RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1350, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Առանց, իհարկե, պարզաբանելու, թե ինչ է ենթադրում լուծումը

Փետրվարի 10-ին Կեսարիայում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպիչների ներկայացուցիչներին: Հանդիպումը եղել է դռնփակ: Այդուհանդերձ «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Էրդողանը ներկաներին պարզաբանումներ է տվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ վերջինի կալանավայր Իմրալի կղզում ծավալվող բանակցությունների մասին:

Որքան հայտնի է, թուրքական պետական կառույցներն այդ բանակցությունները վարում են Օջալանի միջոցով PKK-ականների զինյալ պայքարին վերջ տալու, այլ ոչ թե քրդական հարցը կարգավորելու նկատառումով: Չնայած դրան, վարչապետ Էրդողանը պարզաբանումներ անելիս հենց այդ հարցն է նկատի ունեցել: Նա, ըստ թուրքական կայքէջի, ակնարկելով այդ հարցի մասին, ասել է. «Իմրալիում ծավալվող բանակցային գործընթացը, ինչպես յուրաքանչյուր քաղաքում, այնպես էլ Կեսարիայում, լուրջ աջակցություն է գտնում: Մեծ հույսեր ունենք: Այս հարցի կարգավորման դեպքում կշահեն բոլորը: Դուք էլ ավելի հանգիստ կշարունակեք ձեր գործունեությունը: Ամեն կերպ աշխատելու եմ կարգավորել այս հարցը թեկուզ իշխանությունից հեռանալու գնով: Հարցի առնչությամբ անելու եմ այն, ինչ իմ հնարավորության սահմաններում է»:

Ի դեպ, PKK-ի հետ ծավալվող բանակցություններին, Վաշինգտոնում «Միլիեթի» թղթակցի վկայությամբ, աջակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ահա թե ինչ է ասել. «Ես ողջունում եմ Թուրքիայի բնակչությանը ավելի քան 30 տարի վիշտ ու ցավ պատճառած կռիվներին խաղաղ լուծում տալու վարչապետ Էրդողանի ջանքերը: ԱՄՆ-ը շարունակելու է կոնկրետ քայլերով զորավիգ լինել բանակցային գործընթացին»:

Ինչպես կարձագանքի Օջալանը PKK-ի զինյալ պայքարը իր միջոցով դադարեցնելու թուրքական իշխանությունների պահանջին, Հյուսիսային Իրաքի կենտրոնակայան Ղանդիլը կամ քրդական կազմակերպության եվրոպական կառույցները ինչ վերաբերմունք ցույց կտան բանակցությունների արդյունքում ընդունված որոշմանըՙ չգիտենք: Սակայն ակնհայտ է, որ թուրքական կողմի համար երկրում կա PKK-ի խնդիր, իսկ քրդերիՙ քրդական հարց, եւ վերջիններս զինադադարի նախապայման են համարում տեղական ինքնակառավարումը, որը ճանապարհ է դեպի «Հյուսիսային Քուրդիստանի» ինքնավարությանՙ անկախացման հեռագնա նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ