RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2107, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 115

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նկարիչների միությունում երեկ բացվեց ցուցահանդես` նվիրված Իրանի Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին ներկայացված էին մանրանկարներ, քանդակներ, ինչպես նաեւ ձեռքի աշխատանքներ, իրանական արվեստին ու պատմությանը վերաբերող գրականություն: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ փետրվարի 10-ը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բացման խոսքում ներկայացրեց ցուցահանդեսի բուն նպատակը եւ արտահայտվեց հայ-իրանական մշակույթի համագործակցության մասին: Իսկ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը կարդաց նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը` նվիրված հեղափոխության 34-րդ տարեդարձին: Փոխնախարար Ա. Սամուելյանը նշեց, որ շարունակական են լինելու հայ-իրանական մշակութային ծրագրերը, մասնավորապես մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

«20-22 տարի է մենք տարածաշրջանում տեսնում ենք, թե որտեղ է կայանում իսկական բարեկամությունը: Իրանի եւ մեր երկրի միջեւ ճշմարիտ բարեկամություն է, եւ եթե շուրջ 20 տարի առաջ մենք կիսում էինք մի կտոր ցորենի հացը միմյանց հետ, ապա այսօր մեր երկիրը ոտքի է կանգնել, շտկել է իր մեջքը, եւ տարվա ընթացքում համատեղ կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ նկարչական, ե՛ւ գրական, ե՛ւ դրամատուրգիայի ոլորտներում», ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա նշեց, որ չկա որեւէ բնագավառ, որտեղ Հայաստանը եւ Իրանը չունենան համատեղ ծրագրեր: Անանյանը հույս հայտնեց, որ առաջիկայում շարունակական կդառնան եւ կընդլայնվեն մշակութային ծրագրերը, քանի որ դրանք միմյանց ճանաչելու լավագույն միջոցն են:

Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսինն էլ ասաց, որ իր համար մեծ պատիվ է նշանակվել դեսպան հենց Հայաստանում եւ մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը. «Արվեստն այնպիսի բան է, որ որքան հնանում, այնքան ավելի արժեքավոր է դառնում: Հաջողություն են վայելում այն ստեղծագործողները, որոնք մեծ սեր են ներդրել իրենց գործում: Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին մեծ դերակատարություն են ունեցել նաեւ արվեստագետները, որոնք կատարված իրողությունները ներկայացրել են իրենց արվեստում»: Դեսպանը նշեց, որ եթե ժողովուրդն ունի արժեքավոր արվեստ, մշակույթ, ապա ոչ ոք այդ ժողովրդին չի կարող որեւէ բան պարտադրել:

Մշակույթի օրերը մեկնարկել են հունվարի 31-ին, որի շրջանակում, բացի այս ցուցահանդեսից, տեղի կունենան նաեւ մրցույթներ` աշակերտների մասնակցությամբ, իրանական ֆիլմերի շաբաթ, եւ արեւելագետ-իրանագետ Էմմա Բեգիջանյանի «Ծիածան» գրքի շնորհանդեսը:

Իրանական ֆիլմերի օրերին հանրությունը հնարավորություն կունենա դիտելու հետեւյալ ֆիլմերը` «Աղա Յուսեֆ», «40-ամյակը», «Այստեղ, առանց ինձ», «Մանուկ եւ հրեշտակ», «Ալցհայմեր», «Պատիժ», «Ոսկի եւ բրոնզ»:

Ֆիլմերը ցուցադրվելու են Երեւանի կապույտ մզկիթում` փետրվարի 4-10-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ