ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁՆ ՈՒ... ԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հայաստանցիներս որոշակի առումով շփոթված ենք. այս ինչ է կատարվում մեզանում, երբ հաճախ թվում է, թե «անհնարինն ակնհայտ» խոսքերը հենց այնպես չեն ասված: Այս պայմաններում ընկերոջս առաջարկըՙ մասնակցել մի հավաքույթի, ակնկալելով նախընտրական զարգացումները, առանց վարանելու ընդունեցի. տեսնես ի՞նչ են խոսում ու ծրագրում այնտեղ: Հավաքույթը խոստացածից երկար տեւեց: Ընկերս, որի հրավերով միջոցառման մասնակից էի դարձել, նստեց նախագահի թեկնածուի վստահված անձի կողքին, այդկերպ հասկացնելով, որ ինքը դրության տերերից է, հարգանքի արժանի, թեեւ որեւէ մեկը նրան այլ կերպ վերաբերվելու տրամադրություն չէր ցուցաբերել: Շուրջ երեք տասնյակ մասնակիցներից մի քանիսը, թերեւս 6-7-ը վստահված անձին «շեֆով» էին դիմում, թեեւ հայտնի էր, որ նա էլ բացակայող իր կրտսեր փեսա նախագահի թեկնածուի պես գործազուրկի կարգավիճակ ուներ: Հրավիրյալս էլ էր այդ համոզման, քանզի հարեւանությամբ գտնվող շենքի բնակչին գրեթե ամեն օրվա ամեն ժամի էր տեսնում շան հետ շրջելիս: Դե դա տարիներ առաջ էր, երբ «ժիգուլիով» երեկոները գրդոնի էր ելնում: Այս համեստ գործարարության արդյունքում ավտոմեքենան գերմանականով փոխարինեց, հնամաշ ռուսականն էլ հարեւան Արմոն օրը 6000 դրամով վարձեց ու շարունակեց տաքսու տեղ բանեցնել: Վստահվածը, դե «շեֆին» անունով չեմ հիշում, իր բիզնեսի գաղտնիքները Արմոյին լավագույնս փոխանցեց, կողքից էլ հետեւում էր, որ նեղացնողներ չլինեն, ավտոտեսուչներն էլ բարեհաճ գտնվեն: Արմոյին գործը դուր եկավ, եւ երբ Աբգարիչը 3-րդ մեքենան գնեց, վարորդի հարցում խնդիր չծագեց. Արմոյի գյուղաբնակ դարձած եղբայրը բանջարաբույծի ու անասնապահի ժամանակավոր կարգավիճակը անվարան փոխարինեց երբեմնի փականագործ եղբոր ներկայիս զբաղմունքով: Դատելով նրանից, որ այս ծանոթներիցս բացի վստահված անձին «շեֆով» էին դիմում եւս 4-5 հավաքվածներ, կարելի էր գուշակել, որ քաղաքական ոլորտում առաջին քայլերն անող աներհոր գործերը գոհացնող են: Այդ փոքրիկ ավտոձեռնարկումը օրը 50000 դրամ էր ապահովում, որի 4000-ը մի կողմ դնելն ու փեսայի ընտրագրավը մուծելը հոգս չէր: Դե տղերքն էլ, խառատ ու պատմաբան, իրենց տներն են այս կերպ պահում, պետությանը հոգս չեն դառնում, մի խոսքովՙ բարեգործական հաստատություն են, որի մասին խոսել չեն սիրում: Այնպես որ գործազուրկի կարգավիճակն առավել գերադասելի է, քան մի քանի հազարի դիմաց պաշտոնյաների դռներն ընկնելը: Փեսան էլ չէր ընդունի իր այդ քայլը, որի ծրագրերը, հիմա արդեն պարզվեց, առավել հեռահար էին: Բայց որ նախագահի թեկնածու կառաջադրվի, ինքն էլ էր անակնկալի եկել եւ ինչ-որ տեղ այդ առիթով արտահայտվել: Փեսան ակնարկել էր, թե աներհոր հետ անշուշտ համաձայն է, բայց ավելացրել էր, թե փորձը փորձանք չէ, 8 միլիոնն էլ մեծ գումար չէ, առաջարկ է եղել, որը մերժել չէր կարելի: Մի խոսքովՙ հավաքույթն իր նպատակն ունի, միջոցառումն էլ նախընտրական շտաբի նիստ չէ, բայց պետք է, հասկանո՞ւմ եք, պետք է եւ վերջ: Հանկարծ ու փողոցում նախընտրական հարցումներ իրականացնող լրագրողները խոսափողը դեմ անեն ու հարցնեն, թե ի՞նչ գիտեք առաջադրված թեկնածուների մասին, վստահաբար չասե՞ն իրենց փեսայի մասին, որը գործազուրկ լինելով լավագույնս գիտի ճակատագրով դատապարտված մարդկանց հոգսերն ու ցավերը, նաեւ Ռուսաստանում ապրող եղբոր օրինակով արտերկրներում հարազատներ ունեցողների զգացմունքները: Հետն էլ ի՞նչ վստահված անձ, որ ծախսից խուսափի, ծանոթ-մոտիկներին մի կարգին հացկերույթի չհրավիրի, երբ փեսան էլ ակնարկել է, թե չէր խանգարի, պետք է... Հիշարժան այդ զրույցից հետո նրա հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, որի արածով ու չարածով հարկ էր միայն հիանալ ու ընդօրինակել: Միայն այն, որ հավաքված մոտ երեսուն ընտանիքների ներկայացուցիչներն իրենց օջախներում թեկնածու փեսայի հեռուստաելույթների ընթացքում տնեցիներին սաստելուն զուգահեռ գովեստի խոսքեր կհնչեցնեն, այս հավաքն արդարացված կարելի է համարել: Ի՞նչ բակից բակ, թաղից թաղ ու գյուղից գյուղ ընկնել, մարդկանց բարեւել ու այսուայն բաներից խոսել, ծրագիր կազմել, նախընտրական, ինչ են ասում, հա, քարոզչություն իրականացնել: Իրոք հարուստ է հայերիս լեզունՙ քա-րոզ-չու-թյուն: Ինչպես օրեր առաջ իրենց համատիրության ղեկավարն էր անում ու մարդկանց ամեն ինչից վանում: Համատիրությունում ի՞նչ կոռուպցիա, ատկատն էլ գրոշներով է, բայց պատժեցին, չէ՞, մարդուն, գործից հանեցին, լուրեր կան, թե Արմոյի եղբորն են վստահելու: Դե, հողի ու գոմի հոտը քաշած տղա է, քաղաքաբնակներին հարազատ զգացումներ են, միմյանց կհասկանան: Հավաքույթի թեժ պահին Աբգարիչի ձեռքի հեռախոսին զանգ եկավ. ներկաներն անմիջապես լռեցին, որին հաջորդեց զանգն ընդունողի «գալիս եմ» խոսքը: Ընկերոջս հասկացնելով որ միանա իրեն, Աբգարիչն ասաց, որ ուրախությունը շարունակենք, 10-15 րոպեից կվերադառնա: Իրոք. բաժակաճառերի հերթական ոգեւորիչ ալիքը նոր էր թափ առել, երբ մեկնածները սրահ մտան, որոնց էլ դիմեց ժամանակավոր թամադան: - Աբգարիչ, ի՞նչ կա, հո չի հրաժարվել: - Չէ, եղբայր, պարզապես ավագ փեսայիս կազմակերպած հյուրասիրության մասնակիցներին էին պետավտոտեսուչներն անհանգստացրել, հարցերը կարգավորեցի, պրծավ,- եղավ պատասխանը: Սեփական ավտոմեքենաներով հավաքին մասնակցելու եկած սեղանակիցները հավանության ու ինքնավստահության հայացքներ փոխանակեցին: Կատակ բան չէ, նախագահի թեկնածուի վստահված անձի հրավիրյալներ են, ասել է թե նրա լիարժեք հովանու ներքո են: Բան է, եթե Աբգարիչի ուժերից վեր հարցեր ծագեն, նախագահի թեկնածուն կա ու կա, նա իր խոստումները քամուն չի տա, այս սեղանն ու Աբգարիչն էլ ապացույց: Ահա այսպիսի բաներ մերօրյա Հայաստանում, որոնց համար չգիտես խնդաս, թեՙ լաս: |