RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-07 23:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3043, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Փարիզն ունի իր հռչակավոր «Սալոնը»: Լոս Անջելեսն իր «Արտ շոու» հոյակապ դահլիճը: Այս վերջինում 18-ամյա իր գոյության մեջ առաջին անգամ հունվարի 23-ին, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, բացումն է կատարվել օտարազգի արվեստագետների շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած, յուրահատուկ ոճի տեր հայազգի արվեստագետ Էմիլ Գազազի ստեղծագործությունների ցուցահանդեսի, որը նվիրված է խորհրդապաշտ նկարիչ-քանդակագործի ծննդյան 60 եւ ստեղծագործական կյանքի 35-ամյակներին:

Բուն անունով Էմանուել Գազազյանը բազմակողմանի տաղանդի տեր արվեստագետ է եւ դրանում մեծ դեր ունի նրա ծագումը: Ծնվել է Հայաստանում, իսկ ավելի կոնկրետՙ Գյումրիում 1953 թվականի հունվարի 14-ին: Հայրըՙ Արամ Գազազյանը հնակարկատ է եղել, մայրըՙ Սաթիկը աշխատել է տեղի թատրոնում եւ երաժշտական դպրոցում: Էմիլն ունի երկու քույրՙ Ասիան եւ Էլբիսը, եւ երկու զավակ Սաթե եւ Էմանուել անուններով:

Տասներկու տարեկանից Էմիլը հաճախել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, որից հետո 1968-ին ընդունվել է Երեւանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, որն ավարտել է 1972-ին: Ապա հաջողությամբ ավարտել է նաեւ (1979-ին) Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1980-ին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ էլ ապրում եւ ստեղծագործում է այժմ: Կինըՙ Մանե Հայրյանը հիմնադիր տնօրենն է «Գեղարվեստի Հայրյան Հովանի» ինկորպորացիայի, որն զբաղվում է արվեստագետի գործերը հայ եւ օտար հասարակությանը ներկայացնելու գործով:

Էմիլը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, այնպես էլ Կանադայում, Ռուսաստանում եւ եվրոպական մի շարք երկրներում: 2003-ին Ֆլորենցիայի բիենալեի կողմից արժանացել է հեղինակավոր «Լորենցիո Մեդիչի» շքանշանին եւ 2007-ին դարձյալ Ֆլորենցիայի բիենալեի կողմից առավել նշանակալից «Լորենցիո իլ Մագնիֆիկո» (Մեդիչի) առաջին կարգի մրցանակինՙ քանդակագործության ասպարեզում ունեցած մեծ նվաճումների համար:

Որպես արվեստագետ նա անառարկելիորեն պահպանում է Գյումրու հարազատ մթնոլորտն ու կոլորիտը, վարպետորեն միահյուսելով այն Լոս Անջելեսի ժամանակակից բազմաբնույթ մշակույթի հետ: Արդյունքում իր ինքնատիպ կտավներն ու խորհրդապաշտական քանդակներն են, որոնք ճանապարհ են հարթել դեպի համաշխարհային շուկա:

Հետագա հաջողություններ ենք մաղթում նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ