RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2284, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 38

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Սպիտակ տան կայքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հրապարակված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հանրագիր, որով կոչ է արվում հայտարարել «Խոջալուում ռազմական հանցագործության զոհերի հիշատակի» (չակերտները մերն են -Վ. Ա.) օր»: Այնտեղ ասված է. «Փետրվարի 26-ին ադրբեջանական ծագմամբ ադրբեջանցիների խումբը եւ ԱՄՆ-ում բնակվող` ադրբեջանցիների բոլոր բարեկամները կնշեն 1990-ական թվականների ամենասարսափելի իրադարձություններից մեկի, 20-րդ դարի երկրորդ կեսում նախկին ԽՍՀՄ իշխանությունների ամենամեծ ռազմական հանցագործության` Խոջալուի կոտորածի 21-րդ տարելիցը»:

Ուշադրություն է հայցում, որ 1992 թ. փետրվարի 25-26-ին տեղի ունեցած «կոտորածը» նախ վերագրվում է նախկին ԽՍՀՄ իշխանություններին, ապա հավելվում, որ «մարդկության դեմ այդ հանցագործությունը կատարվել եւ ճանաչվել է Հայաստանի նախագահի կողմից», ինչը խոսում է հանրագրի նախաձեռնողների, մեղմ ասած, ոչ հետեւողականության կամ անիրազեկության մասին: Այնուհետեւ նրանք դիմում են ԱՄՆ նախագահին եւ խնդրում «օգնել` ստանալու Խոջալուի կոտորածին եւ զոհերին նվիրված նախագահական պրոկլամացիա»: Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են, որ «հանրագրին արդեն միացել է 65 000 հոգի, իսկ նախագահ Օբաման դրան կանդրադառնա, եթե մինչեւ փետրվարի 23-ը հավաքվի 100 000 ստորագրություն»:

Որքանո՞վ է իրականությանը մոտ հարեւան երկրի քարոզչամեքենայի հերթական «նախաձեռնողականությունը»` այլ խնդիր է: Հաղորդվում է, որ ԱՄՆ մի քանի նահանգներում այդ հարցով օրենսդիրներն արդեն իսկ քննարկումներ արել են: Իսկ օրերս Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է համարել «Խոջալուի ցեղասպանության միջազգային ճանաչումը»:

Մենք, ցավոք, այս կարգի տեղեկատվությանը կամ լուրջ ուշադրություն չենք դարձնում, կամ արձագանքում ենք ուշացած, երբեմն էլ` ոչ համարժեք: Մինչդեռ տեղեկատվության անգամ բաց աղբյուրների նույնիսկ թռուցիկ-սիրողական մակարդակի ուսումնասիրությունը թույլ է տալիս տիրապետել այնպիսի «մանրուքների», որոնց համադրումը, մասնագիտական վերլուծությունը եւ գնահատականը հնարավորություն կտան միջազգային մակարդակով չեզոքացնելու ադրբեջանական կողմի նկրտումները:

www.erevangala500.com` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վերլուծության եւ ապահովության բաժնի վերահսկողությամբ գործարկված կայքի «Գրադարան» բաժնում տեղադրված է Հ. Յաղուբլիի «Խոջալուի կոտորածը» (ադրբեջաներեն) ուսումնասիրությունը: Այն գրվել եւ հրատարակվել է 1992-ին: Այստեղ հանդիպում ենք մի քանի ուշագրավ վկայությունների:

«Խոջալուի դատախազ» Աթաքիշիեւը, որն, ի դեպ, տեղացի չէր, այլ` Աղջաբեդիից գործուղված եւ փետրվարի 25-ի կեսօրին, այն է` ռազմագործողությունից ժամեր առաջ, միայն իրեն հայտնի ճանապարհով եւ մի քանի հոգու ուղեկցությամբ արդեն գտնվել է Աղդամում, ուսումնասիրության հեղինակին ասել է, որ Խոջալուն սնուցող էկեկտրահոսքագիծը խորտակել են իրենք, «որպեսզի Ստեփանակերտում զրահատեխնիկայի վերանորոգման գործարանի աշխատանքը խափանվի»:

1991-92 թթ. ձմռանը Ստեփանակերտում նման գործարան չի եղել եւ չէր էլ կարող լինել: Ուստի Աթաքիշիեւի ասածը պետք է հասկանալ այնպես, որ Խոջալուում որոշել են թե՛ իրենց, թե՛ ԼՂՀ մայրաքաղաքի եւ հարակից հայկական գյուղերի բնակչությանը զրկել էլեկտրական հոսանքից: Իրենք էլ տառապել են, բայց ավելի մեծ է եղել Ստեփանակերտի կենսագործունեությունը խափանելու ցանկությունը: Կամ էլ Խոջալուում այդ քայլին գնացել են` կատարելով Ադրբեջանի իշխանությունների կամ Ժողճակատի առաջնորդների հրամանը:

Սա կարեւորագույն հանգամանք է. Խոջալուի մասին գրեթե բոլոր նյութերում հատուկ ընդգծվում է, որ այնտեղ «ամիսներ ի վեր չի եղել գազ, էլեկտրականություն, խզված էր հեռախոսակապը»: Աթաքիշիեւը վկայել է, որ Խոջալուն հոսանքազրկվել է, որպեսզի խափանվի Ստեփանակերտի էլեկտրամատակարարումը: Դառնանք հեռախոսակապի խնդրին: Նույն տեղում Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը վկայել է. «Փետրվարի 25-ի ժամը 9-ի (21-ի) սահմաններում ինձ զանգեցին եւ ասացին, որ ֆիննական տնակների (1989-90 թթ. Ադրբեջանի կողմից կառուցված նոր թաղամասի, որ անմիջապես հարում էր Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուն- Վ.Ա.) մոտից 1 ԲՄՊ (հետեւակի մարտական մեքենա) է անցել: Ապա ասացին, որ Աղդամից զանգել են, որ 4 տանկ է գալիս` չկրակենք»:

Մամեդովի վկայությամբ` ռազմագործողությունն սկսվելու օրվա դրությամբ Խոջալուում գործել է թե՛ ներքին, թե՛ արտաքին հեռախոսակապ, ԲՄՊ անցնելու, Աղդամից տանկեր եկած լինելու մասին տեղեկությունները նա ստացել է հեռախոսով, ինչպես նաեւ հեռախոսով են Աղդամից Խոջալուին զգուշացրել, որ «չկրակենք, չորս տանկ է գալու»: Այս վերջին` Աղդամից տանկեր գալու մասին լուրը Մամեդովը «կեղծ» է անվանում եւ ափսոսում, որ «դրա հեղինակը հայտնի չէ»: Բայց ո՞վ կարող է պնդել, որ հենց ինքը` Մամեդովը չի կեղծում, եւ այդ գիշեր, իրոք, Աղդամից տանկեր են մտել ռազմական գործողությունների թատերաբեմ:

Մանավանդ այլ աղբյուրներ վկայում են, որ նախօրեին «Ասկերանի ուղղությամբ միջանցք բացելու» գործողության նպատակով երկաթգծով Աղդամ հասցված 7 միավոր Տ72 տանկերից մի քանիսին տիրացել էր «Ալա Յագուբ» կամ «Գաթիր Մամեդ» մականվանյալ դաշտային հրամանատարներից մեկը: Վերջինս Խոջալուի դեպքերից կարճ ժամանակ անց «ես շատ բան գիտեմ» ասելու համար կալանավորվել եւ պահվել է Բայիլի` Ադրբեջանի ԱԱ նախարարության այսպես կոչված «ներքին բանտում», որտեղ էլ «հանկարծամահ է եղել»:

Աղդամի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տարիել Էյվազովը պատմել է, որ փետրվարի 25-ին «կարգադրություն է ստացել պատրաստի վիճակում պահել վիրահատարանը, վիրահատական սեղանները»: Նա ասել է, որ «ծանր վիրավորներին Բաքու տեղափոխելու համար առանձնացված էր երկու ուղղաթիռ»: Բժշկի վկայությունն այնքան արտառոց է թվացել, որ անգամ ադրբեջանցի ուսումնասիրողն է զարմացել. «Տարօրինակ է, չէ՞, «կոտորածը» (չակերտները մերն են - Վ. Ա.) դեռ չէր եղել, բայց դրան ընդառաջ Աղդամում բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են»: Իրոք` «տարօրինակ» է:

Եվ վերջապես. Յաղուբլին մեջբերել է պաշտոնական փաստաթուղթ: Ըստ այդմ, «փետրվարի 25-26-ի Խոջալուի դեպքերի կապակցությամբ» Ադրբեջանի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մասնագետների կողմից «փորձաքննության է ենթարկվել 181 դիակ, 150-ը` տղամարդու, 31-ը` կնոջ, փորձաքննության ենթարկված դիակներից 13-ը` մանկահասակի»: Ըստ մահվան պատճառ հանդիսացած վնասվածքների դասակարգման` 20-ը` բեկորային, 151-ը` հրազենային, 10` բութ գործիքից: 40 դիակի վնասվածքներ գտնվել են գլխի, 74-ինը` կրծքավանդակի, 17-ինը` որովայնի, 11-ինը` վերջույթների մասում»:

Փաստաթուղթն ստորագրել է Ադրբեջանի գլխավոր դատաբժշկական փորձագետ պրոֆ. Ռ. Մ. Յուսիֆովը: Այն մեջբերված է նաեւ «Մեմորիալ» եւ միջազգային այլ իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում: Այսինքն, դա Խոջալուի զոհերի թվի, սեռի տարիքի, մահվան պատճառ դարձած վնասվածքների մասին միակ օրինական-հանրաճանաչ փաստաթուղթն է: Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հանրագիրը, մինչդեռ, նշում է «613, այդ թվում` 63 երեխայի դաժան սպանությունը»:

Ի՞նչ է կատարվել 1992 թ. փետրվարի 26-ի վաղ լուսաբացին Խոջալուից 10-15 կմ հեռավորության` ուղղակիորեն Աղդամին հարող եւ մինչեւ 1993-ի ամառը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնված տարածքում` պարզելու խնդիր է: Բայց դրա համար պաշտոնական Բաքուն պետք է պաշտպանության, ԱԱ եւ ՆԳՆ նախարարության արխիվները բացելու քաջություն ունենա: Նույնը` Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը, որի զինված խմբավորումները նույնպես գտնվել են Աղդամում:

Դժբախտաբար, իրականության հետ առերեսվելուց ադրբեջանական կողմը գերադասում է քարոզչահնարանքները: Իսկ թե ինչո՞ւ են «ծագումով ադրբեջանցի ԱՄՆ քաղաքացիները» Բարաք Օբամայից ակնկալում «Խոջալուի զոհերի օրվա» հիշատակում, կարծես թե գաղտնիք չէ. ԱՄՆ նախագահն ամեն ապրիլի 24-ի հատուկ ուղերձով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ Ադրբեջանում, իհարկե` ոչ առանց Թուրքիայի հովանավորության, ճգնում են «հասնել պարիտետի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ