ԳՐՈՀԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԼԵՊՈՒՄ Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական զորքերի եւ ընդդիմության հակամարտությանն ավելացել է մի նոր զինված հակամարտություն: Խոսքը ապստամբ գրոհայինների տարբեր խմբավորումների դիմակայության մասին է: «Ալ Վաթան» թերթի տեղեկությունների համաձայն, Հալեպում մարտեր են սկսվել արմատական իսլամիստների երկու խոշորագույն խմբավորումներիՙ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Լիվա աթ Թաուհիդ» բրիգադի մարտիկների միջեւ: Հակամարտության պատճառն այն է, որ վերջիններս փորձել են առեւանգել «Ջեբհաթ ան Նուսրայի» անդամներից մեկին: «Լիվա աթ Թաուհիդ» բրիգադը Հալեպում ընդդիմության ամենամեծ զինված խմբավորումն է, համարվում է չափավոր իսլամիստական եւ ենթակա է սիրիացի «Մուսուլման եղբայրներին»: Մինչդեռ «Ջեբհաթ ան Նուսրան» սուննի արմատական խմբավորում է, կապված է «Ալ Ղաիդայի» հետ եւ անցյալ տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ում ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, նշում է ՌԻԱ գործակալությունը: Ավելի վաղ երկու խմբավորումներն էլ հրաժարվել էին ճանաչել 2012-ի նոյեմբերին Դոհայում Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի կազմած Ազգային կոալիցիան: «Ալ Վաթանը» ընդգծում է, որ անցյալում եւս տեղի էին ունեցել խմբավորումների բախումներ, գլխավորապեսՙ կողոպտված ունեցվածքի բաշխման հողի վրա, բայց գրոհային խմբերի միջեւ զինված բախումները Սիրիայում նոր երեւույթ են: |