«AP» cinema ԿԻՆՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս «AP» cinema կինոընկերությունը հանդես եկավ բարեգործական ծրագրով. «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի վերջին ցուցադրությանը Երեւանում ներկա գտնվեցին մանկատան երեխաները: «AP» cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանը դեմ էր բարեգործական ծրագրի լուսաբանմանը, ըստ նրա դա նմանվում է գովազդի, որը չի ցանկանում: «Ազգը» զրուցեց «Օրրան» բարեգործական կազմակերպության ցերեկային կենտրոնի երեխաների հետ, որոնցից Արմեն Գրիկուրովը ֆիլմը դիտելով շատ էր հուզվել. «Հետաքրքրական ֆիլմ է, համոզված եմ բոլորին դուր եկավ: Ուրախ եմ, որ մարդիկ այսպիսի ֆիլմ են ստեղծել եւ կցանկանայի նման ֆիլմեր շատ լինեին»: Աննա Պետրոսյանին եւս ֆիլմը շատ է դուր եկել, ըստ նրա կինոալմանախը ուսուցողական էր. «Երեխաները, որոնք իրենց մայրիկներին չեն սիրում կամ լավ չեն վերաբերվում, ֆիլմը դիտելով կվերանայեն իրենց արարքները եւ ավելի լավ կվարվեն մայրերի հետ»: Աննան կարծում է նաեւ, որ ֆիլմում առկա բաց տեսարանը չէր համապատասխանում կինոլամանախին, բայց այդպես չի մտածում «Օրրան» բարեգործական կազմակերպության մանկավարժ Լիանա Բարեղամյանը. «Հետեւելով ֆիլմին, կարող եմ հստակ ասել, որ բաց տեսարանները չափի մեջ էին եւ ոչ մի ավելորդություն չկար: Եթե ինչ-որ բաց տեսարաններ էլ կային, ապա երեխաների տարիքին համապատասխան էին»: «Օրրանի» սաներից Մոնիկա Բարսեղյանն էլ ցանկանում էր ֆիմը երկրորդ անգամ նայել, քանի որ շատ էր հավանել: Մանկավարժ Լիանա Բարեղամյանն «Ազգին» տեղեկացրեց, որ «AP» cinema կինոընկերությունն առաջին անգամ չէ, որ նման բարեգործական ծրագրով է հանդես գալիս. «Մի անգամ էլ «AP» cinema կինոընկերությունը բարեգործական բերքահավաք էր կազմակերպել: Միշտ չէ, որ մանկատան երեխաները հնարավորություն են ունենում այսպիսի հաճույքներից օգտվելու, շնորհակալ ենք նրանց, որ ընձեռեցին նման հնարավորություն»: Նշենք, որ ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչեւ, Կլիմ Պոպլավսկի: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: |