«ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» Հ. ՉԱՔՐՅԱՆ Թուրքական լրատվամիջոցների ցանկատեսությունը հայատյացության երանգ է պարունակում ՀՀ նախագահական ընտրությունների նկատմամբ չունենալով նախորդ անգամվա շահագրգռությունը, թուրքական զանգվածային լրատվամիջոցները այնուամենայնիվ անտարբեր չէին: Նրանք ընտրություններին մոտենում էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից, պայմանավորելով դրանց բարելավումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի զիջումներով: Քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ բազմիցս վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն այս հիմնահարցերում, ուստի նախնական արդյունքների հրապարակումից հետո կտրուկ նվազեց թուրքական լրատվամիջոցների հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ: Այդ իսկ պատճառով էլ դրանք փետրվարի 19-ին բավարարվեցին զուտ արդյունքների պարզունակ շարադրմամբ, ընդ որումՙ համարելով Սերժ Սարգսյանի հաղթանակը տրամաբանական, թե դա արդեն կանխատեսելի էր: Նույնիսկ որոշ կայքէջեր նախորդ օրը գրեցին, որ հաղթանակի առթիվ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Սակայն փետրվարի 19-ի երեկոյան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդիՙ Ազատության հրապարակում կազմակերպած ասուլիսը, առավել եւս բավականաչափ սուր հայտարարությունները խիստ գայթակղեցին թուրքական լրատվամիջոցներին: Այն թերթերը, որոնք գրեթե անուշադրության էին մատնել Հայաստանի նախագահական ընտրություններըՙ արդյունքներով հանդերձ, պրն Հովհաննիսյանի հայտարարություններին անդրադարձան հենց առաջին էջում: Տվյալ դեպքում դրանց խնդիրը ոչ թե ընտրությունների արդյունքների ամփոփումն է, որքան վիճարկումն ու Հայաստանի ներքաղաքական լարվածության սրումըՙ կապված վիճարկումների հետ: Թերեւս թուրքական լրատվամիջոցներից պետք է առանձնացնել «Դունյա բուլթենի» գործակալությունը, որը երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում արած հայտարարություններին անդրադարձավ «Պարտվելն ու վերջնաժամկետ ներկայացնելը մեկ եղավ» վերնագրով: Ի դեպ, «Դունյա բուլթենին» իսլամամետ է եւ հարում է վարչապետ Էրդողանի կառավարությանը: Երեկ կայքէջում այս գործակալությունը նշել է, որ Հայաստանում ընտրություններից հետո թափ է ստանում արդյունքների վիճարկումը, ապա հակիրճ ներկայացրել ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, այնպես էլ Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը նախընտրական շտաբի անդամներին եւ ընտրողներին: Հենվելով «Անատոլու» գործակալության հաղորդագրության վրաՙ թուրքական NTV կայքէջը Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ օրվա հայտարարություններին անդրադարձավ բավական հանգամանալի: Թեեւ այս լրատվամիջոցը նախագահ Սարգսյանի շնորհակալական խոսքը ներկայացրել է մի քանի նախադասությամբ, բայց եւ այնպես մատնանշել է. «Մինչ Հայաստանում վիճարկում էին ընտրությունների արդյունքները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Սարգսյանին: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Սարգսյանին ասել է, որ ինքը վստահ է ռուս-հայկական հարաբերությունների ապագայի առումով»: Այս ամենը լուսաբանել է նաեւ հեռավոր Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը «Հետընտրական ճգնաժամ Հայաստանում» վերնագրով: Այս կայքէջի վերնագիրն արտահայտում է Թուրքիայի քաղաքական շրջանակների ցանկատեսությունը: Իսկ ենթավերնագիրըՙ «Իշխանությունը բուն տիրոջը հանձնելու համար 24 ժամ ունի», հայատյացության յուրատեսակ դրսեւորում էՙ պայմանավորված ՀՀ գործող նախագահի անձով: |