ՀԱՅԱԳԵՏ ԴՈԿՏ. ՋՈՆ ԳՐԵՓԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՆՙ ՆԱԱՍՐ-ԻՆ Հ. Ծ. Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) «Էդուարդ եւ Հելեն Մարտիկյան» գրադարանը վերջերս հարստացել է լեզվաբան, հայագետ Ջոն Գրեփինի հեղինակած հատորների նշանակալի նվիրատվությամբ, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Գրեփինը երկար տարիներ դասավանդել է Կլիվլենդի պետհամալսարանում: 2011 թվականին պատվավոր պրոֆեսորի աստիճանին է արժանացել: Գրաբարի մասնագետ է եւ հեղինակ է 15 մենագրությունների: 1980 թվականից 25 տարիներ շարունակ խմբագրել է «Հայկական լեզվաբանության տարեգիրքը»: Նրա հայկական հատորների հավաքածոն բաղկացած է 900 վերնագրերից: Դրանց մեծ մասը նա ձեռք է բերել, ըստ լրատվության, Երեւանում ապրած տարիներին (1974-75 թթ.) եւ հետագայումՙ Օհայոյում բնակվելիս: Դրանց թվում են «Տեղեկագիր» (հետագայումՙ «Լրաբեր»), «Պատմա-բանասիրական հանդես» պարբերականները եւ «Հայկական համաբարբառ» արժեքավոր հատորները: «Այդ հաստատության հետ ես 37 տարի համագործակցել եմ եւ վստահ եմ, որ այնտեղ այդ գրքերը լավագույնս կծառայեն իրենց նպատակին», ասել է Գրեփինը նվիրատվության առթիվ: Հայկական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի ակադեմիական հարցերի գծով տնօրեն Մարկ Մամիկոնյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսորին իր առատաձեռն նախաձեռնության համար եւ վստահեցրել, որ հաջորդ սերունդները կօգտվեն այդ գրքերից: Գրադարանը անվանակոչված է Բլումֆիլդ Հիլզից (Միչիգան) բարերարներ Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների անունով եւ պարունակում է ավելի քան 25 հազար հատորներ եւ բազմաթիվ թերթերի հավաքածոներ: Գրադարանից օգտվելու համար խորհուրդ է տրվում այցելել www.naasr.org կայքը: |