ՀՈՒՆՎԱՐԻ 28. ԲԱՆԱԿԻ ՏՈՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայոց բանակի կազմավորման, փառապանծ հաղթանակների ու հերոսությունների մասին խոսվել է բազմիցս: Խոսվել է հայի ոգու, հայրենասիրության եւ միայն դժվար պահին միավորվելու ունակության մասին: Այսօր, երբ տարիների հեռվից ես նայում կատարվածին, ցանկությունը մեկն է, առավել բարվոք ու բարեկեցիկ պայմաններում պահպանել ձեռք բերածն ու ուղիներ գտնել զոհեր ու կորուստներ չունենալու համար: Լինելով պատերազմական իրավիճակում, անշուշտ, հնարավոր չէ կանխել թշնամու գնդակից զոհերը: Ինչպես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հավաստիացնում, հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում, սակայն կորուստին պատասխանում է անհամաչափ, եւ հակառակորդը կրկնակի եւ եռակի զոհեր է ունենում: «Որդիս զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս կամ թշնամու գնդակից» արտահայտությունն իհարկե չի մեղմում որդեկորույս ծնողի ցավը, սակայն որեւէ կերպ «հասկանալի է» դառնում զինվորի մահը. ի վերջո մենք պատերազմական վիճակում ենք, մեզ վրա կրակում են, մենք պատասխանում ենք: Սա ճշմարտություն է, որ գիտի յուրաքանչյուրը: Սակայն անհասկանալի է, անընդունելի է ու զայրացնող, երբ հայ զինվորը մահանում է ներսումՙ զորամասում, ծառայակցի գնդակից, հրամանատարի խոշտանգումից: Բանակի օրվա առթիվ շատ ցավալի է խոսել տխուր թեմաներից, ու գուցե չխոսեինք էլ, եթե հունվարի 28-ը երկու հայ ընտանիքներում սուգ չհայտարարվեր: Այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերը Եռաբլուրում էին, ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գալստյանի տանը սուգ էր: Ըստ նախնական տվյալներիՙ Գալստյանի ծառայակիցը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Գարեգինյանը գիշերը, մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող Արտակ Գալստյանին: Թե ինչո՞ւ ու ինչի՞ համարՙ պարզ չէ, նախարարությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: Թե ե՞րբ մեր զինվորները դարձան այսքան անհանդուրժող, ինչո՞ւ է զորամասում անառողջ մթնոլորտ ու ինչո՞ւ թշնամու համար նախատեսված գնդակը պետք է կանգնեցնի հայ զինվորի սրտի զարկըՙ հարցերի պատասխանը որեւէ մեկը չի կարողանում տալ: Ոմանք ասում են, որ բանակը կոպիտ միջավայր է, յուրաքանչյուր բանակում էլ նման իրավիճակ լինում է, քանի որ պատանի տղաները ցանկանում են ինքնահաստատվել: Ոմանք բանակը համարում են հասարակության հայելին ու արատավոր երեւույթների հիմքը տեսնում այդտեղ: Առավել լավատեսներն էլ վիճակագրական ցուցանիշ են ներկայացնում, ըստ որի տարեցտարի մահերի թիվը կրճատվում է: Պատճառաբանություններից յուրաքանչյուրն ընդունելի է եւ իրական, սակայն հարգելի չէ եւ չի կարող սփոփել: Հունվարի 27-ի գիշերը մահացել է նաեւ «Եղնիկներ» զորամասում խոշտանգված Ժորա Մկրտչյանը: Նրա պատմությանը «Ազգ»-ը բազմիցս է անդրադարձել: 2010-ի սեպտեմբերի 27-ին ինը ամսվա ժամկետային զինծառայող Ժորային սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ «Եղնիկներ» զորամասից տեղափոխեցին Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի բաժանմունք: Ժորային ծեծելով մահվան էին հասցրել սերժանտ Վաչիկ Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Առաքելյանն ու Մովսես Բադալյանը: Պատմությունն այսպիսին է: Երբ դիրքերից զինվորներն իջնում են զորամաս, տղաներից մի քանիսը մոտենում են գետի ափին: Ոտքերը լվալիս, Ժորայի զինվորական գրքույկն ընկնում է, տղաներից մեկը վերցնում է ու շպրտում զուգարանի ուղղությամբ: Բարկացած Ժորան ասում է, որ երկու տարի այդ գրքույկի համար է ծառայում, եւ պահանջում է, որ շպրտողը գնա եւ բերի: Ծառայակիցը բերում է, սակայն նույն օրը երեկոյան նշված երեք անձինք որոշում են պատժել Ժորային: Նրան նվաստացնում են, պարբերբար ծխախոտ են հանգցնում մարմնի վրա. ծաղրում, հայհոյում եւ ծեծում: Մկրտչյանը վախից ու ուժեղ հարվածներից միկրոինֆարկտ է ստանում, իսկ ավելի ուշ նրան տեղափոխում են հոգեբուժարանՙ պատճառը գլխի շրջանում ունեցած հարվածներն էին: Երկու տարի տառապելուց հետո արդեն նախկին զինվորը երկու օր առաջ մահացավ, եւ օդաչու դառնալու նրա երազանքն այդպես էլ մնաց անկատար... Հ. Գ. Բանակի օրվա առթիվ երեկ ՀՀ բարձրաստիճան այրերն այցելել են Եռաբլուր: Նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ զինված ուժեր չունենալը թերեւս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետեւանքներ, որքան մեզ համար: «Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ: Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը եւ ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»: Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նշել է, որ հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, արժանապատվորեն պաշտպանեց մեր անկախությունն ու ազատությունը եւ այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Նախարար Օհանյանը Եռաբլուրում հավաստիացրեց, որ հայոց բանակը պատրաստ է պատասխանել բոլոր սադրանքներին: |