RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-12 01:44:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2578, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամբողջ աշխարհում երեխաներ չունենալու պատճառով ամուսնացած զույգերի 15 տոկոսը դիմում է բժիշկների օգնությանը, նրանց մի մասը բուժվում է, սակայն 5 տոկոսը մնում է անպտուղ: Այս վիճակագրությունից Հայաստանը զերծ չէ, սակայն կոնկրետ տվյալներ, թե Հայաստանում, բնակչության թվի համեմատությամբ, որքա՞ն ընտանիքներ են կանգնած անպտղության ու ամլության խնդրի առաջ, դեռեւս չունենք: Մեկ այլ վիճակագրությամբ` շուրջ 50 տոկոս դեպքերում երեխա չունենալու պատճառը տղամարդն է, սակայն Հայաստանում տղամարդու ամլության գործոնը, ելնելով մեր մենթալիտետից, հաճախ բացառում են ու ամբողջ «մեղքը գցում» կնոջ վրա: Սակայն սերունդը պահպանելու համար կնոջը մեղադրելու փոխարեն հարկավոր է, որ տղամարդիկ եւս հոժարակամ գնան հետազոտման ու բուժման, չնայած վերջին երկու տարիներին հետազոտման գնացող եւ ամլության խնդրով անհանգստացող տղամարդկանց թիվն ավելացել է:

«Ցիտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանը , հաշվի առնելով կոնկրետ «Ցիտո» կենտրոնի փորձը, ասում է, որ վերջին 2 տարիներին ամլության խնդրով իրենց դիմողներն ավելացել են: Բայց երբեմն տղամարդիկ այնքան ուշ են գնում հետազոտման, որ բուժման համար էլ ուշ է լինում:

Անահիտ Պետրոսյանի փոխանցմամբ` հետազոտման համար տղամարդիկ իրենց դիմում են սկսած 25 տարեկանից, կանայք` 19 տարեկանից:

Ամլության պատճառները

Տղամարդկանց ամլության հասցնող գործոնները տարբեր են` արտագնա աշխատանքը, որտեղից վերադառնում են սեռավարակներով, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, հատկապես արտանետված ծանր մետաղների ազդեցությունը, սթրեսներն ու նյարդային համակարգի խանգարումները:

Կապված ծանր մետաղների հետ` Անահիտ Պետրոսյանը նշում է, որ օդն աղտոտող ծանր մետաղներ արտանետում են հատկապես պղնձամոլիբդենային կոմբինատները:

Չնայած հայաստանյան մասնագետները չունեն ցուցանիշներ ծանր մետաղների պատճառով ամլության առաջացման, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր մետաղները եւս տանում են ամլության: «Իսկ նման հետազոտությունը պղնձամոլիբդենային կոմբինատի տիրոջը ձեռնտու չէ, եւ մեր առողջապահության նախարարությունը իրականացնել չի կարող», երեկվա ասուլիսի ժամանակ ասաց Անահիտ Պետրոսյանը, ըստ որի` իրենց դիմող տղամարդկանց մեջ նկատվում է նաեւ սերմի որակի անկում, այսինքն` նման որակի սերմը բեղմնավորել չի կարողանում:

Սերմի որակի վատթարացման կարող են հանգեցնել տարբեր տեսակի վնասվածքները, վիրահատությունները, հատկապես մայրաքաղաքում անընդհատ ընթացող շինարարությունները, որոնք աղտոտում են միջավայրը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերը, մրսելը, մինչեւ անգամ սնունդը, չնայած սննդացանկը փոխելով հնարավոր է վերականգնել սերմի որակը:

Վ. Ավագյանի անվան բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար Գեւորգ Գրիգորյանն ավելացնում է, որ մրսածությունը կարող է հանգեցնել շագանակագեղձի բորբոքման, սեռական անկարողության ու մինչեւ սերմի որակի անկման:

Բազմազան սեռավարակները Հայաստանում եւս տարածված են, ինչի պատճառը, ըստ Անահիտ Պետրոսյանի, բնակչության անտեղյակությունն է, ավելի ճիշտ` տգիտությունը: Հայ տղամարդիկ հատկապես արտագնա աշխատանքից հետո վերադառնում են սեռավարակներով, որոնք եւս ամլության ու սեռական մասնակի անկարողության տանող գործոններ են:

Ամլության բուժումն ու կանխարգելումը

Բուժման ձեւերը լինում են դեղորայքային, վիրաբուժական, անգամ կենսակերպի ու սննդակարգի փոփոխությունը կարող է բուժել ամլությունը: Բայց բուժման թվարկված մեթոդները կիրառվում են կախված հիվանդության պատճառներից ու բարդության աստիճանից:

Ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը նշում է` նույնիսկ եղել են դեպքեր, երբ կարիք է եղել, որ տղամարդու հետ աշխատեն հոգեբանները կամ հոգեթերապեւտները, որովհետեւ սթրեսներից ստացված սեռական խանգարումները բուժելը հաճախ դառնում է հոգեթերապեւտի գործը:

Իսկ ամլությունը կանխարգելելու համար ուրոլոգը տղամարդկանց խորհուրդ է տալիս ապրել առողջ ապրելակերպով, գնալ պրոֆիլակտիկ ստուգումների եւ չչարաշահել վնասակար սովորությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ