RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2651, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՐԱՖՖԻ. ՍԱ ՍԻՐՈ ՊԱՅՔԱՐ Է

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ո՛չ Րաֆֆի, ո՛չ Սերժ, ո՛չ Ռոբերտ, ո՛չ Լեւոն: Այսուհետեւ միայն Հայաստան եւ հաղթանակ»: Ազատության հրապարակում հավաքված բազմությանը, որ բղավում էր «Րաֆֆի, Րաֆֆի», այսպես դիմեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՙ հայտարարելով, որ այս հավաքով սկիզբ է դրվում Հայաստանի հաղթանակի ճանապարհին: Երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիս-հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ օր ժամանակ էր տվել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի իր հետ հանդիպի եւ կազմակերպի իշխանության փոխանցումը ժողովրդին: Մինչ հանրահավաքի մեկնարկը Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Ս. Սարգսյանը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում:

«Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին ՀՀ 21-ամյա պատմության մեջ: Սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգեւորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում», ասել է նախագահի մամուլի խոսնակը:

«Մենք հաղթանակած ժողովուրդ ենք, այսօր եկել է այն պահը, երբ ես եւ դուքՙ բոլորս, պետք է մեղքեր քավենք եւ նայենք դեպի ապագան: Ես էլ ունեմ մեղքեր եւ այս պայքարի միջոցով կքավեմ հանուն մեր երկրի, հանուն մեր զավակների: Եթե մինչեւ ժամը վեցը չգա եւ ներողություն չխնդրիՙ պատասխան է տալու: Սա Սահմանադրություն է, ոչ թե ողորմություն: Սա սիրո պայքար է: Սա Սովետ չէ կամ Օսմանյան կայսրություն: Սա Հայաստանի Հանրապետություն է, որտեղ հանցագործը պետք է պատժվի, անկախ նրա պաշտոնական դիրքից,- ասաց Րաֆֆինՙ դիմելով բազմությանը,- դուք պատրա՞ստ եք: Պատրա՞ստ եք մնալ մինչեւ վերջ, պատրա՞ստ եք հանուն ազատ անկախ Հայաստանի»: «Այո, պատրաստ ենք», բացականչեց բազմությունը:

«Ես էլ եմ պատրաստ, ուրեմն սպասենք մինչեւ ժամը 6-ը», ասաց Հովհաննիսյանըՙ հավելելով, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում հաղթանակներ են տարել Վազգեն Մանուկյանը, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, սակայն այս անգամ հաղթանակը բարոյական չի լինելու եւ պատկանելու է ժողովրդին: Նա կոչ արեց քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներինՙ միանալ իրենց եւ առաջին անգամ տոնել ընտրված նախագահին:

Մինչ ժամը 6-ը Հովհաննիսյանը որդու եւ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ իջավ եւ ձեռքով սկսեց բարեւել հավաքված ժողովրդին: Այդ ընթացքում բեմահարթակ եկան ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, Տիգրան Խզմալյանը, Դաշնակցությունից Լիլիթ Գալստյանը, իսկ հանրահավաքին հեռվից հետեւում էին ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ու երգիչ Արթուր Իսպիրյանը:

Մեկ ժամ անց, երբ Բաղրամյան 26-ից որեւէ հայտարարություն չեղավ, Րաֆֆին կրկին բեմահարթակում էր: «Սա պայքար է, որ մեզ տանելու է դեպի հաղթանակ, այլեւս ոչ մի ողբ, լաց, կոծ, եւ նահանջ, ոչ մի ծոմ, մենք մեր երկրի, իշխանության տերն ենք: Միակ թագավորըՙ Սահմանադրությունն է, իսկ թիվ խփելու է ժողովուրդը: Մենք հարգելու ենք բոլորին, սակայն չենք ներելու նրան, ով խախտեց կամ յուրացրեց: Ես քրիստոնյա անձնավորություն եմ, սակայն դա ի՞նչ կապ ունի, երբ զույգ վեհափառները շնորհավորեցին կեղծված ընտրություններում հաղթանակ տարած մարդուն: Պուտինը պետք է լավ մտածի, ես ԱՄՆ-ում եմ ծնվել-մեծացել, որովհետեւ Ցեղասպանության վերապրածի թոռն եմ: Ով ժամանակից շուտ շամպայն խմեց, նա զղջալու է հայ ժողովրդի առջեւ: Ես գնալու եմ միայն հայ ժողովրդի ինագուրացիային»:

Դիմելով նախագահին եւ իշխանություններինՙ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն, ինչ անելու է ապագայում, անելու է ժպիտով, սիրով եւ բարությամբ: «Մեզ ասացին, որ վաղը այս հրապարակը «բրոնյա» է արված, եւ Սերժ Սարգսյանն այստեղ հանրահավաք է անելու: Մենք ամբողջ գիշեր այս հրապարակում կմնանք եւ կսպասենք, երբ նա գաՙ մենք կդիմավորենք եւ հենց այս հրապարակում կկազմակերպենք իշխանության փոխանցումը: Այդ բանակցությունները մենք կանենք այստեղՙ ձեր աչքի առաջ: Դուք պատրա՞ստ եք», ասաց Րաֆֆինՙ կրկին լսելով «այո» բացականչությունը:

Այնուհետեւ ելույթ ունեցան Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, «Ժառանգության» պատգամավորները: Րաֆֆին հայտարարեց, որ հանուն հաղթանակի պատրաստ են ոչ միայն օրեր, այլեւ շաբաթներ անցկացնել, որպեսզի սկիզբ դրվի նոր Հայաստանի պատմությանը: Նա հավելեց, որ նոր կառավարության կազմում հաստատ տեղ ունի Անահիտ Բախշյանը, որն իր ելույթում գրեթե լացելով հիշեց հոկտեմբերի 27-ն ու հայտարարեց, որ հավատում է միայն Րաֆֆիին եւ համոզված է, որ նա կբացահայտի հոկտեմբերի 27-ը: Րաֆֆին հավելեց, որ ինքը չի իշխելու, աշխատելու է, հաշվետվություն է ներկայացնելու, եւ իրենք ակնկալելու են միայն ազնվություն եւ ճշմարտախոսություն: Ձեռի հետ, ինչպես ասում են, Րաֆֆին նշանակեց իր ապագա կառավարության 2 անդամներիՙ Անահիտ Բախշյան եւ Նիկոլ Փաշինյան: Տեսնենք այսօր ինչ հավելումներ կանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ