ՈՉ-ՈՔԻ, ՈՐ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց մրցաշրջանը սկսել հաղթանակով: Հակառակ ֆուտբոլասերների սպասումներին, մեր ընտրանին իր հնարավորություններից զգալիորեն ցածր հանդես եկավ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 148-րդ տեղը զբաղեցնող եւ իր կարգով մեր հավաքականին զիջող Լյուքսեմբուրգի հետ: Գրանցվեց նման մրցակցի հետ մեզ պատիվ չբերող ոչ-ոքի արդյունք: Ընդ որումՙ Հայաստանի հավաքականն արդեն 15-րդ րոպեին հայտնվել էր հետապնդողի դերում, երբ Մարիո Մյուտշը տուգանային հրապարակի մատույցներից անսպասելիորեն գրավել էր Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Եվ միայն առաջին խաղակեսի ավարտին Էդգար Մանուչարյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ավելին անել այդ օրը մեր ֆուտբոլիստներն անկարող էին: Իհարկե, ընկերական հանդիպումներում արդյունքը երկրորդական պլան է մղվում, սակայն Լյուքսեմբուրգի հավաքականի պարագայում հայ ֆուտբոլասերները մեր ընտրանուց միայն հաղթանակ պիտի ակնկալեին: Սակայն ոչ միայն հաղթանակը չգրանցվեց, այլեւ ֆուտբոլիստները չցուցադրեցին իրենց բնորոշ խաղը: Ճիշտ է, ոմանք կարող են մեղմացուցիչ փաստեր բերել, նշելով, որ ներկայումս նախապատրաստական շրջան է, ֆուտբոլիստները դեռեւս լավ մարզավիճակում չեն, հավաքականում նորեկներ փորձարկվեցին եւ այլն: Բայց չէ՞ որ այս ամենը վերաբերում է նաեւ մրցակցին, որն իր կարգով զգալիորեն ցածր էր: Սակայն համացանցով դիտելով հանդիպումը, այնքան էլ չզգացվեց մրցող թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Հայաստանի հավաքականը բնավ էլ մեծ առավելություն չուներ լյուքսեմբուրգցիների նկատմամբ: Մեր ֆուտբոլիստները գործում էին միջին արագությամբ, հիմնականում փորձում էին մրցակցի պաշտպանությունը ճեղքել կենտրոնով, որտեղ լյուքսեմբուրգցիները մեծ ուժեր էին կենտրոնացրել: Իսկ եզրային գրոհներն էլ առանձնակի վտանգ չէին ներկայացնում իրենցից: Ինչ խոսք, զգալ տվեց Յուրա Մովսիսյանի բացակայությունը: Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղում Վարդան Մինասյանը ստիպված էր մեկնարկային կազմում որոշ փոփոխություններ կատարել, քանի որ մարտի 26-ին չեխերի հետ կայանալիք խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի պաշտպան Հրայր Մկոյանը եւ հենակետային կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը: Վնասվածքի պատճառով էլ կբացակայի նաեւ Լեւոն Հայրապետյանը: Այնպես որ ընկերական այդ հանդիպումը պետք է մարզչի համար շատ հարցերի պատասխանը տար: Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղում մեր ընտրանիում նորամուտը նշեցին Նորայր Ասլանյանը, Արտյոմ Խաչատուրովն ու Կարեն Մուրադյանը: Իհարկե, մեկ խաղով դժվար է գնահատական տալ նրանց ելույթին: Նշենք, որ Ասլանյանը փոխարինման մտնելով, կարող էր աչքի ընկնել, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Իսկ Արտյոմ Խաչատուրովը խաղային դրվագներից մեկի ժամանակ սխալվեց ու քիչ էր մնացել մրցակիցը 2-րդ գնդակը խփեր: Լավ էր, որ հուսալի գործեց Ռոման Բերեզովսկին: Իհարկե, մեկ խաղով դժվար է հեռուն գնացող եզրակացությունների հանգել: Անշուշտ, մարտի 26-ին Հայաստանի հավաքականը չեխերի հետ խաղին կներկայանա այլ կազմով ու տրամադրվածությամբ: Հուսանք, որ առաջիկա խաղում հավաքականն իր երկրպագուներին կուրախացնի թե՛ դրական արդյունքով, թե՛ ցուցադրած խաղի բարձր որակով: Իսկ այժմ ֆուտբոլասերներին ներկայացնենք մրցող թիմերի մարզիչների կարծիքը: Վարդան Մինասյան (Հայաստան) - Չէի ասի, թե մեզ համար խաղի արդյունքը կարեւոր չէր, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ էլ ձգտում ենք հաղթանակի: Հաջողության չհասանք, քանի որ հավաքականի ֆուտբոլիստները ներկա փուլում նախապատրաստական շրջանում են, շատերի մոտ խաղային պրակտիկայի պակաս է զգացվում: Թերեւս բացառություն է Հենրիխ Մխիթարյանը: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, սակայն վտանգավոր պահերով խաղը հավասար էր: 1-1 հաշվի ժամանակ 2 թիմերն էլ կարող էին հաղթելՙ ունենալով գոլային մի քանի պահեր: Մենք խաղացինք մեր հնարավորությունների 50 տոկոսով: Ինչ վերաբերում է նորեկներին, ապա այն, ինչ մեզ հետաքրքրում էր նրանց խաղում, տեսանք: Նաեւ փորձարկումներ կատարեցինք խաղային մի քանի դիրքերում, որոնք մեզ անհանգստացնում էին որակազրկված ֆուտբոլիստներ ունենալու պատճառով: Լուկ Հոլց (Լյուքսեմբուրգ) - Գոհ եմ այս խաղից: Խաղից առաջ վնասվածք ստացած 4 ֆուտբոլիստներ ունեինք: Լյուքսեմբուրգի առաջնությունը, որը սիրողական մակարդակ ունի, դեռ չի վերսկսվել, ուստի մտավախություն կար, որ ֆուտբոլիստներն ամբողջությամբ պատրաստ չեն լինի հանդիպմանը: Սակայն ամեն ինչ լավ ընթացավ, նույնիսկ կարող էինք 2-րդ գնդակը խփել ու հաղթել, բայց չստացվեց: Խաղադաշտի վատ որակն ավելի ձեռնտու էր մեզ, քանի որ Հայաստանը տեխնիկապես լավ էր պատրաստված: Ուստի մրցակցի ֆուտբոլիստների համար նման խաղադաշտում խաղալն ավելի դժվար էր: Մրցակցի կազմում հանդես էին գալիս լավ պատրաստված այնպիսի խաղացողներ, ինչպիսին Մխիթարյանն է: Մենք նախկինում հանդիպել ենք Վրաստանի հավաքականի հետ, առաջիկայում էլ կմրցենք ադրբեջանցիների հետ: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է: |