ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԼԵՈՆԱՐԴՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ «ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» Արվեստաբանների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Վերածնունդի դարաշրջանի մեծ վարպետ Լեոնարդո դա Վինչին ստեղծել է իրականում ոչ թե մեկ «Մոնա Լիզա», այլՙ երկուսը: Պարզվել է, որ սխալ է երեք տասնամյակ գոյություն ունեցած այն ենթադրությունը, թե տվյալ նկարը եզակի է: Այդ մասին հաղորդում է «Դեյլի մեյլ» թերթը: Այն գեղանկարը, որը մի քանի տասնամյակ համարում էին անհայտ վարպետի պատճենած «Մոնա Լիզա», իրականում պատկանում է հենց դա Վինչիին: Պատճեն համարվող «Այզելուորդյան Մոնա Լիզա» անվանումով նկարը հանվել է շվեյցարական բանկերից մեկի չհրկիզվող պահարանից եւ ենթարկվել նոր զննության: Պատկերված աղջիկը ակնհայտորեն ավելի ջահել է հանրահայտ «Մոնա Լիզայից»: Շվեյցարացի արվեստաբանները ռադիոածխածնային հետազոտության շնորհիվ հերքել են այն ենթադրությունը, թե տվյալ ստեղծագործությունը աշխարհահռչակ գլուխգործոցից հետագայում կատարված պատճենն է: Պարզվել է, որ «Այզելուորդյան Մոնա Լիզան» ստեղծվել է 1410-1455 թթ. ընդգրկող ժամանակահատվածում, այսինքնՙ այն նկարից շատ ավելի վաղ, որը մինչեւ վերջերս համարվում էր բնօրինակ: Հայտնի է, որ «Այզելուորդյան Մոնա Լիզա» անվանումը հեղինակային չէ: Ստեղծագործությունն այդպես է անվանակոչվել Լոնդոնի արվարձաններից մեկի պատվին, որտեղ հավաքորդ Հյու Բլեքերը պահպանում էր այն նախքան ամերիկացի գործընկերներից մեկին վաճառելը: Վերջինս իր կյանքի նշանակալի մասը օգտագործեց նկարի հեղինակին բացահայտելու նպատակով: |