագ գիտաշխատող Էդդա Վարդանյանը , որի հետ մեր զրույցի մանրամասներըՙ թերթի հաջորդ տարվա առաջիկա համարներից մեկում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ