«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՕՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունների առաջադրումը: Քանի որ գործընթացը տեւելու է մինչեւ հաջորդ տարվա առաջին տասնօրյակը, ապա «Ազգը» կանդրադառնա թեկնածուներին, երբ ավարտվի նրանց պաշտոնական գրանցումը եւ հաստատվեն ընտրություններին մասնակից բոլոր թեկնածուները: Նշենք միայն, որ նախագահական ընտրություններին երեք նախագահներից կմասնակցի միայն մեկը` գործողը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, թե ինքը չի կարծում, թե երկրորդ նախագահը կառաջադրվի, այդ մասին են վկայում նաեւ քաղաքական զարգացումները:

Իսկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց «Չորրորդ ինքնիշխանությանը», մասնավորաբար ասելով. «Իմ առաջադրմանը թեր եւ դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում... Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը թերեւս նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»:

Ինչպես գիտենք, գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին արդեն իսկ հայտարարել է Հանրապետական կուսակցությունը` իր վերջին, 14-րդՙ արտահերթ համագումարում:

Սակայն, որքան էլ կարեւոր լինեն նախագահական ընտրությունները, այս նախատոնական օրերին քաղաքականությունը վերջին հետաքրքրականն է լինում: Ուրեմն ժամանակահատվածը, որքան էլ թեժ լինի ԿԸՀ-ում, քաղաքականությունից հեռանալու ժամանակահատվածն է, ճիշտ այնպես, ինչպես կարծես թե անում է առաջին նախագահը, ինչպես ՀԱԿ-ի համակիրներն են պնդում` «գեղեցիկ եւ տխուր»: Ի դեպ, 21 տարի առաջ, դեկտեմբերի 25-ին հեռուստատեսային ելույթով իր հրաժարականի ու հեռացման մասին հայտարարեց ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Ի տարբերություն «արդեն ծերացող» Տեր-Պետրոսյանիՙ Գորբաչովը հեռանալու համար ուներ «սկզբունքային պատճառներ»: Այնուհետեւ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը միջուկային զենքի կառավարման ճամպրուկը հանձնեց Բորիս Ելցինին ու հեռացավ Կրեմլից, որտեղ իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշն ու բարձրացվեց ՌԴ պետական եռագույնը... Դժվար է ասել, թե ի՞նչ զարգացումներ կլինեն ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո, քանի որ անհնարին է պատկերացնել ՀԱԿ-ը, գոնե այս կազմով, առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի...

Այնպես որ, ուղղակի հեռանանք քաղաքականությունից, մանավանդ որ այնտեղից, ինչպես եւ ամեն տեղից, հեռացողներ եղել են ու այժմ էլ կան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4