RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3108, Տպվել է` 149, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. ՄԻ ԱՆԱՎԱՐՏ ԷԹՆԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՊԱՏՄԱ-ԱԶԳԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)»

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ, Արեւելագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ

(Մոսկվա, Ռուսկայա պանորամա, 2012, 88 էջ, ռուսերեն)

Վերջերս Մոսկվայի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը (ՍԿՏՔՍՀԻ)ՙ «Կովկասյան հետազոտություններ» շարքով հրատարակել է պ.գ.թ. Թամարա Վարդանյանի «Ադրբեջանցիներ. Մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմա-ազգաբանական ակնարկ)» (Азербайджанцы: История одного незавершенного этнопроекта (историко-этнологический очерк) խորագրով մենագրությունը, որտեղ խորքային ուսումնասիրության են ենթարկված ադրբեջանցիների էթնիկ ծագմանն ու ինքնությանն առնչվող խնդիրները: Աշխատության գիտական խմբագիրն է պատմաբան եւ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, գրախոսներն են հումանիտար գիտությունների դոկտոր Ռասա Չեպայտենեն (Վիլնյուս, Լիտվա) եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արթուր Ցուցիեւը (Վլադիկավկազ, ՌԴ):

Գրքին նախորդում է երկու առաջաբանՙ մեկը հրատարակողի անունից գրել է ՍԿՏՔՍՀԻ-ի տնօրեն Վ. Զախարովը, մյուսըՙ գրքի գիտական խմբագիր Ա. Այվազյանը:

Իր նախաբանում Վ. Զախարովը նշում է, որ էթնոգենեզին վերաբերող ուսումնասիրությունները գիտության ամենաբարդ, սակայն, միեւնույն ժամանակ, ամենահետաքրքրական խնդիրներից են: Այդ տեսանկյունից նա մեծապես կարեւորել է Թ. Վարդանյանի հետազոտությունը «ադրբեջանցի» էթնոնիմի վերաբերյալ, «որը դեռ 100 տարեկան էլ չէ»: Հատկանշական է, որ Զախարովն անդրադարձել է գիտական եւ քաղաքական առումով կարեւոր հարցի, այն էՙ Բաքվում իրականացնող պատմության կեղծման երկակի ուղղությանըՙ մի կողմից ադրբեջանական էթնոսի պատմությունը` «հնացնելուն», մյուս կողմից` հարեւան Հայաստանի պատմությունն աղավաղելու արատավոր ավանդույթին: Զախարովը նաեւ նշում է, որ ֆինանսական մեծ ներդրումներով կյանքի կոչվող նմանօրինակ կեղծգիտական հրատարակություններն արդեն վաղուց չեն արժանանում ո՛չ արեւմտյան, ո՛չ ռուսական գիտական հանրույթի ուշադրությանը, դրանք նաեւ չեն ներառվում կովկասագիտական հետազոտությունների աղբյուրագիտության մեջ:

Ա. Այվազյանն իր նախաբանում նկատում է, որ Թ. Վարդանյանի մենագրությունը «մեթոդաբանական տեսակետից միջառարկայական է, այն պատմագիտական ու ազգաբանական նշանակության հետ մեկտեղ, ունի նաեւ քաղաքագիտական արժեք»: Այվազյանն այս աշխատությունն իրավացիորեն գնահատում է որպես ադրբեջանցիների ծագումնաբանությանը (էթնոգենեզին) նվիրված մի յուրահատուկ «քրեստոմատիաՙ հիմնված սկզբնաղբյուրների, գիտական գրականության եւ մամուլի մանրակրկիտ վերլուծության վրա»:

Գրքի հեղինակ Թ. Վարդանյանը հետազոտության մեջ հանդես է բերել գիտական բարեխղճություն, իր աշխատանքն ամրագրել է բազմաթիվ ու բազմալեզու արժեքավոր սկզբնաղբյուրներով եւ գիտական գրականությամբ: Հեղինակը հանգամանորեն քննարկել է իրանական, թյուրքական, կովկասյան եւ առհասարակ իսլամական ազդեցությունները ադրբեջանական ինքնության ձեւավորման հարցում, ուսումնասիրել ադրբեջանցիների ծագումնաբանության գործընթացը, ինքնանվանման (էթնոնիմի) փնտրտուքն ու բովանդակությունը, ադրբեջանական ինքնության բաղադրիչները թե՛ նոր, թե՛ նորագույն շրջաններում, խնդրի վերաբերյալ տարբեր հեղինակավոր հետազոտողների տեսակետները, նաեւ` 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին տասնամյակներին առկա աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք ի վերջո նպաստեցին Ադրբեջան պետության ու որպես հետեւանքՙ ադրբեջանական ազգի ստեղծմանը:

Մենագրության հեղինակը փորձում է գիտականորեն ապացուցել, որ էթնոգենեզի ադրբեջանցիների օրինակն արդյունք է «ոչ թե էթնոսի ազգայնացման, ինչպես ընդունված է կարծել, այլ` ազգի էթնիկացման»: Հեղինակի կարծիքով` «ադրբեջանական էթնոս», «ադրբեջանցիների էթնիկ տարածք» եւ «էթնիկ ադրբեջանցի» եզրերը գիտականության տեսանկյունից ավելի շատ միֆոլոգեմներ են (ինչպես օրինակ` «սովետական մարդ» կամ «եվրոպական ինքնություն»): Խնդիրն այն է, որ տարբեր էթնոլեզվական, կրոնական, նույնիսկ ռասայական բաղկացուցիչներ ներառող «ադրբեջանական էթնոսի» ձեւավորման գործընթացը դեռեւս ավարտված չէ: Ադրբեջանական ինքնության ձեւավորման ճանապարհին կարեւոր դեր է խաղացել անցումը իրանականությունից դեպի թյուրքականություն, սակայն այդ գործընթացն էլ կասեցվել է խորհրդայնացմամբ եւ նորՙ ադրբեջանական ինքնության հռչակմամբ: Ադրբեջանական ինքնությունն, ըստ էության, կայացման փուլում է, իսկ նրա կորիզը համարվող թյուրքականությունը` վիճարկվում է անգամ նույն Ադրբեջանում:

Թեեւ Ադրբեջանին ու ադրբեջանցիներին նվիրված աշխատությունների պակաս չկա, սակայն Թ. Վարդանյանի բարձրացրած հարցերն ու առաջարկած լուծումները նորույթ են: Փաստորեն, առաջին անգամ փորձ է կատարվել ադրբեջանցիների էթնիկ ինքնության կառուցակցման բարդ գործընթացները քննել էթնոսի վերաբերյալ ժամանակակից տեսությունների լույսի ներքո եւ ադրբեջանցիների ծագումնաբանությունը ներկայացնել փաստարկված, հիմնավորված, կուռ եւ ամբողջական հայեցակարգի տեսքով:

Թամարա Վարդանյանի նշված աշխատանքը, որ նախատեսված է ինչպես մասնագիտական շրջանակների (պատմաբանների, արեւելագետների, ազգագրագետների, քաղաքագետների), այնպես էլ ընթերցող լայն հանրության համար, կարեւոր ներդրում է կովկասագիտական հետազոտությունների ոլորտում: Աշխատանքի շահեկան կողմերից մեկն էլ այն է, որ գիրքը գրված է ռուսերենով եւ կարող է լավագույնս հակազդել այն բազմաթիվ կեղծգիտական թեզերին, որոնք հետեւողականորեն առաջ են մղվում Ադրբեջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ