RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3939, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ՎԻԳԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «ՓՈՐՁԵՑԻ ԱՀԱԲԵԿՉԻ ՄԻՏՔ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ»

Ըստ եվրոպական cafebabel.com ամսագրի պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Ամերիկահայ գրող Վիգեն Բերբերյանի անգլերեն վեպերը թարգմանվել են ֆրանսերեն, իտալերեն, հոլանդերեն, եբրայերեն, սակայն հայ ընթերցողը տակավին ծանոթ չէ դրանց` հայերեն թարգմանված չլինելու պատճառով: Ստորեւ ներկայացնում ենք գրողի մասին եվրոպական «Կաֆեբաբել.քոմ» ամսագրում վերջերս տպագրված հոդվածի թարգմանությունը:

Ամերիկացի գրողի առաջին վեպը` «Հեծանվորդը», վերջապես հրատարակվեց Ֆրանսիայում` 2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից երերացող Մ. Նահանգներում լույս տեսնելուց 11 տարի անց: Ահաբեկչությունը վեպում ստացել է գեղարվեստական մարմնավորում` արտահայտված հեծանվավազքի, սիրո, տնական ուտեստների պատկերներով:

«Ողջույն, սա «Կաֆեբաբե՞լն» է»: Ժպտացող, ոչ բարձրահասակ, սափրված գլխով տղամարդուն հանդիպեցինք փարիզյան մեր գրասենյակի դռան շեմքի մոտ կանգնած` բերետը կրծքին սեղմած: Վիգեն Բերբերյանը նման է այն երեխային, որն ուզում է նույն պահին ստանալ իրեն խոստացված քաղցրավենիքը: Խմբագրատան խառնափնթոր վիճակի մասին մեր հպանցիկ զրույցից հետո ասացի. «Ահա եւ դուք այստեղ եք»: Նա նստեց, սկսեց տարաբնույթ հարցեր տալ, մի բաժակ ջուր խնդրեց, հետո հետաքրքրվեց, թե ի՞նչ լեզվով է լինելու հարցազրույցը` անգլերե՞ն, թե՞ ֆրանսերեն: Նա շփվում է կատարյալ ֆրանսերենով` թեթեւակի առոգանությամբ, որն իր խոսքին անկեղծ գրավչություն է հաղորդում: Եվրոպական ամսագիրն այս անգամ հյուրընկալել էր Վիգեն Բերբերյանին:

Լրագրությունից դեպի ֆինանսներ

Փարիզը Վիգենի առաջին բնակավայրը չէ: Նա ծնվել է Արեւմտյան Բեյրութում` Լիբանանի մայրաքաղաքի մահմեդական հատվածում: Լիբանանի հայկական համայնքը գլխավորապես Արեւելյան Բեյրութում է: «Մեր ընտանիքը միակն էր, որ ապրում էր արեւմտյան հատվածում, այլՙ ոչ արեւելյան»: (Այս պնդումը սխալ է բացարձակապես. թեեւ ավելի քիչ քան Բեյրութի արեւելյան հատվածում, սակայն հազարավոր հայեր էին ապրում նաեւ արեւմտյան հատվածում, հատկապես 1975-ականներին: -«Ազգ»)

Երբ Բեյրութում 1975-ի դեկտեմբերին սկսվեց քաղաքացիական պատերազմը, նրա ընտանիքն անմիջապես տեղափոխվեց Լոս Անջելես: Այն ժամանակ Վիգենը ինը տարեկան էր: Նրանք այնտեղ շատ արագ հարմարվեցին հայկական համայնքի նիստուկացին: Տասը տարի հետո 19-ամյա Վիգենը հեռախոսով լսեց հոր մահվան բոթը` Լիբանանում նա սպանվել էր ահաբեկչական խմբավորումների հարձակումներից:

Կարճ ժամանակ անց Վիգենը մեկնեց Նյու Յորք, ընդունվեց Կոլումբիայի համալսարան, որտեղ լրագրության մեջ դրսեւորեց բացառիկ ընդունակություններ, որ հազվադեպ է պատահում այդ բնագավառում: Որոշ ժամանակ արտահաստիքային թղթակից աշխատեց «Լոս Անջելես թայմսում», հետո մուտք գործեց ֆինանսական աշխարհ: Մարսել տեղափոխվելուց առաջ աշխատեց Նյու Յորքի ապահովագրական ֆոնդում: Ֆրանսիայի հարավում նա գրեց իր երկրորդ վեպը` «Դաս կապիտալ: Վեպ սիրո եւ դրամաշուկայի», որը Մ.Նահանգներում տպագրվեց 2007 -ին` տնտեսական ճգնաժամից առաջ, իսկ Ֆրանսիայի գրքի շուկայում հայտնվեց 2009-ին: Տնտեսական անկումից օգուտներ քաղելու նրա պատմությունը մեզ հուշում է, թե ինչու է Բերբերյանը ֆրանսիական մամուլում համարվում երազող «սարսափելի երեխա»: Հետո տեղափոխվեց Փարիզ, ուր ֆինանսական խորհրդատվության գրասենյակում 2006 -2010 թթ. աշխատեց որպես հետազոտող:

Այսօր 46-ամյա Վիգենը ապրում է Երեւանում, հայ միջնադարյան արձակ է ուսումնասիրում Մատենադարանում, որը հարուստ ձեռագրեր ու վավերագրեր ունեցող ձեռագրատներից մեկն է աշխարհում: Նա ժպտում է, երբ ակնարկում եմ իր ֆինանսական գործունեության մասին. «Գիտեմ, որ հիմնական կոչումս գրող լինելն է, բայց նաեւ գիտեմ, որ ցանկություն ունեմ ուրիշ գործեր եւս անելու: Իմ բուն էությամբ ես արվեստագետ չեմ: Եթե դու ցանկանում ես լինել միակը, պետք է կյանքդ ավելի շատ վտանգների ենթարկես, ավելի, քան ես եմ ենթարկել»:

Ֆրանսիա գալով Վիգեն Բերբերյանն առ այսօր խիզախ քայլ է անում: Նրա առաջին վեպը` «Հեծանվորդը», որը մեկ տասնամյակ ավելի շուտ է տպագրվել Մ.Նահանգներում, բովանդակում է ահաբեկչություն գործող մարդու մտքերն ու մտորումները: Մահապարտը ցանկանում է ռումբ պայթեցնել հեծանվի միջոցով: «Այս պատմությունը սկսեցի գրել 1997 -ին` 11/09/2001-ից շատ առաջ: Այդ դեպքից մի քանի ամիս անց, երբ գիրքը տպագրվեց, հնչեցին որոշ քննադատություններ: Լրագրողներն ինձ ասացին, որ այդ ժամանակահատվածում պետք չէր անդրադառնալ քաղաքական բռնությանը»:

Բերբերյանի գրքերը հաճախ են թարգմանվում ֆրանսերեն` Քրիստոֆ Կլարոնի թարգմանությամբ: Հենց նա էլ այս տարի թարգմանեց գրողի նոր վեպը` «Երկնքի բոլոր ադամանդները»:

Հետադարձ հայացք նետելով Բերբերյանն այժմ կարող է հպարտանալ, որ ինքն այն սակավաթիվ գրողներից է, որոնք սեպտեմբերի 11-ի դեպքերին արձագանքեցին գրական ստեղծագործությամբ: Նա չի ցանկանում, որ իր ասելիքը մթագնի զուգադիպությունների եւ հաջողությունների քայլքի մեջ: «Գրողը պետք է ժամանակից առաջ քայլի: Գրական գործը չպետք է հագեցած լինի զուտ արդի իրադարձություններով: Ես բնավ ահաբեկչության պաշտպանը չեմ: «Հեծանվորդում» գլխավոր հերոսն ակնհայտորեն մերժում է քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնություն գործադրելը»:

Ահաբեկիչը նույնպես սիրահարվում է

Թեպետ Լիբանանում ահաբեկչություն ծրագրող ահաբեկչի կերպարի նկարագրությունը զբաղեցնում է 285 էջ, սակայն այս հաջողված վեպում քաղաքական վեճերը հաջորդաբար ուղեկցվում են խոհանոցի եւ սեքսի հետ կապված հարցերով: «Իմ գրելաոճը խաղարկային է, եւ դա ինձ հնարավորություն է տալիս հետին պլան մղելու քաղաքականությունը», բացատրում է գրողը: Փաստորեն, նրա գլխավոր հերոսը ղեկավարվում է Ակադեմիայի կողմից, որն ահաբեկչական խմբավորման անուն է: Հեղինակը նրան պատկերում է որպես շատակեր ու հեշտասեր մարդու:

«Փորձել եմ նրան ավելի մարդկային դարձնել: Երբ լրագրողները խոսում են ահաբեկչության մասին, նրանք հատկապես սեւեռվում են բռնության վրա, բայց ահաբեկիչները նաեւ ուտում են ու սիրահարվում: Դրա համար էլ փորձեցի ներթափանցել ահաբեկչի միտք` ավելի լավ հասկանալու, թե ինչն է նրան դարձրել այդպիսին»: Դա լավ է նկարագրված գրքի մեկ այլ հատվածում, որը հասցեագրված է ազատ աշխարհին: «Չնայած մեր պնդակազմ արտաքինին, որն ընկուզենուց ավելի ամուր է, խորքում մենք ճիշտ ձեզ նման մարդիկ ենք»:

Ամեն դեպքում, այս վեպը ներգործություն չունի այսօրվա ահաբեկչության վրա: Դա առավելապես խորհրդածություն է կյանքի անհեթեթության եւ այնպիսի պարզ հաճույքների մասին, ինչպես սեր անելն է, ուտելը կամ հեծանիվ վարելը:

«Հեծանվորդը» բռնության ու կյանքի փոխաբերությունն է, որը նույնպես կապված է գրողի կենսափորձի հետ: «Ես սիրում եմ հեծանիվ վարել: Մի ընկեր ունեի, որի հետ հեծանվով Փարիզից գնում էինք մինչեւ Պրովանս: Երկու շաբաթ առաջ որոշել էինք վերսկսել, բայց նա ծանր վթարի ենթարկվեց ու կոմայի մեջ ընկավ: Նա սաղավարտ չէր դրել», պատմում է Վիգենը:

Նրա գիրքը սկսվում է հետեւյալ տողերով. «Դու պետք է միշտ սաղավարտ դնես, երբ հեծանիվ ես վարում: Սաղավարտը պետք է սեղմ հագած լինի: Կզակի փոկը պետք է սեղմված լինի կոկորդին: Ճարմանդը պետք է ապահով ամրացվի»:

Ահաբեկիչները կարող են օրինակ լինել նաեւ ճանապարհային անվտանգության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ