ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին: Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով օտարերկրյա հյուրերին, նրանց ծանոթացրեց հանրապետությունում մանկավարժական խոշորագույն հաստատություններից մեկի գործունեությանը, ապա անդրադարձավ ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը: Ռեկտորը կարեւորեց այն հանգամանքը, որ ամեն տարի Մանկավարժական համալսարան ընդունվող ավելի քան 4000 ուսանողներ հնարավորություն ունեն հիմնական մասնագիտությունից բացի տիրապետելու նաեւ արքայական խաղի հմտություններին եւ այն դասավանդել դպրոցում: Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատեց, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում դասավանդվում է շախմատը: Մանկավարժականում, ինչպես նաեւ ուսումնական մյուս հաստատություններում, երկար տարիներ գործել է ֆիզիկակական կուլտուրայի ամբիոն: Մանկավարժական համալսարանում այդ ամբիոնը վերանվանվեց շախմատի եւ սպորտի` կրելով նաեւ բովանդակային լուրջ փոփոխություններ: Ամբիոնը ղեկավարում է Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչը նույնպես հաջողության հասնելու կարեւոր գրավականներից է: Սմբատ Լպուտյանն էլ հավելեց. «Անհրաժեշտ է օգտագործել պահն ու Հայաստանի շախմատային հարուստ փորձը տարածել ողջ Եվրոպայում»: Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովն ուրախություն հայտնեց շախմատի առաջատար երկրներից մեկում` Հայաստանում գտնվելու կապակցությամբ. «Մենք նման ենք անփորձ աշակերտների, ովքեր հետեւում են այդ բնագավառում ձեր հաջողություններին, եւ ցանկանում ենք փորձառություն ձեռք բերել` Եվրոմիության անդամ երկրների դպրոցներում առարկան լավագույնս դասավանդելու համար»: |