ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ Հ. Չ. Պայթյունը տեղի է ունեցել ցերեկը, ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ: Դա իրականացրել է ինքնությունը դեռեւս չճշտված մահապարտըՙ քաշելով իր վրա ամրացված ռումբի պատրույգը: Պայթյունի հետեւանքով մահապարտի հետ սպանվել է դեսպանատան անվտանգությունն ապահովող թուրք ոստիկանը, վիրավորվել է երեք մարդ, մեկըՙ լրագրողուհի է, որին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Պայթյունը լուրջ ավերվածություն է պատճառել դեսպանատան մուտքին: Իսկույն արձագանքելով պայթյունին, ինչպես CNN-Tutk-ն ու թուրքական NTV-ն են նշում, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ դա ուղղված է Թուրքիայի դեմ, նախաձեռնողըՙ երկրի անդորրը խաթարելու միտում ունեցող ահաբեկիչներն են (ակնարկը PKK-ի մասին է), սակայն իրենք ազգային արժեքներին տեր կանգնելու պայմանով երկրում ամրապնդելու են եղբայրությունը (նկատի ունի քրդերին): Էրդողանին հավելել է ներքին գործերի նորանշանակ նախարար Մուամմեր Գյուլերը: Նա կարծիք է հայտնել, որ մահապարտը եղել է տղամարդ, ամենայն հավանականությամբ թուրք, բացահայտելու են բոլոր կազմակերպիչներին: Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը. «Դեսպանատան առջեւ տեղի ունեցավ հզոր պայթյուն: Իրականացրել ենք անվտանգության արտակարգ միջոցառումներ, շնորհակալություն ենք հայտնում թուրք ոստիկանությանըՙ անհապաղ միջամտելու համար»: Մինչ Էրդողանը պայթյունը պայմանավորում էր «քրդական ահաբեկչության» հետ, իսկ ներքին գործերի նախարարը մահապարտին թուրք անվանելով նկատի էր առնում նրա թուրքական քաղաքացիությունը, լրատվամիջոցները «Դունյա բյուլթենի» կայքէջի գլխավորությամբ սկսեցին լուրեր տարածել, թե մահապարտը Ժողովրդի ազատագրության հեղափոխության կուսակցություն-ճակատի անդամ է, որպեսզի հիմնավորեն նրա ենթադրյալ կապը քրդական մեկ այլ կազմակերպությանՙ PKK-ի հետ: |