ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ, ԱՅԼ ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Վերջերս` անցյալ նոյեմբերի 19-ին, փառահեղորեն նշվեց Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Փաստորեն դա Մայր համալսարանից նրա բաժանման եւ ինքնուրույն բարձրագույն կրթահամալիր դառնալու հոբելյանն էր: Շուրջ իննսուն տարի մանկավարժական այս բնօրրանը տվել է հայ դպրոցին նվիրված հազարավոր մանկավարժներ, որոնք մեր կրթական գործը հասցրեցին աննախադեպ բարձրության: Հենց նրա սաներն էին, որ ուսումնական մեր խեղճուկրակ մակարդակը կարճ ժամանակում հաղթահարեցին: Նրա սաների շնորհիվ էր, որ Հայաստանում գրեթե իսպառ վերացվեց անգրագիտությունը: Հայաստանը գիտակրթական ձեռքբերումներով ընթանում էր Ռուսաստանին եւ Ուկրաինային համընթաց, ետ թողնելով ԽՍՀՄ բազմաթիվ հանրապետությունների: Հարկ է նշել Պետհամալսարանի ներդրումը եւս: Բարձրագույն կրթական այս երկու հաստատությունները թեեւ բազմազան ոլորտների համար որակյալ նույնատիպ մասնագետներ էին պատրաստում, սակայն նրանց արհեստավարժ կադրերը կոչված էին գործելու տարբեր բնագավառներում: Եթե Մանկավարժականի շրջանավարտները, որպես կանոն` օրենքով պարտադրված, աշխատանքի էին անցնում բացառապես կրթական հաստատություններում` դպրոցներում, ապա պետհամալսարանականները նախապատաստվում էին լայնորեն սկիզբ առած ակադեմիական գիտահետազոտական գործընթացին, թեեւ վերջինիս շրջանավարտների մի հոծ զանգված եւս լծվում էր Խ. Հայաստանի կրթական համակարգին: Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ծայր են առել կրթական բարձրագույն հաստատությունների` բուհերի, միավորման բազմապիսի ծրագրեր ու նախագծեր, որոնք երկրում հակազդեցության բուռն ալիք են բարձրացրել: Հայտնի է, որ Մանկավարժականի բանասիրական բաժանմունքը հիմնադրվել է 1930թ. ուսումնական տարեշրջանում եւ գոյատեւել մինչեւ 1965թ. ավարտ որպես հայոց լեզվի, գրականության եւ պատմության միացյալ` պատմալեզվագրական ֆակուլտետ: Իր գոյության երեքուկես տասնամյակների ընթացքում այն ունեցել է պատմական բացառիկ դերակատարություն` Խորհրդային Հայաստանի հեռավոր ու ծայրամասային բնակավայրերի տարրական եւ ութամյա դպրոցների պահպանման ու զարգացման գործում: Խորհրդային Միությունում լայնորեն տարածված մի արտահայտություն կար, որ Հայաստանում գոյություն չունի բնակավայր առանց էլեկտրական լուսավորության ու դպրոցի: Նշված ցաքուցրիվ բնակավայրերը` փոքրաթիվ բնակչությամբ ու սակավ աշակերտական կազմով, բնավ ի վիճակի չէին ապահովելու մանկավարժների լրիվ կազմ, եւ այդ պատճառով ուսուցիչները դրույքաչափով ապահովվում էին (շաբաթական պարտադիր դրույքաչափը կազմում էր 18 դասաժամ) լրացուցիչ ժամերով: Եվ այսպես` յուրաքանչյուր ուսուցիչ դասավանդում էր, օրինակ` ֆիզիկա, մաթեմատիկա եւ աստղագիտություն (ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտը), մյուսը` քիմիա, կենսաբանություն, բուսաբանություն ու կենդանաբանություն (քիմիակենսաբանական ֆակուլտետի շրջանավարտը), եւ այդպես էլ` պատմալեզվագրականի շրջանավարտը դասավանդում էր պատմություն, հայոց լեզու եւ գրականություն: Ես պատմալեզվագրականի վերջին մոհիկաններից եմ եւ ավարտել եմ 1965թ.: Իր գոյության վերջին 7-8 տարիներին ֆակուլտետում ուսանել են նաեւ սփյուռքահայ հընթացս եւ ապագա ուսուցիչներ: Սփյուռքահայ դպրոցների ուսումնակրթական գործի դժվարին խնդիրներին քաջածանոթ մեր այդ նվիրյալներն ուսանում էին ոչ թե համբավավոր ու ավելի բարձր վարկ ունեցող Մայր համալսարանում, այլ Մանկավարժական ինստիտուտի (համալսարան) պատմալեզվագրականում, քանզի հաճախ հայոց լեզվի մեր ուսուցիչները հարկադրված, կամա թե ակամա, իրենց վտիտ ուսերին էին առնում հայագիտական ու մեր մշակութային բոլոր առարկաների դասավանդման ողջ ծանրությունը: Քանիցս առիթ եմ ունեցել այս խնդիրը ներկայացնելու ՀԽՍՀ Բարձրագույն եւ Միջնակարգ Մասնագիտական կրթության Պետական Կոմիտեի, ինչպես նաեւ Կրթության Նախարարության (այն ժամանակ` Մինիստրության) ուշադրությանը, սակայն պատասխանը մշտապես եղել է խուսափողական-մերժողական: Հարկ եմ համարում անդրադառնալու սույն ցավոտ խնդրին եւս մեկ անգամ: Բանն այն է, որ օրեցօր նոսրացող` փոքրացող` նվազ աշակերտական թվակազմով սփյուռքահայ վարժարանների ուսուցիչներին այժմ էլ հարկ է ապահովել կենսականորեն անհրաժեշտ ժամաքականով: Հաճախ բացակայում են հայագիտական առարկաներին մասնագիտորեն տիրապետող արհեստավարժ մասնագետներ: Այդ կարիքն առկա է ոչ միայն ամենօրյա, այլ նաեւ միօրյա ու կիրակնօրյա վարժարաններում: Ուրեմն` սփյուռքյան մեր դպրոցների համար պատմալեզվագրականի վերաբացումը, ավելի ճիշտ` վերականգնումը, օրախնդիր է: Հայաստանի անկախացած հանրապետությունում եւս այն ահագնացող խնդիր է դարձել: Վերջին տարիներին աշակերտության թվակազմի պակասորդային ցուցանիշը բացասաբար է անդրադառնում ուսուցիչների աշխատավարձի, հետեւաբար եւ կենսամակարդակի վրա: Այդպես է մայրաքաղաքի, Գյումրու եւ Վանաձորի դպրոցներում, իսկ գավառական, ծայրամասային ու սահմանամերձ շատ ու շատ գյուղերի աշակերտության թիվը հաճախ չի անցնում մի քանի տասնյակից: Կրթության եւ գիտության նախարարության վերջին տարիների մի շարք ձեռնարկումները` ուսուցիչների «օպտիմալացումը», առանձնացած, եւ այսպես կոչված «ավագ դպրոցների» ստեղծումը ոչ միայն չեն վերացրել առկա դժվարությունները, այլեւ ստեղծել են չնախատեսված ու լրացուցիչ նոր խնդիրներ: Պարզ է, որ հարցը հավասարապես օրախնդիր է դարձել սփյուռքահայ ու հայաստանյան, ինչպես նաեւ վիրահայոց ամենօրյա, միօրյա եւ կիրակնօրյա դպրոցների համար: Վստահ եմ, որ սույն խնդրով մտահոգ բոլոր կառույցները կարձագանքեն ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայրենիքում: |