«ԲԱՆԱՆՑԸ» ՄԵԿՆԵՑ ԿԻՊՐՈՍ Երեւանի «Բանանցը» մեկնել է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: Այնտեղ էլ թիմի ֆուտբոլիստներին կծանոթանա օրերս «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն, որը փոխարինել է «Փյունիկի» ղեկը ստանձնած Ռաֆայել Նազարյանին: Նախապատրաստական այս շրջանում «Բանանցում» որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես Արտակ Դաշյանը տեղափոխվել է Կապանի «Գանձասար»: Հիշեցնենք, որ Դաշյանը 7 գնդակով «Բանանցի» լավագույն ռմբարկուն էր: «Գանձասարում» փորձաշրջան է անցնում «Բանանցի» պաշտպան Գրիշա Խաչատրյանը: Իսկ ահա ՀՀ հավաքականի անդամ Հովհաննես Համբարձումյանը մարզվում է Դոնեցկի «Մետալուրգում»: Կիպրոսում ուսումնամարզական հավաքին կմասնակցեն «Բանանցի» 30 ֆուտբոլիստներ, կփորձարկվեն նոր խաղացողներ: Հունվարի 23-ին թիմն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Կիպրոսումՙ մրցելով տեղի «Էրմիսի» հետ: Հունվարի 26-ին «Բանանցը» կխաղա մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, իսկ փետրվարի 1-ին ուժերը կչափի «Մորդովիայի» հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Բանանցն» անհաջող է հանդես գալիս: Թիմն «Արարատի» հետ պայքարում է բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: |